Այս գրություններն արդեն ուղղարկվել են իրենց հասցեատերերին: Նախաձեռնության մասին տեղյակ է պահվել Ազգային ժողովում գործող բոլոր քաղաքական ուժերին և առաջարկվել հանդես գալ նախաձեռնությանը սատարելու հայտարարությամբ, սակայն առայժմս որևէ արձագանք չի ստացվել: Գրություն է ուղարկվել նաև հանրային խորհրդին:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ` պարոն Ալեքսան Հարությունյանին
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն` պարոն Գագիկ Բունիաթյանին
Հարգելի պարոնայք
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, նրա մարմինների ու առանձին պատգամավորների գործունեության լայն հրապարակայնության երաշխավորումը բխում է ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքներից: Շատ պետություններում խորհրդարանի աշխատանքների հեռարձակման միտումը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանը, լինելով ներկայացուցչական մարմին, ձևավորում է պետության իրավական դաշտը, հետևաբար, նրա գործունեությունը պետք է լինի առավել հրապարակային և թափանցիկ: Հասարակական հարաբերությունների կանոնակարգման նկատմամբ դրսևորվող մոտեցումները և օրենսդիր մարմնի վերահսկողական լիազորությունների թափանցիկ ու հրապարակային իրականացումը ժողովրդավարական պետության ձևավորման կարևորագույն երաշխիքներից են: Իսկ ներկայումս հանրության հետ ամենագործուն կապը հեռուստատեսությունն է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության լայն հրապարակայնության ապահովումը վերջինիս նիստերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակելու միջոցով ժողովրդավարական ձեռքբերում էր և այդ ավանդույթից պետք չէր հրաժարվել: Այսօր ակնհայտ հասարակական պահանջ կա Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ հեռարձակելու և նախկինում ձևավորված ժողովրդավարական լավագույն ավանդույթը վերականգնելու հարցում: Այն, որ իսկապես անհրաժեշտ է հեռուստատեսությամբ, այն էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրել Ազգային ժողովի նիստերը, կասկած չի հարուցում: Հայաստանի Հանրապետության բազմաթիվ հեռավոր բնակավայրերում դեռևս սփռվում է միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի ինտերնետային կայքով հեռարձակումը չի փոխում իրերի վիճակը, քանի որ ինտերնետային հեռարձակումները բոլորին չէ, որ մատչելի են:
Այս խնդրի առնչությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված ՆՈՐ ՀԱՅԵՐ խմբի (https://www.facebook.com/groups/245119275590364/) կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրահավաք (https://www.facebook.com/events/437841032927691/), որով քաղաքացիները խնդրում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերը:
Հաշվի առնելով վերոգրյալը և հանրության լայն շրջանակների հետաքրքրությունը, նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Ազգային ժողովի նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետությունը, խնդրում ենք Ազգային ժողովի նիստերը հեռարձակել Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության բազմաթիվ օգտատերեր,
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված ՆՈՐ ՀԱՅԵՐ խումբ:



