http://www.gannett-cdn.com/-mm-/a377f0c524c4ea25c07b974d10be5d664826cba0/c=396-0-3911-2644&r=x404&c=534x401/local/-/media/USATODAY/USATODAY/2014/09/13/1410613641000-AP_CANADA-ARCTIC_SHIP_FOUND_67111328.jpgԱնցյալ շաբաթ մի շարք ուշագրավ բացահայտումներ են կատարվել: Այս հոդվածում ներկայացված են շաբաթվա 5 ամենահետաքրքրաշարժ բացահայտումները:

Սթոնհենջի տակ հսկայական «սուպեր հունջ» կա

Կան նոր ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Սթոնհենջի  տակ նեոլիթական հուշարձաններ կան: Երկրի մակերևույթից մինչև 3 կմ խորությամբ ռադիոտեղորոշիչ քարտեզագրման արդյունքում հայտնբերվել է 17 ստորերկրյա հուշարձանների ցանց, ինչպես նաև ավելի քան 50 մեծ քարեր, որոնք մոտավորապես նույն վաղեմությունն ունեն, ինչ վերևում գտնվող քարերը:  

Արկտիկայում գտնվել է 1845 թ.-ից ի վեր անհետացած նավ

Հայտնաբերվել է բրիտանական նավերից մեկը,  որը մոտ 160 տարի առաջ՝ Հյուսիսարևմտյան անցուղու որոնումների ժամանակ, անհետացել էր Արկտիկայում: HMS Erebus և HMS Terror նավերը վերջին անգամ նշմարվել են 1840-ականներին: Այս անհետացած նավերը երկար տարիներ համարվել են նավաշինության գոհարները: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի աշխատակազմից հայտնել են, որ շաբաթ օրը հեռակառավարվող ստորջրյա փոխադրամիջոցի օգնությամբ հայտնաբերվել է այդ նավերից մեկը: Դեռևս պարզ չէ, թե այդ երկու նավերից կոնկրետ որ մեկն է հայտնաբերվել:  Զարմանալիորեն նավը բավականին լավ է պահպանվել: Հարփերն ասել է, որ այս բացահայտման շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ինչ է պատահել նավի կապիտան Ջոն Ֆրանկլինի և նավի՝ մոտ 128 մարդուց բաղկացած անձնակազմի հետ:

Մի տղա 3000 տարվա վաղեմության թուր է գտել գետի մեջ  

Հուլիսի սկզբներին մի 11-ամյա տղա խաղում էր Չինաստանի Ցզյանսու նահանգում գտնվող Լաոժուլին գետի մոտակայքում: Նա որոշեց լվանալ իր ձեռքերը գետի ջրում: Տղան զգաց, որ ձեռքը դիպչում է ինչ-որ բանի: Նա դուրս քաշեց այդ առարկան ու տուն տարավ այն՝ հայրիկին ցույց տալու: Վերջերս փորձագետները եզրակացրել են, որ դա 3000 տարվա վաղեմության բրոնզե թուր է, որը պատկանել է կա՛մ Շան, կա՛մ Չժոու դինաստիային: Տղայի հայրն ասել է, որ հարևանները ցանկացել են թանկ գնով գնել այդ թուրը, սակայն նա չի վաճառել՝ վախենալով, որ մշակութային մասունքի վաճառքը կարող է ապօրինի լինել: Մշակութային մասունքների բյուրոն վկայական ու հատուկ պարգև է շնորհել տղային ու նրա հորը մշակութային արժեք հանդիսացող թուրն իրենց հանձնելու համար:  

Մարդը, կոմայից արթնանալով, սահուն մանդարին է խոսել

Ավտվթարից հետո Բեն ՄակՄոհան կոմայի մեջ ընկավ: Նախքան կոմայի մեջ ընկնելը նա անգլերեն էր խոսում, սակայն կոմայից դուրս  գալուց հետո նա միայն սահուն մանդարին էր խոսում: Թեպետ այս ավստրալիացի տղամարդն ավագ դպրոցում անցել էր մանդարին, նա երբեք սահուն չէր տիրապետել այս լեզվին: Բժիշկները մինչ այժմ էլ փորձում են հասկանալ, թե ինչ է պատահել այս մարդու հետ: Կոմայից դուրս գալուց հետո անգլերենով հաղորդակցվելու ունակությունն աստիճանաբար վերականգնվել է ՄակՄոհանի մոտ: Նմանօրինակ դեպքեր նախկինում էլ են գրանցվել: Բժիշկներն այս երևույթը կոչում են երկլեզու աֆազիա: Տարբեր լեզուները պահվում են ուղեղի տարբեր մասերում: Ուստի եթե ուղեղի մի մասը վնասվում է, մարդ կարող է ակամայից անցում կատարել մեկ այլ լեզվի, իսկ մյուս լեզուն այսպես ասած «կորում» է, սակայն ոչ անվերադարձ: Հենց որ ուղեղի վնասված մասի այտուցվածությունն անցնում է, «կորած» լեզուն վերականգնվում է: ՄակՄոհանը առավելագույնս օգտվում է ստեղծված իրավիճակից: Մանդարինի սահուն տիրապետման շնորհիվ նա չինացիների զբոսաշրջավար է աշխատել և իբրև  հանդես եկել չինական հեռուստաշոուներում: Ներկայումս նա բնակվում ու սովորում է Շանհայում: 

24-ամյա երիտասարդը պարզում է, որ իր մոտ բացակայում է ուղեղի կարևոր մասերից մեկը

Ուղեղիկն ուղեղի ամենակարևոր մասերից է: Այն կարևոր դեր է կատարում՝ թույլ տալով մարդուն քայլել և կարգավորելով նրա շարժողական համակարգը: Չինաստանի բժիշկներն առավել քան զարմացած էին, երբ նրանք պարզեցին, որ իրենց 24-ամյա պացիենտը, ով հարաբերականորեն նորմալ կյանքով է ապրում, ուղեղիկ չունի: Այս 24-ամյա կինը դիմել էր բժիշկներին՝ գանգատվելով, որ արդեն մեկ ամիս է, ինչ իր մոտ փսխումները չեն դադարում: Այս կինը խոսողական համակարգի խնդիրներ ունի, ինչպես նաև թեթև արտահայտված հենաշարժողական խնդիրներ: Այնուամենայնիվ, այս հազվագյուտ հիվանդության դեպքում մարդիկ շատ ավելի լուրջ առողջական խնդիրներից են տառապում: Բժիշկների խոսքերով՝ այս դեպքը ցույց է տալիս, որ երիտասարդ մարդու ուղեղը շատ ճկուն է և ավելի հեշտությամբ է դիմագրավում անոմալիաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել