Նյուպորտի գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ որևէ երրորդ երկիր չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության նկատմամբ վետոյի կիրառման իրավունք և որ որևէ երկրի առջև դաշինքի դռները փակ չեն:
Ակնհայտ է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո իրավիճակն աշխարհում որոշակիորեն փոփոխվել է: ՆԱՏՕ-ում հստակ հասկանում են, որ կիսամիջոցներով բավարարվելը այլևս արդյունք տալ չի կարող:
Այլ կերպ ասած՝ շարունակելով զանց առնել դեռ 1991թ. իր ստանձնած պարտավորությունը, ՆԱՏՕ-ն շարունակելու է ընդլայնվել դեպի Արևելք: Իսկ ողջ Արևելյան Եվրոպայի և Մերձբալթիկայի երկրները ներառելուց հետո զուտ աշխարհագրորեն կարելի է շարժվել երեք ուղղությամբ՝ դեպի Սկանդինավիա, Ուկրաինա և Անդրկովկաս:
Սկանդինավյան երկրներից երկուսն արդեն ՆԱՏՕ-ի անդամ են, մյուս երկուսը՝ Շվեդիան և Ֆինլանդիան, չեզոք պետություններ են: Նյուպորտի գագաթնաժողովում պարզ դարձավ, որ այդ երկրներին էլ է փորձ արվում ներգրավել ՆԱՏՕ-ի կազմում, թեև վերջիններս դեմ են: ՎԱռավելագույնը, ինչ ստացվեց կորզել, վերջնահաշվում նրանց տրված հատուկ գործընկերոջ կարգավիճակն էր:
Իսկ ահա մյուս երկու ուղղություններով ամեն ինչ շատ ավելի բարդ է: Մասնավորապես, համաձայնեցվել է միջոցառումների փաթեթ, որն ուղղված է Վրաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը և ՆԱՏՕ-ին վերջինիս անդամակցության արագացմանը:
Ուկրաինայի պարագայում ամեն ինչ ավելի հստակ է՝ կամա թե ակամա, ՆԱՏՕ-ն ստիպված է այևս Ուկրաինային համարել իր դաշնակիցը, քանզի այլ պարագայում կստացվի, որ այն ուղղակի զիջում է դիրքերը:
Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ՆԱՏՕ անմիջական սահման կար երկու տեղում՝ ԽՍՀՄ-Նորվեգիա և ԽՍՀՄ-Թուրքիա սահմանային հատվածներում: Այժմ, կարծես, բանը գնում է նրան, որ Ռուսաստանի եվրոպական գոտու բոլոր արտաքին սահմանները լինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, բացառությամբ, իհարկե, Բելառուսի և Ֆինլանդիայի:
Բայց այստեղ կա մի նրբություն: Եթե երկու կողմերից որևէ մեկը չի ցանկանում պատերազմել մյուսի հետ, ապա այն, որպես կանոն, ձգտում է հնարավորինս հեռացնել հակառակորդին իրենից, շրջապատել իրեն դաշնակիցներով կամ չեզոք երկրներով, քանզի, որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, անմիջական ցամաքային սահմանի դերը ոչ ոք չեղյալ չի հայտարարել:
Եվ ընդհակառակը՝ եթե կողմերից որևէ մեկը ցանկանում է պատերազմել մյուսի հետ, ապա այն անում է հնարավորինս, որ ստեղծի ցամաքային կապ մյուսի հետ, և այդ ճակատը որքան լայն լինի, այնքան լավ: Այսինքն այն, ինչ անում էր Գերմանիան 1941 թվականին նախորդող ժամանակահատվածում:
Հռետորական հարց բոլորին՝ ո՞վ է տանում աշխարհը դեպի Երրորդ Համաշխարհային Պատերազմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=365657550265826&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել