Երևանում պարբերաբար կազմակերպվում են տնտեսական ցուցահանդեսներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել տնտեսվարողներին ներկայացնել իրենց գործունեությունն ինչպես այցելուներին, այն է՝ սպառողների լայն շրջանակին, այնպես էլ պոտենցիալ գործընկերներին և պետական պաշտոնյաներին, ընդլայնել իրենց վաճառքները, ձեռք բերել նոր շուկաներ:
Անշուշտ, այս գաղափարը կարելի է և պետք է միայն ու միայն ողջունել: Առկա իրավիճակում տնտեսական գործունեության ցանկացած աճ կարող է միայն օգուտ տալ:
Սակայն այն, ինչ կատարվում էր սեպտեմբերի 5-7-ը անցկացված «Արմէքսպո» ցուցահանդեսի ժամանակ, հարուցեց տողերիս հեղինակի, և, հավանաբար, էլի շատերի անկեղծ տարակուսանքը: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների 70-80 տոկոսը կամ օտարերկրյա ընկերություններ էին (ընդհուպ միջև իրանական արտադրության կաթնամթերքի գործարան) կամ արտասահմանյան ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տեղական ընկերություններ, իսկ տեղական արտադրանքից հիմնականում ներկայացված էին հրատարակչություններ:
Այս առումով հարց է ծագում՝ որքանով է ճիշտ նմանատիպ ցուցահանդեսն անվանել «Արմէքսպո» և որքանով է տվյալ դեպքում այն ծառայում իր հիմնական նպատակին: Ի վերջո, ներմուծող կազմակերպություններն առանձնակի ներկայացման կարիք քիչ ունեն՝ եթե իրենք չգտնեին, որ Հայաստանը հարմար և շահութաբեր շուկա է իրենց ներմուծած ապրանքի համար, ապա իրենք ո´չ կներմուծեին այն, ո´չ էլ մաքսատուրք կվճարեին դրա համար:
Այլ կերպ ասած՝ նման միջացոառումների հիմնական հասցեատերը՝ տեղական արտադրողը, ունի դրանց չմասնակցելու պատճառներ: Իսկ սա նշանակում է, որ տեղական արտադրողի առջև ծառացած են լուրջ խնդիրներ:
Ու եթե բանը հասել է նրան, որ կաթնամթերքի արտադրության ավանդույթներ ունեցող ու խնդիր չունեցող Հայաստան կաթնամթերք է ցանկանում արտահանել իրանական կազմակերպություն, ապա ամեն ինչ ավելի քան լուրջ է:
Իսկ առանց տեղական արտադրության հզոր պետություն չես կերտի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=366682066830041&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել