ԼՈՒՌ ՃԻՉ. Ճիչ` քրիստոնեության հայրենիքում քրիստոնյաների կրած ու կրելիք հարվածների մասինArmnewstv.am-ը գրում է․

Հռոմում բոլոր ճանապարհները բերում են այնտեղ, որտեղ ամեն ինչ միասնություն ու հավերժություն է խորհրդանշում: Միացյալ Իտալիայի առաջին թագավորի պատվին կառուցված Վիտտորիանո թանգարանային համալիրում է բացվել բացառիկ ֆոտոցուցահանդեսը: Այսօր այստեղ են միջազգային հանրությանն ուղղված գլխավոր ազդակները: Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համայնքների քարտեզը` կենտրոնում, դրա շուրջբոլորը` ավիրված եկեղեցիներ, ողբացող քրիստոնյաներ, ոչնչացված մշակութային արժեքներ: 120 լուսանկարների համբավը Ռիմինիից Հռոմ այնքան արագ էր հասել, որ հավերժական քաղաքի թանգարանում ասեղ գցելու տեղ չկա:

Բոլորից շուտ նկարները մանրամասն ուսումնասիրեց Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնան: Կարդինալ Ռավազին այնքան կլանված էր ցուցադրությամբ, որ լրագրողներին չէր տեսնում, իրեն ուղղված հարցերը չէր լսում: Կարդինալը իր տեսակետը անպայման կհայտնի` փոխանցեցին նրան ուղեցողները: Փոխարենը Իտալիայի խորհրդարանի պատգամավորը զրույցին միջամտեց. «Սա աղետ է»,-ասաց, -«ինչպես կարող է աշխարհն անտարբեր մնալ»:

Իտալիայում Իրաքի դեսպանն էլ խոստովանեց` սիրտը լցված է: Թող միջազգային հանրությունը տեսնի ու իմանա` ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում: Այցելուները նայում, խոսում, արտահայտվում են, նախագահ Սարգսյանն ամբողջ ընթացքում բառ անգամ չասաց: Յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ` պարտադիր կանգառ: Ու դարձյալ լռություն: Արդեն խոսափողի մոտ Նախագահն անկեղծացավ` դեռ տեսածի ազդեցության տակ է: Չլիներ ելույթը, կշարունակեր լռել: Նկարների պես:

Պատմելով այս ցուցահանդեսի մասին` մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուռ ճիչ. ճիչ քրիստոնեության հայրենիք Միջին Արևելքում քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին: Այո, լուռ ճիչ. շատ դիպուկ է ասված:

Բացառիկ ֆոտոներն ուսումնասիրելիս` լռության պահին, շատ հարցեր առաջացան: Դրանցից շատերի պատասխանն այս սրահում չկա: Սերժ Սարգսյանի վերլուծությունը շարունակվեց բարձրաձայն.

Արդյոք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետևանքը չէ: Արդյոք միշտ և ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին` դրանց կրկնությունները բացառելու համար:

Հավերժության խորհրդանիշ համալիրում, բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր երկրների դեսպանների ներկայությամբ հնչում է համոզմունքը` Ցեղասպանություններ, այլատյացություն, մշակութային ժառանգության ոչնչացում` ոչինչ չէր կրկնվի, եթե անցյալի հանցանքներին պատշաճ գնահատական տրվեր: Բայց պատմությունը կրկնվում է.

Առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա: Հենց այս նպատակի համար մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին: 

Ցուցուսրահի անկյուներից մեկում հերթ է գոյացել: Տեսաֆիլմն ապացույցներից մեկն է, թե ինչի է հանգեցնում ժամանակին չտրված հստակ գնահատականը: Զուղա, հայկական խաչքարերի բարբարոսական ոչնչացում:

Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե, շատ շատերը: Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը: Այս ցուցանմուշները տեսնողը թևաթափ լինելու իրավունք չունի: Հապաղելու ժամանակ էլ չկա:

Համախմբվել, գործել կրկնակի եռանդով, պատշաճ գնահատականը չուշացնել` ահա ՀՀ Նախագահի բանաձևը.

Կարողանում ենք նավթամուղների խողովակների վրայով նայել և հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին: Պարտավոր ենք անել` ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար:

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարյուրավոր հյուրերին մանրամասն ներկայացրեց 120 ֆոտոների` ցուցադրության կարևորությունը: Հետո անկեղծացավ կարդինալ Ռավազին` ցուցահանդեսում ինը երկիր է ներկայացված, որից ութում եղել է: Տեսել է զարգացող քրիստոնյա համայնքներ: Հիմա ցավ է զգում` տեսնելով, թե ինչ է կատարվում: Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյայի ելույթի մյուս մասը զգացմունքային է: Միջին Արևելքի վիճակն անվանեց «Փոթորիկ», որը կուլ է տալիս քրիստոնյաներին: Խոսքն ավարտեց բանաստեղծի տողերով, որին ևս, իր խոսքով, այդ նույն փոթորիկն է կուլ տվել: Դանիել Վարուժան: «Հացին երգը»: 

Լևոնյան վարժարանի սաների կատարմամբ շարականը Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում է հնչում: Հենց այստեղ է նախագահ Սարգսյանն ուղղում քայլերը, գլուխ խոնարհում 20-րդ դարի քրիստոնյա նահատակների հիշատակին: Բարդուղիմեոս առաքյալի մասունքներն այստեղ են բերվել 9-րդ դարում: Այստեղ գիտեն` Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է եկեղեցին, Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկն է:

Այստեղից էլ` Սան Էջիդիո` քրիստոնյա կրոնական համայնք: Եվ` անակնկալ Նախագահից` Սերժ Սարգսյանը համայնքին բացառիկ Աստվածաշունչ է նվիրում, որը լուսահոգի Վազգեն Առաջին Վեհափառի օրոք է տպվել:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել