1in.am-ը գրում է․
Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը ճանաչել է պարտությունը կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում և հայտարարել իր հրաժարականի մասին: Քվեարկության նախնական արդյունքներով՝ նրա կուսակցությունն ու աջ կենտրոնամետ «Դաշինք հանուն Շվեդիայի» բլոկը մեծամասնություն չեն հավաքել: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նախընտրական պայքարն ավարտված է: Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը»,- հայտարարել է նա հավաքված կողմնակիցների առջև:
Նա նաև հայտարարել է, որ կհեռանա իր կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Ընդդիմադիր կուսակցությունները (Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն, Ձախ կուսակցություն և Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունը) իշխող դաշինքին (Չափավոր կոալիցիոն կուսակցություն, «Ժողովրդական կուսակցություն-լիբերալներ», Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, Կենտրոնի կուսակցություն) հաղթում են 43.8 տոկոս արդյունքով՝ ընդդեմ 39.3 տոկոս արդյունքի:
«Շվեդիայի ժողովուրդը փոփոխություններ է պահանջում»,- այսպես է մեկնաբանել ընտրությունների արդյունքները Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ և ապագա վարչապետ Ստեֆան Լյովնը:



