Pastinfo.am-ը գրում է․
Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել է դատարան` լրատվամիջոցին ու լրագրողին մեղադրելով իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և զրպարտելու մեջ:
Այս մասին մեր հարցին փաստաբանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, բայց հաստատեց դատարան դիմելու փաստը:
«Դատարան եմ դիմել, իհարկե, դիմել եմ, որ դա զրպարտություն է»,- ասաց Ռուբեն Բալոյանը և հավելեց, որ դատարանը ոչ միայն գործը վարույթ է ընդունել, այլև արդեն իսկ դատական նիստ նշանակել:
«Ես զրուցեցի հարգելի լրագրողի հետ, ինքը ինձ հայտարարեց, որ «ես չեմ լսել, որ դու Նիկոլայ Բաղդասարյանին «արա»-ով դիմես, բայց մնացածը լսել եմ, որ «տղայականով եմ խոսելու»: Դե, եթե լսել է, ինչ ասեմ: Դա ընդամենը իր կարծիքն է»,- ասաց փաստաբանը` չցանկանալով այլևս խոսել այդ թեմայի շուրջ:
Խոսքը լրագրող Ժաննա Ալեքսանյանի՝ forrights.am կայքում հրապարակված «Արա, ես քեզ հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» վերնագրով հոդվածի մասին է, որը հրապարակվել էր հուլիսի18-ի դատական նիստից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:
Հիշեցնենք՝ այդ օրը, Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստից հետո դատարանի բակում բախումային իրավիճակ էր ստեղծվել կողմերի միջև։ Կողմերը, դուրս գալով դատարանի շենքից, հավաքվել էին բակում, որտեղ վիճաբանություն էր սկսվել Վարդան Պետրոսյանի և տուժողների միջև չկայացած հաշտության հարցի շուրջ:
Ընդ որում, վիճաբանությունն սկսվել էր հենց փաստաբաններից։ Մասնավորապես՝ Ռուբեն Բալոյանը, մոտենալով Վ.Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, նրան մեղադրել էր իր գործողություններով հնարավոր հաշտությանը խոչընդոտելու մեջ։
Դրանից հետո վեճին միջամտել էին նաև բակում հավաքված երկու կողմերի հարազատները` փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ տեղալով, և միայն դատական կարգադրիչների միջամտությամբ էր հնարավոր եղել խուսափել հնարավոր բախումներից:
Հենց այստեղ էլ, ըստ հոդվածագրի, Ռուբեն Բալոյանը, դիմելով Նիկոլայ Բաղդասարյանին, ասել էր. «Արա, ես քեզ հետ տղայականով եմ խոսում, ոչ թե՝ որպես փաստաբան» վիճահարույց արտահայտությունը:
Ի դեպ, մինչ դատարան դիմելը փաստաբանը նաև հերքում է պահանջել forrights.am կայքից: Կայքն էլ տպագրել է Բալոյանի՝ իրենց հասցեագրված դիմումը:
Ինքը` լրագրողը, Ռուբեն Բալոյանին ուղղված իր պատասխանում հայտնել է, որ չի հրաժարվում «ոչ միայն հրապարակման վերնագրից, այլև դատարանի բակում այդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ կապված հոդվածում տեղ գտած բավականին զուսպ նկարագրից»՝ միաժամանակ հավելելով. «Բալոյանն ասում է, որ ապացույց չունեք: Այո, մենք ձայնագրությունը չունենք, բայց ինչպես ասում էր ճանաչված իրավաբաններից մեկը՝ մեր աչքերն ու ականջները ևս կրիչներ են»:
Ինչ վերաբերում է հրապարակված հոդվածին, ապա այն, ըստ Ժաննա Ալեքսանյանի, «մեկ նպատակ է ունեցել. Փաստաբանների պալատի ուշադրությունը հրավիրել Ռուբեն Բալոյանի պահվածքին՝ կանխելու համար դատական պրոցեսի հետագա լարված ընթացքը և ծանր ողբերգություն ապրած մարդկանց զերծ պահել նման իրավիճակում հայտնվելու հեռանկարից»:
Ի դեպ, Փաստաբանների պալատն, իրոք, հրապարակումն անարձագանք չի թողել. дրա հիման վրա, ինչպես արդեն հայտնել ենք, Պալատի նախագահի որոշմամբч Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որը դեռ ընթացքի մեջ է:
Նշենք նաև, որ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու»ч Ռուբեն Բալոյանի պահանջով Ժաննա Ալեքսանյանի նկատմամբ դատական առաջին նիստը Կենտրոն Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նոյեմբերի 11-ին:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/50771
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



