Վերջին տարիներին Հայաստանում ի հայտ է եկել մի տարօրինակ միտում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները փոխում են իրենց կարգավիճակը: Մասնավորապես, Հայաստանի պետական ագրարային համալսարանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, որոնք նախկինում հանդիսանում էին պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), այժմ վերակազմավորվել են համապատասխանաբար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ճարատարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ձեռք են բերել հիմնադրամի կարգավիճակ:
Առաջին հայացքից զուտ արարողակարգային այդ փոփոխությունները իրականում լուրջ մտորումների տեղիք են տալիս: Պարզ է, որ «ազգային» եզրույթն այստեղ զուտ արարողակարգային բնույթ է կրում, քանզի այն ինքնին որևէ մեկին որևէ բան չի պարտավորեցնում: Արդեն իսկ ունենք նման եզրույթ պարունակող անվանումներով հաստատություններ (ազգային պատկերասրահ, ազգային օպերա, ազգային գրադարան և այլն), սակայն վերջիններս դրանից հաստատ չբարելավեցին իրենց աշխատանքի արդյունավետությունը:
Իսկ ահա հիմնադրամի կարգավիճակի ձեռքբերումը կրկնակի մտահոգիչ է: Բանն այն է, որ մինչ այդ առկա ՊՈԱԿ-ի կարգավիճակի պայմաններում պետությունն ուղղակիորեն հանդիսանում էր ԲՈՒՀ-ի հիմնադիր և պարտավոր էր ստանձնե վերջինիս գործունեության թեկուզև մասնակի ֆինանսավորման պարտավորություն, ինչը և քիչ թե շատ անում էր: Անվանումից այժմ հանվել է «պետական» բառը, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ այդ ԲՈՒՀ-երն այլևս պետական չեն: Իսկ եթե դրանք պետական չեն, ու ՊՈԱԿ էլ չեն, ապա այլևս պետությունը պարտավոր չէ բյուջետային հատկացումներ անել դրանց բնականոն գործունեության ապահովման նպատակով:
Այսպիսով, պետությունը շարունակում է իր պատասխանատվություններից ձեռնթափ լինելու քաղաքականությունը: Մերթ առողջապահական հիմնարկներն են սեփականաշնորհվում, մերթ մշակութային օջախներ կամ մանկապարտեզներ են վաճառվում, հիմա էլ անցան բարձրագույն կրթության համակարգին: Այլ կերպ ասած՝ պետությունը երկրում ճարտարապետության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում կադրերի պատրաստման համաի այլևս պատասխանատու չէ:
Հարցեր՝ ո՞վ է հաջորդը, և առհասարակ, պետությունն ինչի՞ համար է ընդհանրապես պատասխանատու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1466795773585412?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել