ArmnewsTV.am-ը գրում է.
«Էբոլա» վիրուսը շարունակում է մոլեգնել: Մահաբեր վարակը հասել է Նիգերիա և Սենեգալ: ԱՀԿ վերջին տվյալով` աֆրիկյան հինգ պետություններում գրանցվել է 4336 դեպք, որից 2200-ը մահվան ելքով են ավարտվել: Վիրուսը կանխարգելելու համար աֆրիկյան երկրներում փակվել են սահմանային անցակետերն ու դպրոցները: Միացյալ նահանգների նախագահ Բարակ Օբաման 3 հազար զինվոր է ուղարկել Արևմտյան Աֆրիկա՝ «Էբոլա» համաճարակի դեմ պայքարը կոորդինացնելու նպատակով: Օբամայի վարչակազմը հայտնել է, որ տարածաշրջանում կկառուցվի 17 բժշկական հաստատություն, որոնցից յուրաքանչյուրում կլինի 100 մահճակալ: Վարակի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար որոշ կազմակերպություններ ու անհատներ գումար են փոխանցում: ԱՀԿ-ն հրապարակել է այն երկրների անունները, որոնք ռիսկային են: Հայաստանն ու հարևան պետությունները այդ ցանկում չկան: Սակայն Վրաստանում հսկողությունն ավելի ուժեղացված է: Պատճառն այն է, որ մի քանի օր առաջ Նիգերիայից 57 ուսանող է մտել Վրաստան: Հիմա նրանք մեկուսացված են: Մի քանի օրից պարզ կդառնա, ուսանողները վարակակիր են, թե ոչ: Վրաստանի` Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխղեկավար Պաատա Իմնաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ հսկողության տակ էր 62 մարդ: Ինկուբացիոն շրջանից հետո, նրանցից հինգի մոտ վարակ չի հայտնաբերվել ու Վրաստանում «Էբոլա»-ի դեպք չի արձանագրվել: Մեր երկիր վարակի հնարավոր թափանցումը կանխարգելելու համար ուժեղացված հսկողություն է իրականացվում: Օդանավակայանում գրանցվում են բոլոր մուտքերը, արգելված է նույնիսկ կենդանիներ բերելը: Համաճարակաբանի խոսքով` Հայաստանում վարակակիր, կամ էլ կասկածելի դեպք չկա, ու ամեն ինչ արված է իրավիճակը հսկելու համար:
Տեսանյութը` այստեղ



