* * *
- Մա´մ, գնում եմ,- դռան մոտից բղավեց ու ներս մտավ:
- Բայց տարեկետում ունեիր, չէ՞: Հայրդ էլ փող չուղարկեց:
- Մա´մ, ամեն ինչ լավ կլինի: Ես սերժանտ եմ լինելու, հեշտ կանցնի, մի´ մտածիր:
- Ամեն ինչ այդ փչացածից սկսվեց: Քի՞չ աղջիկ կա, Արմա´ն ջան, ինչու՞ սխալվեցիր…
- Լա´վ էլի, մա´մ ջան, ճակատագիր է: Դե, ուրիշին ընտրեց, ես ի՞նչ անեմ: Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք:
- Ե՞րբ ես գնում,- կոտրված էր ձայնը:
- Տասնութին: Ամեն ինչ լավ կլինի:
- Երկու օրի՞ց…
* * *
- Փարիշա´, ոչխարը գո´մն արա, ի՞նչ ես շշմել, կանգնել: Հիմա էլ եղբայրդ չկա, դու ես ամեն ինչ անելու:
Պատերազմ կոչված մահվան վկայականը գրանցվել էր նաև հայ-ադրբեջանական սահմանի այս քրդական գյուղում:
Բեհմենիքենդից միայն երկուսը չկային` Փարիշայի հայրը` Դինդարը և եղբայրը` Ազոն:
Հոր մահվան բոթն ստացել էին երեք ամիս առաջ: Մահացել էր հայերի դիպուկահարի գնդակից, իսկ եղբոր մասին լուր չկար:
- Օ, հո-հո~, օ, հո~-հո~,- լուռ, հնազանդ ոչխարները մեկիկ-մեկիկ մտնում էին փարախը:
Սեփական ձայնն արձագանքվում էր մոտակա լեռներից Փարիշայի եղբոր ձայնով.
- Օ, հո-հո~, օ, հո~-հո~,- ~….
Վերջին ոչխարը դեռ չէր մտել փարախ, երբ նկատեց հեռվից փոշու ամպ բարձրացնելով մոտեցող մի զինվորական մեքենա:
Մեքենայից իջան երկու ադրբեջանցի սպաներ`փայլուն, շողշողացող կոճակներով համազգեստներով:
- Ազոյենց տո՞ւնն է,- ադրբեջաներեն հարցրեց նրանցից մեկը:
- Հա,- չգիտես ինչու` հայերեն պատասխանեց Փարիշան:
Երևաց մայրը:
- Աչքերս քոռանան, բա՞ն է պատահել տղայիս:
- Դու Ազոյի մե՞րն ես, ա´յ լիրբ: Բեյզա՞ն ես,-հարցրեց մյուսը:
Հետո`արդեն տանը պատմեցին, որ Ազոն ինքնաձիգն անզգույշ օգտագործելուց վիրավորել է մի ազեր զինվորի ու հիմա ռազմական ոստիկանությունում է: Երկու հազար դոլար փող է հարկավոր ազատելու համար:
Ո´չ Փարիշան, ո´չ էլ մայրը այդքան փող երբեք չէի ունեցել:
- Ախչի´, դու խի՞ հայերեն պատասխանեցիր: Գիտե՞ս գյավուրների լեզուն:
- Գիտեմ, մեզ մոտ քրդական դպրոց չկա, ես հայկական եմ գնացել մինչև յոթ դասարան:
- Լա´վ է, խոսելու բան կա…պիտի չսխալվես, հասկացա՞ր:
* * *
Պատերազմական գործողությունների այդ տեղամասը մեծ նշանակություն ուներ:
Հիսուն երկու հոգի էին:
Պահում էին Սպայակույտի թիկունքը միաժամանակ և´ Իրանի, և´ Ադրբեջանի կողմից: Ու պատահական չէր, որ հրամանատարի մականունը զինվորների շրջանում <Մառոզ> էր` իր խստության համար:
Հինգ կիլոմետր շառավղով բնակչություն չկար, եղեգնուտներ էին ու անտեր գերեզմաններ:
Ամբողջ գիշեր հերթապահ զինվորները` չորս հոգով` երկու զույգով, իրար հակառակ ուղղությամբ պտտվում էին տեղամասի շուրջը երեք կիլոմետր շրջանագծով մինչև առավոտյան ժամը չորսը: Հետո նրանց փոխում էին մյուսները:
Սխալվելու իրավունք չկար:
Գինը չափազանց մեծ էր` հիսուներկու կյանք:
Օրն այստեղ սկսվում և ավարտվում էր ոչ սովորական`ժամը 20.00 –ին:
- Շարվի´ր:
Այստեղ շարվելը ուղիղ գծով չէ, այլ ծառերի տակ` քողարկված:
- Կիրակոսյա´ն, այսօր գնում ես Վաչիկի հետ ժամսլաքի ուղղությամբ, հակառակ ուղղությամբ գնում են Ասլանյանն ու Գարիկը:
- Պարո´ն մայոր, այսօր Մարջանլիից սնունդ բերելու օրն է: Գարիկը Ձեզ հետ է գալու:
- Ասլանյան Աշոտի հետ կուղարկես նորեկներից մեկին, արդեն երեք օր է այստեղ են:
- Արմանին ուղարկե՞մ:
- Հատուկ կզգուշացնես, որ սխալվել չկա:
* * *
Գիշերով ամայի տարածքով շրջելը նման է գաղտագողի դժոխքի միջով քայլելուն. ականջներդ սրած, աչքերդ չորս արած և ամբողջ մարմինդ ձգված ու պատրաստ ցատկելու կամ հետ` դեպի յուրայիններ (ու հաստատ մեջքիդ գնդակ կստանաս) կամ առաջ` դեպի առյուծի բացված երախը…
Առաջին օրն ամենածանրն է նորեկների համար, չնայած վախից ու լարումից կարող են տեսնել այն, ինչը հին ծառայողը կարող է և չնկատել:
<Լավ է ցույց չտամ, որ վախենում եմ, միգուցե սուլեմ ինչ-որ եղանակ>,-Արմանը չգիտեր ինչպես քողարկեր վախը:
- Հո հիմար չե՞ս, ի՞նչ ես սուլում, գիտե՞ս քանի կիլոմետրից է լսվում:
- Դե´ լավ, Ա´շ, ի՞նչ լարվել, չե՞ս զգում, որ մարդ չկա:
Անցնում էին գերեզմանների մոտով: Լուսինը պարզ լուսավորում էր: Սարսափելի էր:
Հանկարծ Արմանը ստվեր նկատեց գերեզմանաքարերից մեկի մոտ, քաշեց Աշոտի թևն ու ցույց տվեց դեպի գերեզմանի խորքը:
- Կարող է ոզնի՞ էր կամ մոլորված ոչխար,- շշնջաց Աշոտը:
- Մոտենա՞նք:
Պետք չէր ցույց տալ, որ վախենում է: Բայց իրոք որ սարսափելի էր Արմանի համար:
Մոտեցան:
Մի աղջիկ էր` կքանստած քարի մոտ, գյուղացի մի աղջիկ:
Ինքնաձիգն ուղղած` առաջինը մոտեցավ Աշոտը:
- Վե´ր կաց, այնպես, որ ձեռքերդ երևան:
Արմանը շուրջն էր նայում:
Աղջիկը կանգնեց: Մուգ, շատ մուգ գույնի աչքեր ուներ, սև մազեր` խնամքով հավաքած ծործրակին:
Վայրի գեղեցիկ էր:
-Չսպանե´ս: Ես մամայիս գերեզմանին եմ եկել,- ցույց տվեց գերեզմանաքարը,-այսօր մահանալու տարին է, գիշերով եկա, որ չհանդիպեմ ոչ մեկին:
Արցունքները թափվում էին:
- Ես հաճախ եմ լինում այստեղ: Բեհմենիքենդից եմ`Դինդարի աղջիկը: Հայրս էլ, եղբայրս էլ զոհվել են…քանի~ անգամ եմ եկել, բայց դեռ ոչ ոք չէր նկատել ինձ:
Երբ երեքով մոտեցան ուղեկալին, հերթապահ զինվորն աշտարակից ցած իջավ: Հեռվից տեսել էր, որ երեք հոգի են մոտենում:
- Լրտե՞ս եք բռնել,- ծիծաղեց, - մեդալ եք ստանալու, Աշո´տ:
- Լա´վ, քի´չ խոսիր, ամեն դեպքում թող մնա, առավոտյան կթողնենք կգնա, համ էլ Մառոզը եկած կլինի: Բե´ր կապտյորկայի բանալին, թո´ղ գիշերն այնտեղ մնա: Դուռը կփակենք, մե´ղք է, թո´ղ քնի:
Աղջիկը հեծկլտում էր:
Արմանը բացեց պահեստի դուռը: Դե, պահեստում կարտոֆիլից ու կեղտոտ սպիտակեղենից բացի ոչինչ չկար:
Աշոտն աղջկան հրեց ներս:
- Ես վախում եմ մթությունից, խնդրում եմ…
- Լա´վ, Արմա´ն, միացրո´ւ քողարկված լույսը, դեռ չորս ժամ կա լուսանալուն, գեներատորը կհերիքի: Դու էլ դռան մոտից չհեռանաս: Ես քեզ մի երկու ժամից կփոխեմ: Բանալին չկորցնե´ս:
Լռությունը մեռած մարդու նման սուս էր ու տանջալից տխուր ձեռքերով փակում էր Արմանի աչքերը, շոյում քունքերը ու լուռ օրօր էր ասում ականջին:
… Բացեց դուռը: Թույլ լույսի տակ տեսավ աղջկան`կեղտոտ սավանների վրա պառկած:
Մոտեցավ, պառկեց կողքը: Աղջիկն իր սև ածուխ աչքերով նայում էր:
Հետո սկսեցին խոսել: Պատմում էր աղջիկը, հետո Արմանը սկսեց պատմել: Հետո էլ, չգիտես ինչու, սկսեցին միասին լաց լինել:
Արմանը չհասկացավ, թե ինչպես ձեռքը ձգվեց ու շոյեց աղջկա կուրծքը ,հետո սահեցրեց ձեռքը… Աղջիկը մերկ հայտնվեց իր գրկում: Համբուրեց վայրի մեղրի համ ունեցող շրթունքները, ձիգ ու բաղձալի կրծքերը, փորը…լսեց աղջկա շշնջոցը. <Էլի եմ ուզում, էլի>…
Հասկացավ, թե ինչ քաղցր բան է կյանքը, երբ սավառնում ես, սավառնում ու վայրէջքդ լինում է կնոջ գրկում, հետո էլի ես սավառնում…Ու հաճույքով փակեց աչքերը:
Երբ արթնացավ, չհասկացավ, թե ինչքան է քնել: Ձեռքը պարզեց դեպի…
Փարիշան չկար: Պահեստի դուռն էլ`բաց:
Վազեց, արթնացրեց Աշոտին:
Չգիտեր, թե ինչ է կատարվում: Ամեն ինչ մշուշի մեջ էր:
- Հարցրեց զուգարանի տեղը, գնաց այն կողմ մի քսան րոպե առաջ,- ասաց աշտարակի վրայի զինվորը:
- Արմա´ն, քաշվա´նք, շո´ւտ արա, մի երկու-երեք ժամից Մառոզը կգա, կորա´նք: Ես վազեմ դեպի գետը, դու` դեպի գերեզմանների կողմը: Կհանդիպենք խաչմերուկում:
Լուսանում էր:
Գերեզմաններին չհասած լսեց ցածր խոսակցություն:
Կռացավ, զգույշ մոտեցավ, գլուխը գետնից բարձրացրեց ու տեսավ Փարիշային մի զինվորականի հետ խոսելիս`մեջքով դեպի իրեն: Խոսում էին ադրբեջաներեն:
Արմանը բան չէր հասկանում, բայց սպասում էր:
- Դե, ասա´, քանի՞ հոգի են: Փողը չես ստանա, թե որ խաբես:
- Հիսուներկու հոգի են, ամեն չորս ժամը մեկ պակասում են ութ հոգով:
- Խաբու՞մ ես: Տո´, պոռնի´կ, գիշերով ո՞նց իմացար:
- Պահեստում հարյուր չորս սավան էր, մեկը տակը գցելու, մյուսը` վրան, հիսուներկու բարձի երես, ի´նքդ հաշվիր: Դե, տո´ւր փողը: Ես դեռ պետք է հասնեմ ռազմական ոստիկանություն: Դու խոսք ես տվել:
Սպան գրպանից հանեց փողի տրցակը, հետո ձեռքը գցեց ու աղջկա ուսի կողմից քաշեց պոկեց շորը: Աղջիկը ձեռքով ծածկեց բաց կուրծքը…
- Դու, որ չտաս, բա ես քեզ կտա՞մ,- ծիծաղեց սպան ու ընկավ աղջկա վրա` փորձելով բարձրացնել շրջազգեստը:
Ձեռքի փողերը թափվեցին գետնին: Աղջիկը դեռ դիմադրում էր, երբ վրա հասած Արմանը ինքնաձիգի կոթով հարվածեց սպայի գլխին ու ոտքով հրեց:
Սպան գլորվեց կողքի: Գոտուց ատրճանակն էր կախված ու զինվորական դանակը:
Աղջիկը վեր թռավ պառկած տեղից, փաթաթվեց տղային, արագ-արագ սկսեց համբուրել այտերը, վիզը, շրթունքները… Տղայի ձեռքից ընկավ ինքնաձիգը:
Փարիշան արագ կռացավ, սպայի գոտկատեղից քաշեց դանակն ու բարձրանալիս խրեց տղայի սիրտը:
Փարիշան հավաքեց գետնին թափված փողերը. <Ազո´ ջան, ցավդ տանեմ: Դու կգաս տուն>: Հեռացավ առանց հետ նայելու:
* * *
Երբ հրամանատարը զինվորների հետ մտավ գերեզմանոց տեսավ , միայն արյան մեջ ընկած զինվորին:
Լուռ էին:
- Ո՞րն է այդ աղջկա մոր գերեզմանը, Ասլանյա´ն:
- Սա´ էր,- մատով ցույց տվեց Աշոտը:
Գերեզմանին գրված էր` <Ակմուխամեդով, Նուրմուխամեդ Աբդուլ Սադիկ օղլի>
- Քանի անգամ եմ ասել` սխալվելու իրավունք չկա: Սա տղամարդու գերեզման է,-դառնացած ասաց հրամանատարը:
* * *
Հաջորդ օրը նամակ եկավ Արմանին:
<Արմա´ն ջան, ցա´վդ տանեմ, տղա´ս, ի´մ միակ մխիթարանք: Չպետք է գրեի, բայց չեմ կարողանում հանգստանալ: Երեկ հայրդ փող էր ուղարկել ու նամակ, որ փողը հասցնենք ինչ-որ Գուրգենի` քեզ բանակից ազատելու համար….
…Քեզ լա´վ նայիր, Արմա´ն ջան, հանկարծ չհիվանդանա´ս…
…Չէի ցանկանում գրել, բայց պետք է, որ իմանաս: Հայրդ կապվել է մի ռուս կնոջ հետ, էլ չի վերադառնալու: Հանկարծ չսխալվես ու գրես հորդ: Դու իմ միակ հույսը մնացիր…
Աստվա´ծ իմ, ե՞րբ ես գալու տուն…
Համբուրում եմ, տղա´ս: Չտխրե´ս: Կապրե´նք, ի՞նչ է եղել որ…>