Orer.am-ը գրում է․
Զոհված զինծառայող Սարգիս Մովսիսյանի անունով այսուհետ կկոչվի զինծառայողի հայրենի՝ Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը:
Նա օգոստոսին վիրավորվել էր հակառակորդի դիվերսիան հետ մղելու ժամանակ, ինչից մեկ օր անց հոսպիտալում մահացել: Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ գյուղը դեռ ազատամարտի տարիներին է ակտիվ մասնակցել սահմանների պաշտպանությանը.
«Պիտի ասեմ, որ մեր գյուղի տղաներն «Արաբո» ջոկատի կազմում 1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում անհայտ կորել են: Երեք երիտասարդ էին: 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, իսկ 1994թ.-ին` ևս մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան դասարաններ պիտի ունենանք: Տարիներ անց՝ 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ՝ գյուղի Մշակույթի տան բակում բացվեց ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան»,- ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ նույն տարում էր, որ դպրոցի աշակերտները որոշեցին այդ հուշարձանի շրջակայքում այգի ստեղծել:
«Ծառեր տնկեցին, մշակեցին ու հիմա այնտեղ այնպիսի մի այգի է, որ անգամ հուշարձանը չի երևում»,- ասաց Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ Սարգիս Մովսիսյանն այս պատմության կրողն էր:

«Սարգիս Մովսիսյանը դպրոց ընդունվեց 2000թ.-ին: 2010թ.-ից սկսեց սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո՝ 2012թ.-ին, զորակոչվեց բանակ: Հիշում եմ՝ ավարտել էր արդեն, մի տարի անց եկավ մեզ մոտ: Դե սովորելու ընթացքում աշակերտի նման էի իրեն նայում ու այդքան ուշադիր չէի, իսկ արդեն մեկ տարի անց, ես տեսա, որ ֆիզիկապես մի առնական տղամարդ էր դարձել: Ասեցի՝ «Սարգիս ջան, ինչպե՞ս ես»: Ասեց՝ «Ընկեր Պետրոսյան, ամեն բան լավ է: Ապագա զինվորն այնպես պետք է լինի, ինչպես որ ես եմ պատրաստվել»,- ասաց դպրոցի տնօրեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



