Mitk.am-ը գրում է․
Ֆրանսիական Le Monde պարբերականն «Ադրբեջանում Ալիևի ռեժիմին պետք է վերջ տրվի» հրապարակման մեջ զուգահեռներ է անցկացրել Իրաքում «Իսլամական պետության» գործունեության և Ալիևի քաղաքականության միջև՝ նույն հարթության վրա դնելով իսլամիստների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունն ու ադրբեջանցի զինվորների կողմից հայազգի Կարեն Պետրոսյանի գնդակահարությունը:
Միջազգային հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած դեպքից (Ֆոուլիի սպանություն) օրեր առաջ համանման սցենարով գնդակահարություն էր տեղի ունեցել: Զոհը քաղաքացիական անձ է՝ հայազգի Կարեն Պետրոսյանը, սակայն ադրբեջանական կողմը հոգացել էր մինչ գնդակահարությունը նրա հագուստը փոխելու մասին: Ջինսով և սպորտային կոշիկներով պատանդ վերցրած Կարեն Պետրոսյանին նրանք զգեստափոխել են՝ նրան որպես հատուկ ուժերի գործակալ ներկայացնելու համար: Հայ գյուղացու սպանության հանգամանքներն անհասկանալի են: Այս էպիզոդը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում բազմաթիվ ընդհարումների գագաթնակետն է:
Մեկնաբանելով Ֆոուլիի սպանությունը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն անվանել էր «քաղցկեղ» և նշել, որ այն տեղ չունի 21-րդ դարում:
Շարունակելով Կարեն Պետրոսյանի գնդակահարության թեման՝ պարբերականը նշում է, որ ժողովրդավար Ղարաբաղի քաղաքացիներից հնարավոր չէ պահանջել վերադառնալ ադրբեջանական բռնապետության տակ՝ հատկապես, երբ նախագահը հայտարարում է, որ հայերը որտեղ էլ ապրեն, իր երկրի թշնամիներն են:
Ալիևի ռեժիմն իսկապես աշխարհում ամենառեպրեսիվներից մեկն է, որը շարունակ քննադատության է ենթարկվում միջազգային հանրության կողմից տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով: Ադրբեջանական ռեժիմը սպառնալիք է սեփական քաղաքացիների համար: Այդ մասին վկայում են իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների կամային ձերբակալությունները: Այդ պայմաններում դժվար չէ պատկերացնել այն ճակատագիրը, որը սպասվում է Լեռնային Ղարաբաղի հայերին: Այդ վիճակում նրանք եղել են 1990-ականներին, երբ ադրբեջանական բանակի ջարդերը հանգեցրին սեփական անկախ պետության ստեղծման:
Ցավոք սրտի, պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս բանակցությունները դատապարտված են ձախողման: Առաջին հերթին այն պատճառով, որ այդ բանակցություններն անցկացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, մյուս կողմից՝ կապված Ալիևի ռեժիմի կոշտ դիրքորոշման հետ՝ վերադառնալու գաղութային սահմաններին: Կարեն Պետրոսյանի սպանությունը վկայում է նրա անընդունելի վերաբերմունքի մասին, սպանություն, որը ռազմական հանցագործություն է, և որը կարդարացնի Ալիևի միջազգային հետապնդումը: