Սեպտեմբերի 2-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար:
Ս. Պատարագին և հոգեհանգստին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մաամուն Ալ-Հարիրին, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ և ուխտավորներ:
Մինչ արարողությունը Սիրիայում տիրող կացությանն ու սիրիահայ համայնքին անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` ցավ արտահայտելով Սիրիայում շարունակվող հակամարտության առիթով և հանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ցավակցություններ հայտնելով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: «Հայ Առաքելական Եկեղեցին, որ Քրիստոսի խաղաղության Ավետարանի քարոզիչն է, մշտապես երկխոսության և համերաշխության կոչով է հանդես գալիս», - ասաց Սրբազան Հայրը`ընդգծելով Մայր Աթոռի և Դամասկոսի հայոց թեմի կողմից Սիրիայի ժողովրդին աջակցելուն ուղղված քայլերը և ձեռնարկված միջոցառումները:
Հոգեհանգստյան պաշտոնի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Սիրիայում տարբեր կրոնների ու մշակույթների խաղաղ ու համերաշխ գոյակցության հարուստ պատմությանը` գոհունակությամբ հիշատակելով հայ համայնքի նկատմամբ դարերի ընթացքում և մասնավորապես ցեղասպանության օրերին Սիրիայի իշխանությունների և ժողովրդի կողմից դրսևորված եղբայրական հոգատար վերաբերմունքը: Իր մտահոգությունն արտահայտելով Սիրիայում ստեղծված իրավիճակի առիթով` Վեհափառ Հայրապետը կարևորեց Սիրիայում խաղաղության, ներքաղաքական կայունության ու հասարակական համերաշխության շուտափույթ հաստատումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հույս հայտնեց, որ Բարձրյալի օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը կհաղթահարի ներկայիս դժվարությունները և կվերադառնա իր կյանքի բնականոն ընթացքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/416290401767578
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել