1in.am-ը գրում է․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բելգիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենը:

-Տիկին Վերսելեն, հետխորհրդային երկրների բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝  հայեր տարբեր պատճառներով  քաղաքական ապաստան  են հայցում Եվրամիության անդամ երկրներից՝ Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա: Երբ հայտնաբերվում է, որ նրանց կացությունն այդ երկրներում ապօրինի է, ի՞նչ է նրանց սպառնում:

-Այո՛,կան շատ հայեր, որ գալիս են Եվրամիության անդամ երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, և ապաստան հայցում: Բայց այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են քաղաքական ապաստան ստանալու համար՝ գործնականորեն պատճառ չեն և ապաստան ստանալու հիմք չեն կարող լինել: Հայերը հիմնականում գալիս են տնտեսական և ոչ քաղաքական պատճառներից ելնելով, հետևաբար ապաստան ստանալ չեն կարողանում, և ամեն ինչ ավարտվում է բացասական պատասխանով: Նրանք պարզապես չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիայի սկզբունքներին:

-Մենք ունենք այսպիսի մի տեղեկություն, որ շատ հայեր Եվրամիության անդամ երկրներում  փոխում են իրենց ազգությունը՝ նույնիսկ քուրդ, թուրք ու ադրբեջանցի ներկայանում՝ ապաստան ստանալու համար:

- Առաջին փուլում գուցե  մենք չենք ունենում  կոնկրետ փաստեր  ապաստան հայցողի ինքնության մասին։ Բայց երբ հաջորդ փուլերում հայտնաբերվում է՝ բացասական պատասխան են ստանում և ետ ուղարկվում իրենց երկիր:

Ըստ Ժնևի կոնվենցիայի՝ դու կարող ես քաղաքական ապաստան ստանալ՝  5 տարբեր պատճառներից ելնելով՝ ռասայական խտրականության, ազգության, կրոնական, քաղաքական  հալածանքների կամ խմբի պատկանելության պատճառներով: Այս 5 սկզբունքներն են, որ բոլոր մարդկանց համար նույնն են: Բոլոր երկրներում էլ քո դիմումը նայելիս՝ այս 5 սկզբունքների վրա են ուշադրություն դարձնում։ Իհարկե, եթե դու եկել ես Սիրիայից, ապա քաղաքական ապաստան ստանալու հավանականությունը 100 տոկոս է, որովհետև բոլորն աշխարհում գիտեն, որ Սիրիայի ժողովուրդը շատ է տառապել: Բայց երբ դու գալիս ես Հայաստանից, հավանականությունը համարյա 0 է, որովհետև բոլորը գիտեն, որ Ձեր երկիրը քաղաքականապես ապահով է: Եվ ընդհանրապես մենք գիտենք, որ Հայաստանից գալիս են ոչ թե կրոնական, քաղաքական և այլ հալածանքների պատճառով, այլ տնտեսական խնդիրներից ելնելով:  Բայց տնտեսական  խնդիրներից ելնելով ապաստան ստանալու հասկացություն գոյություն չունի:

Ինչպե՞ս են հիմնականում հայերը  բացատրում իրենց ապաստան ստանալու  ցանկությունը: Մենք  գիտենք, որ շատերը նաև բժշկվելու համար են գնում, որովհետև, օրինակ, Բելգիայում բժշկությունն անվճար է, կամ եթե նույնիսկ անվճար էլ չէ, ապա հաստատ ավելի  մատչելի է, քան Հայաստանում:

Չկա առողջական խնդիրների, բժշկվելու ապաստան հասկացություն: Եթե դու ունես առողջական խնդիր, դու, իհարկե, կարող ես գալ Եվրոպական միության անդամ երկիր, բայց այն դեպքում, երբ ունես մուտքի այցագիր, այսինքն՝ դու կարող ես դա անել օրինական ճանապարհով: Եթե դու ունես այնպիսի հիվանդություն, որը չի կարող բուժվել Հայաստանում և դու գիտես բժիշկ, որ կարող է բուժել այդ հիվանդությունը Եվրամիության անդամ որևէ երկրում, և նա երաշխավորում է, որ կարող է բուժել քո հիվանդությունը, ուրեմն  դու գնում ես դեսպանատուն կարճաժամկետ կամ երկարաժամկետ մուտքի այցագիր ստանալու համար: Եթե քո դիմումը բավարարվում է, ապա դու կարող ես գնալ այդ երկիր բուժվելու:

Այդուհանդերձ, կան շատ դեպքեր, երբ հայերը անօրինական ճանապարհների են դիմում քաղաքական ապաստան ստանալու համար: Ինչպե՞ս  են այս ամենից տուժում այն բոլոր ՀՀ քաղաքացիները, ովքեր օրինական ճանապարհով դիմում են դեսպանատուն մուտքի այցագիր ստանալու և  ինչ-որ պատճառով Եվրամիության անդամ  երկիր մեկնում, օրինակ՝ լրագրողներ, մարզիկներ:

-Դուք երկու հարց տվեցիք, առանձին-առանձին պատասխանեմ:

Երբ որևէ մեկը խնդրում է կարճաժամկետ մուտքի այցագիր, ապա պետք է անձնագիր ներկայացնի դեսպանատուն, և այնտեղ էլ պարզվի, որ տվյալ անձը որևէ խնդիր չի ունեցել: Բացի այդ, պետք է ապացուցես, որ դու իսկապես հենց այդ նպատակով ես մեկնում՝ որպես տուրիստ, թե այլ,  պետք է նաև ապացուցես, որ ունես բավարար գումար, որպեսզի կարողանաս հոգալ քո ծախսերն այդ երկրում: Եթե նրանք տեսնեն, որ անօրինական միգրացիայի ռիսկ կա, ապա լրացուցիչ հարցեր կտան, որպեսզի պարզեն՝ այդ  մարդը հետո կվերադառնա՞, թե՞ ոչ: Եթե տեսնեն, որ ռիսկեր կան, և բերված պատճառաբանությունը չի բավարարում, ապա վիզայի տրամադրումը կարող է մերժվել: Հայաստանն ունի շատ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ խախտել են օրենսդրությունը, և բնական  է, որ նրանք չեն ստանա մուտքի այցագիր:

Դուք հարցրեցիք նաև լրագրողների, մարզիկների մասին: Հայաստանն  ու Եվրամիությունը  Ռեադմիսիայի համաձայնագիր են ստորագրել, որով այդ դասի մարդկանց համար  բոլոր գործընթացները դյուրացված են, և այս դեպքում շատ ավելի հեշտ է մուտքի այցագիր ստանալը:

-Տարեցտարի աճո՞ւմ է այն մարդկանց թիվը, որոնք քաղաքական ապաստան են խնդրում, թե՞ հակառակը՝ նվազում։

-Քիչ թե շատ ստաբիլ վիճակ է: Գուցե նաև Ֆրանսիայում Բելգիայում և Գերմանիայում հայերի թիվը նվազումէ, դա դրական երևույթ է: Մարդիկ գնալով  ավելի գիտակցված են դառնում և ավելի  շատ գիտելիքներ են ձեռք բերում՝ այդ բոլոր գործընթացներն անցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել