Zham.am-ը գրում է.
«Zham.am»-ը ներկայացնում է հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ.
- Դուք անցյալ շաբաթ մեծ պատվիրակությամբ գտնվում էիք Չինաստանում: Առաջին հարցը գուցե սկսենք հենց այդ ուղևորությունից:
- Այո՛, չինական կողմի հրավերով ես մի խումբ պատգամավորների հետ այցելել էի Չինաստան: Ունեցել ենք կարևոր հանդիպումներ: Առիթից օգտվելով` ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Չինաստանի իշխանություններին` նման բարձր մակարդակով այցը կազմակերպելու համար:
Ես գոհ եմ հանդիպումների որակից և տեսնում եմ լուրջ հնարավորություններ մեր երկրի համար: Գիտեք, մեր տնտեսությունը մի կաթիլ է չինական հնարավորությունների օվկիանոսում, և այնպես չէ, որ նրանք առանձնապես հետաքրքրված են մեզնով: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ մարդկանց ճիշտ ձևով ներկայացնել մեր խնդիրը, առաջարկները: Սա շատ կարևոր է, որպեսզի քննարկումները օդում չմնան: Ես հենց այս խնդիրն եմ փորձել լուծել` ներկայացնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները և առաջարկները: Ես հատկապես տպավորվել եմ չինական տնտեսության զարգացման տեմպերով, այդ երկրում գործարար մարդու հանդեպ հարգալից վերաբերմունքով: Ինձ հաճելիորեն զարմացրեց նաև այն բարենպաստ բիզնես միջավայրը, որում գործում են փոքր, միջին, ինչու չէ` նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Եվ հատկապես մեր չինացի գործընկերները նշում էին, որ գործարարին խանգարելը, ճնշելը, խստիվ պատժվում է պետության կողմից, որի արդյունքում էլ կոռուպցիայի դեմ պայքարը այս երկրում բավականին բարձր մակարդակի վրա է: Եվ այստեղ մենք շատ բան ունենք սովորելու չինացիներից:
Չինաստանը լուրջ հաջողությունների է հասել և շատ խիստ է պայքարում կոռուպցիայի դեմ: Մենք սովորելու շատ բան ունենք և, վստահեցնում եմ, անպայման սովորելու ենք: Իշխանական համակարգի կոռուպցիան տնտեսության և երկրի զարգացման ամենածանր խոչընդոտն է:
Պայքարի մեթոդները պետք է լինեն խիստ ու անզիջում, և ժողովուրդը ամեն օր պետք է զգա փոփոխությունը: Ոչ մի ներում չպետք է լինի` ուսուցչի, բժշկի, սպայի, գիտնականի, ուսանողի փողը գողացող չինովնիկին: Շատ օրինակներ կարող եմ բերել` այդ կոռուպցիոն մեխանիզմները պետք է ջարդել: Հաճախ իրենց բիզնեսների համար պաշտոնյաները խեղդում են ուրիշների բիզնեսները: Այդպես երկիր չի զարգանում:
- Հասկանալի է, որ մեկ այցի ընթացքում հնարավոր չէ ձեռք բերել բոլոր պայմանավորվածությունները: Այնուհանդերձ, ըստ ձեզ, որո՞նք են այն հիմնական բանաձևերը, որ քննարկվել են և որոնք կարող են մեծ գործի սկիզբը հանդիսանալ:
- Նախ, ես իմ բոլոր հանդիպումների ընթացքում միանգամից ասել եմ` ես չեմ հետապնդում անձնական շահ. իմ խնդիրն է, որ դուք գաք` իմ երկրում գումար ներդնեք, իմ երկրում նոր աշխատատեղ բացվի, իմ երկրում հարկ վճարեք: Ես ասել եմ, որ կարող եմ լինել կապող օղակ չինացի գործարարների և հայ գործարարների միջև` ցանկացած ոլորտում, որտեղ նրանք հետաքրքրված են: Կարող եմ իմ անձնական գումարներով երաշխավոր դառնալ, որ ձեզ չեն խաբի, չեն նեղացնի, չեն «գցի»: Էլի եմ ասում` չհետապնդելով անձնական շահ:
Ես առաջարկել եմ` Երևանում անցկացնել խոշոր հայ-չինական բիզնես ֆորում: Ասել եմ` եկեք տարբեր ոլորտների գործարարներով` 50-100 հոգով, բոլոր ծախսերը ես վերցնում եմ ինձ վրա:
- Դուք ասում եք` ես կդառնամ երաշխավոր, որ ձեզ չխաբեն, «չգցեն»: Բայց դուք այս պահին իշխանություն չեք, ի՞նչն է տալիս ձեզ նման վստահություն, որ դուք այդպիսի ծանր պատասխանատվություն եք վերցնում:
- Ես լիովին հասկանում եմ ձեր հարցը և շատ անկեղծ կպատասխանեմ: Ինձ գործելու վստահություն տալիս է ժողովրդի մոտ իմ ունեցած հարգանքը, և մեր տնտեսության այսօրվա վիճակը: Ես տեսնում եմ, որ սպասելու ժամանակ մենք չունենք: Մեր տնտեսությունը ունի շատ լուրջ պրոբլեմներ, և վաղը կարող է ուշ լինել: Ես մի օրինակ բերեմ, որը շատ բանի մասին է խոսում: Չինական մի լուրջ ընկերություն Վրաստանում ներդրումներ է արել, բացել նոր, ժամանակակից գործարան: Հումքը տանում են Հայաստանից, քանի որ Վրաստանում այն չկա, բայց ներդրումները անում են Վրաստանում, ընդ որում` հումքը տեղափոխելիս , բնականաբար, անում են լրացուցիչ ծախսեր` տեղափոխության հետ կապված և այլն: Այս հարցն ունի շատ պարզ պատասխան` Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ուղղակի նայեք, թե վերջին տարիներին ներդրումների ծավալները որքան են նվազել, և ամեն ինչ պարզ կդառնա:
- Խոսենք նաև հաջողություններից: Չինաստան մեկնելուց մեկ օր առաջ դուք օդանավակայանում դիմավորում էիք Չինաստանից վերադարձող մեր օլիմպիական հավաքականին, ովքեր, եթե չեմ սխալվում, յոթ մեդալ են բերել: Սա կանխատեսելի՞ էր, թե ոչ:
- Առաջին հերթին սա երկար տարիների գրագետ, ծանր աշխատանքի արդյունք էր: Իսկ կանխատեսել, թե քանի մեդալ, քանի ոսկի կլինի, ոչ ոք չի կարող:
Գիտեք, հաջողության համար միայն ցանկությունը հերիք չէ: Պետք է իմանալ` ինչպես անել, ճիշտ քայլերը որոնք են, պետք է իմանալ այդ քայլերի հերթականությունը: Սա վերաբերում է բոլոր ոլորտներին, եթե կուզեք` տնտեսությանը առաջին հերթին:
Մենք այդ թիմին շատ երկար տարիներ ենք պատրաստել այդ հաջողությանը: Մենք ստեղծել ենք պայմաններ, մրցակցություն: Կիրառել ենք մարզումների նոր մեթոդոլոգիաներ, մարզիչները հնարավորություն են ունեցել կատարելագործվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու:
Ինչպես ընտանիքում է, այնպես էլ` պետության մեջ. պետությունը այդ պատանիներին պետք է վերաբերվի որպես իր հարազատ երեխաների` լինի արդար, լինի հոգատար, լինի խստապահանջ:
Տեսեք, այդ պատանիներից յուրաքանչյուրը՝ օլիմպիական մեդալը վզին, արդեն միլիոն արժեն և շատ պետություններ կուզենան իրենց մոտ տանել, իրենց դրոշի տակ պահել այս պատանիներին:
Մեզ սպասում է դժվար աշխատանք, մեծ ծավալի գործ: Մենք տաղանդավոր երեխաներ շատ ունենք: Տաղանդավոր երեխայից մինչև չեմպիոն ճանապարհը շատ բարդ է: Բայց մենք անպայման լուծելու ենք խնդիրները:
Այսօր ես իմ անձնական միջոցներով կառուցում եմ նոր օլիմպիական համալիր, նոր մարզադպրոցներ Հայաստանի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում: Դա իմ համար չէ, ես դրանից մեկ դրամի օգուտ չեմ ունենալու: Դա պետության և ժողովրդի համար է:
Երբ մենք կարողանանք ողջ Հայաստանով ունենալ լավ մարզադպրոցներ, լավ մարզիչներ, լավ գույք, մեր գյուղերի ու քաղաքների բոլոր լավ երեխաները ունենան մարզվելու հնարավորություն, մենք կունենանք նոր չեմպիոններ, նոր հաղթանակներ ու ավելի շատ դահլիճներ կկանգնեն մեր դրոշի ու հիմնի տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ