Չինաստանի առավել հայտնի տեսարժան վայրերից մեկը Չինական Մեծ Պարիսպն է, սակայն նրանից բացի Չինաստանում գոյություն ունի զարմանալիորեն ավելի քիչ հայտնի բայց ամեն դեպքում զարմանահրաշ թրծակավ բանակը: Բանակն իր մեջ ներառում է թրծակավ զինվորների և ձիերի 8099 արձաններ, ընդ որում, դրանք միայն հայտնաբերված արձաններն են: Այն հայտնաբերվել է 1974թ.-ին չինական Ցին Շիհուանդի կայսեր դամբարանի հարևանությամբ:
Այս կառույցն իրավամբ տպավորիչ է իր մասշտաբներով և կարող է մրցել աշխարհի այնպիսի հրաշալիքի հետ, ինչպիսին Եգիպտական բուրգերն են: Հետազոտողների կարծիքով կավե զինվորներից կազմված նմանատիպ բանակն անհրաժեշտ էր կայսերը, որպեսզի բավարարի իր իշխանական հավակնությունները անդրշիրիմյան կյանքում: Ընդ որում, հնում, չինական ավանդույթների համաձայն, ընդունված էր կայսեր հետ թաղել կենդանի մարդկանց, իսկ այս արձանները դարձան առաջին փորձը, երբ կենդանի մարդկանց փոխարեն որոշեցին թաղել կավե արձաններ: Այնուամենայնիվ, պետք չի մոռանալ, որ, համաձայն որոշ գնահատումների, տարբեր նկատառումներով (օրինակ` վայրի գաղտնիությունը պահելու համար) կայսեր հետ թաղվել են նաև 70 հազարից ավելի աշխատավոր մարդիկ իրենց ընտանիքներով:
Կայսր Ցինը մահվանից շատ էր վախենում, այդ պատճառով մոլեռանդորեն միջոց էր փնտրում հավերժ կյանքի համար: Որոշ հետազոտողներ պնդում են, որ կայսրը 8000 հոգուց բաղկացած բանակ է ուղարկել, որպեսզի վերջիններս գտնեն անմահության նվիրական դեղանյութը, և մինչ նրանք փնտրտուքների մեջ էին, նա սնդիկից դեղահաբեր էր օգտագործում, ինչն էլ, հավանաբար, դարձել է նրա մահվան պատճառը:
Ամբողջ գերեզմանի կառուցումը տևել է 38 տարի: Շինարարությանը մասնակցել են ավելի քան 700 հազար բանվորներ և արհեստավորներ: Հետաքրքիր է, որ զինվորների արձանները ստեղծվել են բավականին վարպետորեն, յուրաքանչյուր զինվոր ունեցել է իր կոչումն ու զենքը, առանձնահատուկ դիմագծերը, որոնք տարբեր էմոցիաներ էին արտահայտում: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև ակրոբատների, երաժիշտների, պետական պաշտոնյաների արձաններ, ինչպես նաև բրոնզե կառքեր: Վերջիններս հայտնաբերվել են կայսեր դամբարանից 20 մետր հեռավորության վրա և բաղկացած են թանկարժեք մետաղներով զարդարված 300-ից ավելի մասերից: