«Թանկ հոսանքի տեսակարար կշիռը Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ շարունակում է ավելանալ: Դա, բնականաբար, մեծացնում է ճնշումը վերջնական սակագների վրա:
Հիշեցնենք, որ հոսանքի վերջին թանկացման հիմնական պատճառներից մեկը դա էր. էժան էլեկտրաէներգիա չլինելու հետևանքով բաշխիչ ցանցերն ստիպված էին եղել գնել թանկը:Համակարգում ավելի քան 16 մլրդ դրամի ճեղքվածք էր գոյացել: Այն փակելու համար առաջացել էր լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի միակ աղբյուրը դարձավ սակագնի շուրջ 10 տոկոսանոց թանկացումը:
Թեև հոսանքի սակագնի վերջին բարձրացման հիմնական պատճառներից մեկը դարձավ համակարգում թանկ հոսանքի արտադրությունը, այնուհանդերձ այդ միտումը պահպանվում է նաև այժմ:
Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ շարունակում է մեծանած ջերմային կայաններում արտադրվող թանկ հոսանքի ծավալը:
Ինչպես հայտնի է, այդ խնդիրն առկա է հատկապես Հրազդանի ջէկի և 5-րդ էներգաբլոկի դեպքում:
Վերջին թանկացումից հետո առաջինում հոսանքի սակագինը շուրջ 37, իսկ երկրորդում ՝ ավելի քան 40 դրամ է: Ջերմային կայաններից անհամեմատ էժան է Երևանի ջէկի սակագինը (18.1 դրամ):
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության անկումը պահպանվում է նաև այս տարի: Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի յոթ ամիսներին այն կրճատվել է 4.2 տոկոսով»,-գրում է թերթը: