Galatv.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանն ընդգծում է, որ իր երկիրը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է սպասում Թուրքիայից,- գրում է Պաոլո Վալենտինոն Corriere della Sera թերթում հրապարակված հոդվածում:
«Հայաստանը հետաքրքրված է Արևելքի ու Արևմուտքի միջև համագործակցությամբ: Փորձելով խաղալ որոշումներ կայացնող համաշխարհային խոշոր կենտրոնների միջև հակասությունների վրա՝ փոքր երկրները լրջորեն ռիսկի են դիմում: Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք ռազմավարական և տնտեսական հարաբերություններ, Մոսկվայի հետ մենք մտնում ենք հավաքական անվտանգության համակարգի մեջ: Բայց միևնույն ժամանակ մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց հարաբերություններում լարվածության դեմ հանդիման մենք ընտրություն ենք կատարում չմիջամտելու օգտին: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք կոնկրետ հարցերի շուրջ»,- Corriere della Sera թերթի լրագրողին տրված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
Այդ քաղաքականության օրինակ կարող է հանդիսանալ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկությունը,- նշել է Սարգսյանը: Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն է նույն կերպ վարվել: «Ինչպես ձեզ հայտնի է, դեռևս առկա է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, տարածաշրջանի, որի բնակչության մեծամասնությունը հայեր են: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախ է հայտարարվել: Մեզ համար ազգերի ինքնորոշումը հիմնարար սկզբունք է: Մենք մերժում ենք այն մոտեցումը, համաձայն որի՝ բոլորի կողմից ճանաչված սկզբունքն իրագործելու համար պետք է թույլտվություն հարցնել»,- ասել է Հայաստանի նախագահը:
«Ես հիշում եմ, թե ինչպես էր ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում Եվրոպան լիովին աջակցում ազգերի ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, նույն Ուկրաինան անկախ դարձան այդ գործընթացի արդյունքում: Մի՞թե մենք պետք է այդ իրավունքին աջակցություն ցուցաբերենք լոկ այնպիսի խոշոր տարածքային միավորումների պարագայում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, իսկ ավելի փոքր միավորների պարագայում՝ ո՞չ: Արժե հիշել Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն չկա Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի միջև»,- հայտարարել է Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



