Panorama.am-ը գրում է.
Տևական ժամանակ հաստատված հարաբերական անդորրից հետո Բաքվում այնուամենայնիվ որոշում կայացվեց խախտել Իրան-Ադրբեջան հարաբերություններում հաստատված «հրադադարը»: Անցած օրերի ընթացքում տեղի ունեցան երկու միջադեպ, որոնք բացահայտեցին իրանա-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը:
Առաջին. Սեպտեմբերի 8-ին Բաքվում տեղի ունեցավ հակաիրանական, անջատողական գաղափարախոսություն կրող այսպես կոչված «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» (ԱՀԿ) հերթական նիստը, որի ընթացքում կրկին շահարկվեցին իրանցի ազարիների խնդիրները, իսկ Իրանի հյուսիսային նահանգները հիշատակվեցին որպես «Հարավային Ադրբեջան»:
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հանդես եկավ խիստ քննադատությամբ՝ պաշտոնական Բաքվից պահանջելով կանխել հակաիրանական ուղղվածություն ունեցող կառույցների գործողությունը:
Այն, որ առանց Ադրբեջանի բարձրագույն իշխանության իմացության, այդ երկրում ոչ մի կառույց չի կարող իր նախաձեռնությամբ նմանատիպ միջոցառում կազմակերպել, կասկածից վեր է:
Երկրորդ. ԱՀԿ-ի հավաքից ընդամենը մի քանի օր առաջ էլ Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծվել էր իսրայելական արտադրության անօդաչու սարք: Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերինհայտարարել էր, որ անօդաչուն Իրանի տարածք է ներխուժել երկրի հյուսիսում գտնվող ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից ՝ անուղղակիորեն ակնարկելով Ադրբեջանին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկը՝ Մանսուր Հաղիղաթփուրը, որը ներկայում զբաղեցնում է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, հանդես եկավ հայտարարությամբ՝ սպառնալով պատժել իսրայելական անօդաչուին թռչելու իրավունք տված երկրին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



