՛՛Դաշնակիցները նաև հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն՛՛, ասված է Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:
Այս բանաձևում ինչ որ բան էր փորձում շտկել մեր նախագահը: Սակայն նրա խրատները նատոյականներին՝ տարածաշրջանի խաղաղության, առողջ բանականության, ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարի, այլատյացության լուռ խրախուսման, մեր հարևան բռնապետի դեմքը փրկելու և այլնի մասին, բանի տեղ չանցան և փաստաթուղթն ընդունվեց այնպես, ինչպես որ է՛:
Պարզից էլ պարզ է, որ ՆԱՏՕ-ն, միաժամանակ և առանձին առանձին թքած ունի վերհիշյալ բոլոր չորս երկրների անկախության ու ինքնիշխանության վրա էլ, նրանց ժողովուրդների վրա էլ… Էլ չեմ ասում Լեռնայի Ղարաբաղի խնդրի և նրա խաղաղ կարգավորման մասին, քանզի այս խնդրի չկարգավորվածությունը նրա ձեռքին մի մեծ մահակ է՝ պետք եղած ժամանակ, թե՛ Հայաստանի, թե՛Ադրբեջանի գլխին բամփելու համար: ՆԱՏՕ-ի ՏԵՐԵՐԻ գլխավոր թիրախն, այսօր և մշտապես, երկրագնդի ցամաքի 19 մասը զբաղեցնող, խոշորագույն հանքահումքային պաշարների տեր և ալկոհոլային տենդով, ցավոք, անդարձ ախտահարված բնակչություն ունեցող Ռուսաստանն է և բանաձևային այս ճամարտակություններն էլ հենց նրա դեմ գործելու համար են:
Սակայն դառնանք մեր խնդիրներին:
Եթե իրեն գործընկեր անվանողն, արհամարհելով քո բոլոր խնդրանք- հորդոր-խրատները, ընդունում է քո շահերին հակասող բանաձև, ապա դու պիտի կարողանաս որևէ կերպ հակադարձել դրան: Կյանքը ցույց է տալիս, որ չհակադարձելու պարագայում, այդ ՆԱՏՕ-ների, եվրախորհուրդների, ՀԱՊԿ-երի, ՄԱԿ-երի, ու նման այլևայլ ք..երի հաջորդ փաստաթղթերն ու գործողություններն է՛լ ավելի նվաստացուցիչ ու ստորացուցիչ են լինելու քեզ համար…
Եթե ՆԱՏՕ-ի պարապմունքներին մասնակցող քո զինվորին քնած ժամանակ կացնահարում են և ժամանակ անց կացնահարողն ազատ է արձակվում ու հերոսացվում, իսկ դու արդարություն կոչեր անելուց զատ որևէ լորջ գործողություն չես ձեռնարկում, չես հակադարձում, ապա վիճակդ վիճակ չէ, քանզի անկարողի ու թույլի համբավ ես ձեռք բերում…
Եթե դու գնում ես ՛՛սատանի մայլեն՛՛ ու փորձ ես անում խոսել արդարությունից, ազնվությունից, բարոյականությունից, կամ է՛լ ավելի զավեշտալի, եթե ՛՛սատանեքին՛՛ փորձում ես ապացուցել, որ հարևանդ սրիկա է ու խաբեբա և մշտապես ՛՛քյանդրբազություն՛՛ է անում, ապա վիճակդ վիճակ չէ, քանզի նա ՛՛իրենց մարդն՛՛ է և եթե քո բարոյախրատական ելույթները չեն ուղեկցվում հակադարձ, ՛՛սատանեքի՛՛ պլանները խառնող, անսպասելի ու ասիմետրիկ գործողություններով, ապա քեզ երբեք բանի տեղ չեն դնելու և հաջողությունն էլ երբեք քեզ չի ուղեկցելու…
Եթե… Այս եթեների շարքը անվերջ կարելի է շարունակել, քանզի խոսքը միայն ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին չի վերաբերվում: Վիճակը նույնն է նաև Ռուսաստանի, ուր մենք գնում ենք հաղթողի սպիտակ ձիու վրա բազմած, իսկ վերադառնում՝ էշին նստած, Վրաստանի, ով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Աբխազական երկաթուղու վերագործարկման միակ խոչընդոտն է հանդիսանում, իսկ մենք ոչինչ չենք կարողանում հակադարձել: Վիճակը նույնն է ՀԱՊԿ-ի, Ղազախստանի, Բելոռուսի, կարճ ասած բոլորի պարագայում:
ՀԱԿԱԴԱՐՁԵԼ է հարկավոր: Բոլորն էլ ունեն իրենց թույլ և խոցելի տեղերը…Ահա այստեղ է, որ խելք է պետք բանեցնել և հակադարձումն իրականացնել հնարավորինս ցավոտ քո շահերն արհամարհողների և նվազ վնասակար քեզ համար:
Սկսեցի և ավարտեմ ՆԱՏՕ-ով… Կյանքը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն, ինչպես ինքն է հայտարարում, երբեք էլ աշխարհում արդարության և խաղաղության հաստատման երաշխավոր չէ: Բազմիցս համոզվել ենք, որ նա պաշտպանում է միայն ի՛ր ՏԵՐԵՐԻ շահերը և որպես օրենք հավասարության նշան է դնում ագրեսորի ու ագրեսիայի զոհի, ցինիզմի ու ազնվության, կեղծիք տարածողի ու արդարություն հաստատելու փորձ անողի միջև: Մեր և մեր հարևանի պատմությունը բոլորիս աչքի առաջ է: Այնպես որ, եթե ՆԱՏՕ-ն արհամարհում է մեր բոլոր հորդորներն ու արդարացի պահանջները, ապա մենք անպայման պիտի ՀԱԿԱԴԱՐՁԵՆՔ նրան:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դադարեցնելը կամ նրա որևէ ծրագրից դուրս գալն, իհարկե, ուժեղ քայլեր են, սակայն մեր կառավարիչները դրան չեն գնա և դրա անհրաժեշտությունն էլ, մեծ հաշվով, չկա: ՛՛Շան հետ ընկերություն արա՛՛, ասում է ժողովուրդը, միաժամանակ հորդորելով փայտը ձեռքից բաց չթողնել: Հետևաբար հարկավոր է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրից ՀԵՌԱՑՆԵԼ ՏԱԼ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն վերաբերվող դարձվածքը: Այո, Հայաստանը միշտ պատրաստ է ՆԱՏՕ-ի բոլոր խաղաղարար կոչված միջոցառումներին իր ակտիվ մասնակցությունը բերելու: Սակայն Հայաստանն իր անկախության ու տարածքային ամբողջականության խնդիրները առաջին հերթին լուծում է ինքնուրույն, և եթե օժանդակության կարիք ունենա, ապա այդ մասին փոխադարձ պայմանագրային պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ ընդհանրապես, և Ռուսաստանի հետ մասնավորապես: Այնպես որ, ո՞վ է ՆԱՏՕ-ն , որ զբաղվի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=583458388446268&set=np.34041502.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել