«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: 
Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Միշտ երազկոտ հայացք ուներ: Հագնվում էր շատ ճաշակով: Սիրում էր ու ծանոթ էր գրականությանը: Այս սերը գալիս էր նրա ընտանիքից, որտեղ առանձնակի վերաբերմունք կար արվեստների նկատմամբ: 
Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում, որն այն օրերին գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը: Դա 1926 թվականին էր: Մեկ տարի էր, ինչ աղջիկը Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան և ընդունվել համալսարանի պատմագրության ֆակուլտետը: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության` պարուրված անթաքույց համակրանքով:
Ականատեսների վկայությամբ, առաջին ժամադրությունը կայացել է Աբովյան փողոցում, ներկայիս «Անի» հյուրանոցից փոքր-ինչ վերև: Ժամանակին այնտեղ երեք հսկա բարդիներ էին կանգնած, իսկ դրանց դիմաց գտնվում էր նկարիչ Հակոբ Կոջոյանի արվեստանոցը: Հենց այդ ծառերի տակ էլ զույգը հանդիպել է, քանի որ Ժենյան ապրում էր մոտերքում: Սակայն տեսակցություններ շուտով ընդհատվում են, քանի որ աղջիկը 1927 թվականին մեկնում է Լենինգրադ` ուսումը շարունակելու տեղի համալսարանի ազգագրության բաժնում: Միակ մխիթարությունը դառնում են նրանց ջերմ նամակները, որոնք լցնում էին դատարկությունը ու մեղմում բուռն կարոտը:

Լենինգրադից Ժենյան վերադարձավ միայն 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում: Ասում են, թե նրա համար առանձնակի ուրախության առիթ էին դառնում այն օրերը, երբ ազգագրական արշավախմբերի հետ գործուղվում էր Զանգեզուր: Բակունցը միշտ պատրվակ գտնում էր ընկերակցելու նրան: Այդ օրերից հուշ է մնացել մի լուսանկար, որտեղ Բակունցի ցանկությամբ Ժենյան նկարվել է զանգեզուրցի կնոջ տարազով:

Ինչ վերաբերում է «Ալպիական մանուշակը» պատմվածքին, ապա Բակունցն այն ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Ստեղծագործությունը աղջկան շատ է դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: Հիշու՞մ եք այս տողերը. «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է…
Հետագա տարիներին Ժենյան, ով արդեն թանգարանի ավագ գիտաշխատող էր ու հայտնի ազգագրագետ, անընդհատ գործուղումների էր մեկնում և նրանք ուշ-ուշ էին հանդիպում: 1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական մահը խորապես ցնցեց կնոջը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր էր նախատեսված իր համար:

Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը ընդամենը 38 տարեկան էր…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել