1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 7-ին Յակուտսկում բացվել է հայկական «Սուրբ Կարապետ» եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը պատարագ մատուցեց նորաբաց եկեղեցում, ու պաշտոնապես այն իր դռները բացեց հավատացյալների առաջ:
Բացման արարողությանը ներկա է եղել ավելի քան 1000 հայ՝ Յակուտսկից, հյուրեր՝ Երևանից, Մոսկվայից ու Հեռավոր Արևելքից:
Հայկական համայնքը ամենամեծն է Յակուտիայում: 2001թ. Խորեն Սահակյանը Յակուտսկում հիմնադրեց «Հայերի միությունը», որն ունի ավելի քան 1500 անդամ: 2010թ. անցկացված բնակչության մարդահամարի արդյունքներով՝ հանրապետությունում ապրում է ավելի քան 5 հազար հայ:
2011-ին Խորեն Սահակյանն ու հայ համայնքի անդամները որոշեցին Յակուտսկում կառուցել հայկական եկեղեցի: 1 տարի առաջ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը մասնակցել էր տաճարի հիմնարկեքի արարողությանը:
Եկեղեցին ունի 27 մետր բարձրություն, շինարարական նյութերը բերվել են Հայաստանից (քար, ապակի, ծառ, խաչ): Եկեղեցին տուֆապատ է:
Եկեղեցու տարածքում դեկտեմբերին պաշտոնապես կբացվի հասարակական կենտրոն, որտեղ կլինի մեծ սրահ, ձայնագրման ստուդիա, «Յակուտսկի հայերի միության» գրասենյակը և կիրակնօրյա դպրոց, որտեղ երեխաները կսովորեն հայերեն ու յակուտերեն:
Եկեղեցու բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղադրվել են նաև Արկտիկայի ու Անտարկտիկայի հետազոտող, հայտնի գիտնական-օվկիանոսագետ, պետական և քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի և Ռուսաստանի ու Յակուտիայի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանի կիսանդրիները:



