Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանը կտրուկ տարբերվում է աշխարհի գրեթե երկու տասնյակ այն օդանավակայաններից, որտեղ ճակատագրի բերումով եղել եմ... Եվ, չզարմանա՛ք, տարբերվում է ոչ թե իր արևելյան, այլ իր հայկական, կամ, ավելի ճիշտ, բեյրութահայկական կոլորիտով: Պատկերացրեք, երբ իջնում եք Բեյրութի օդանավակայան, ապա գրեթե ամեն քայլափոխի կարող եք հայերեն տեքստեր լսել՝ համեմված արաբական և թուրքական ընտիր հայհոյանքով:
«Հադե լան բե, քալե յա, ես ասոր...»: Բայց, թերևս առաջին անգամ, հայհոյանք լսելուց մոտդ ոչ թե սաստելու, այլ ոտքդ կախ գցելու ու մի քանի ժամ ընտիր հայհոյանքներ լսելու ցանկություն է առաջանում: Պարոնյանի և Օտյանի նկարագրած կոլորիտն այժմ աշխարհի ոչ մի անկյունում և, նույնիսկ, Պոլսում, այնքան չի պահպանվել, որքան Արևելքի զարդ համարվող Բեյրութում:
Միայն Լիբանանում կարելի է հանդիպել ծայրաստիճան մտավորական հային, օտյանական ժամանակների ազգային գործիչներին, թաղականներին, եկեղեցիների վարչականներին և այլն և այլն: Հետաքրքիր խասյաթ ունեն բեյրութցիները՝ կռվի համար խելքներն իրենցը չէ:
Ասում են, որ բեյրութցի հայը, եթե մարդ չի գտնում կռիվ անելու համար, հայելու մեջ նայում ու ինքն իրեն մի քանի ընտիր հայհոյանք է տալիս, նոր տնից դուրս գալիս:
«Ասօր նայե, յա, ինքզինքն էրքեկ կկարծե», «Դուն ասոր պատմությունը լավ չես գիտեր», «Ամմա, սարխոշին մեկն է», «Քիչ մը խենթ է յաա»: Այսպիսի որակումներ կլսես ամեն քայլափոխին, եթե քեզ ճանապարհը տանի հայկական Նոր Հաճըն կամ Պուրճ Համմուտ թաղամասեր, որտեղ ամեն ինչ չափից ավելի ազգային է, չափից ավելի հայկական, չափից ավել հյուրասեր ու սրտաբաց...
Բամբասա~նք, բայց բարի, առանց հետին մտքի, առանց սրտում թույն պահելու բամբասանք... Սրա լավագույն մասնագետներն են լիբանանցիները, ովքեր ոչ թե բամբասում, այլ ուղղակի պատահածի մասին մի բան ավելացնում են ու հետո ինքներն էլ հավատում իրենց ասածներին և նեղանում, երբ ասում ես, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:
Եվ հետաքրքիր է, որ բոլոր այս ծայրաստիճան տարբեր ու ծայրաստիճան նման մարդկանց միացնում է մեկ կարոտ՝ կարոտ, որ եկել է հորից, պապից, պապիկի հորից և այդպես շարունակ... Բոլորի աչքերի մեջ երազային մի բան կա, կորսված մի բան, որ կարող է հասկանալ միայն տեղացին, միայն կորցնողը...
Բեյրութի համադամ խորտիկները, Պուրճ Համուտի ճիշտ մեջտեղը գտնվող Բաստերմա Մանոյի շաուրմայանոցը, որից երևի սնվել են լիբանանցի հայերի մի քանի սերունդներ:
Մտավորականը, կռվազանը, պրոֆեսորն ու բժիշկը խառնված են բեյրության հայկական այդքան անկրկնելի մթնոլորտում:
Թերևս 5 անգամ եղել եմ Լիբանանում, բայց ամեն անգամ գնալուց նորից շնչում եմ այդ կոլորիտը, կիրակնօրյա պատարագները, ճաշկերույթները, բամբասանքները, կարծես վերագտնում եմ պապերիս անցյալը, կարծես հայտնվում եմ Պարոնյանի և Օտյանի իրականությունում, գտնում իրար հետ ապրող հաճնցիներին, սիսեցիներին, ադանացիներին, խարբերդցիներին, զեյթունցիներին... Բեյրութում կորսված Հայրենիքդ ես գտնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/4728772595361
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել