Tert.am-ը գրում է․

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ սկսում են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ պետությունն այսօր պատրաստ է «Այբ» կրթական հիմնադրամի հաջողված փորձը տարածել ՀՀ տարածքում: Նա տեղեկացրեց, որ ծրագրի իրականացումը բաղկացած է մի քանի փուլից:

«Առաջին փուլում «Այբը» իր յուրահատուկ բովանդակությամբ անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց և ստանալու միջազգային կրթական ծրագրի կարգավիճակ: Երկրորդ փուլում՝ արդեն իսկ սերտիֆիկացված կրթական ծրագրի հիման վրա վերապատրաստվելու են մանկավարժներ, երրորդ փուլում՝ այդ մանկավարժները մտնելու են աշխատելու դպրոցներում: Նոր ծրագրով աշխատող դպրոցների ցանկը որոշելու է ՀՀ կառավարությունը: Այդ դպրոցները առաջին փուլում, որը տևելու է 3-5 տարի, ընդգրկելու են այսօր գործող 12 ավագ դպրոց՝ մեկական յուրաքանչյուր մարզից և երկուսը մայրաքաղաքում, Ծրագրի շրջանակում վերապատրաստման համար արտոնություններ կստանան հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ դա, սակայն, չի նշանակում, որ այլ դպրոցների մանկավարժներ չեն կարող մասնակցել ծրագրին:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչները ստանալու են առավել բարձր աշխատավարձ՝ մոտ 400 հազ. դրամ:

«Այս աշխատավարձը ոչ միայն գնահատական է լինելու նոր աշխատանքի, այլև խրախուսանք բոլոր մանկավարժներին՝ ավելի լավ աշխատելու և մոտիվացված լինելու նորագույն տեխնոլոգիաները օգտագործելու դասավանդման պրոցեսում»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե հաշվի առնվել են կոռուպցիոն ռիսկերը նման բարձր աշխատավարձի պարագայում, նախարարը վստահեցրեց, որ տրվող որևէ սերտիֆիկատ հավերժ չի լինելու և թերությունների առկայության դեպքում մանկավարժը կզրկվի դրանից: Հետևաբար կոռուպցիոն ռիսկերը նվազեցված են:

Նշենք, որ ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կտրամադրվի 2 մլրդ դրամ և 2015թ-ին 5 դպրոց արդեն կաշխատի հենց այս ծրագրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել