Հսկայական կլինիկա է МОНИКИ-ն: Հսկայական ու տարօրինակ: Միշտ անվերջանալի և աղմկոտ հերթեր, հերթերի պես անվերջանալի ու լիովին անիմաստ թղթաբանություն, իսկ ժամը երկուսից հետո… բաժանմունքներում բժիշկ չես գտնի. դռներն ամուր փակել, լավագույն մաղթանքները բանալիների հետ միասին հանձնել հերթապահ բժշկին ու թռել են մասնավոր կլինիկաներ՝ ինչպես ասաց նրանցից մեկը՝ մի պատկառելի դոկտոր, օրավուր կոնյակի փողը վաստակելու:

 

Ինչով ասես՝ այստեղ չեն զբաղվում: Ոմանք այստեղ աշխատում են, ոմանք ձևեր են թափում, թե աշխատում են… Ոմանք դիսերտացիաներ են գրում, ոմանք ուրիշների դիսերտացիաներն են փողով գրում… Մարդիկ այստեղ բուժվում են, կամ հավատում են, թե բուժվել են: Նրանցից ոմանք այստեղ մշտական են, մյուսները՝ տարանցիկ չվերթի պես, ժամանակավոր հանգրվանել են, ինչպես, օրինակ, ձեր խոնարհ ծառան:

 

Բայց ամենից զատ և ամենից շատ, ռոմանտի՛կ կլինիկա է այս МОНИКИ-ն: Երիտասարդ ու հմայիչ օրդինատոր-բժշկուհիներն ընդմիջման ժամին, բակում իրենց հանձնում են ամռան արևի վերջին քնքշանքներին, իսկ փորձառու, տարեց պրոֆեսորներն այդ նույն ժամանակ, դեմքի ակադեմիական արտահայտությամբ զննում են վերջիններիս ՝ մոլեկուլյար մակարդակով ուսումնասիրելով  նրանց կազմվածքի բարեմասնությունները, որոնք շատ գրագետ կերպով հատուկ ընդգծվում են բժշկական համազգեստի զուսպ կոնտուրների տակ:  Ասեմ ավելին՝ դիտողունակ աչքը կնկատի, որ հազվադեպ չեն այստեղ կարճաժամկետ սիրավեպերն ու սիրախաղերը, ինչպես ստանդարտ դարձած “բժիշկ-բուժքույր”, այնպես էլ “բժիշկ-պացիենտ” խիստ հետաքրքիր և խոստումնալից  ֆորմատով….

 

*** *** 

 - Դե, պառկիր, կռասավչիկ, հիմա կսկսենք քեզ ծակծկել: Դու Վադիմ Իլյիչի բարեկամն ես, չէ՞:

 

Վիրաբույժ-էնդոկրինոլոգն է: Երեկ ինձ ծանոթացրին իր նշած Վադիմ Իլյիչի հետ, ով բաժանմունքի ղեկավարն է, նա էլ որոշեց ինձ մեծահոգաբար հանձնել այս վիրաբույժին, ինչպես հետո պարզվեց՝  բավականին խելացի ու հմայչատես մոլդավուհուն (բնավ ոչ “սմուգլյանկա”), որ վերջինս ինձ “ծակծկի”: Զանգեց, թե՝ “Լենա Միխայլովնա, վաղը մեր երիտասարդ բարեկամին կնայեք, պունկցիա կանեք, կուղարկեք ցիտոլոգիայի՝ Վիկային, ես իրեն կտեղեկացնեմ: Դե, իսկ հետո կտեսնենք՝ ինչ անենք”:

Ահա, մեր այս Լենա Միխայլովնան էլ մտածել է, թե ես Վադիմ Իլյիչի բարեկամն եմ, առավել ևս, որ գրացված չեմ բաժանմունքում և շրջանցել եմ կոմերցիոն բաժնի հետ խրթին հարաբերություններ հաստատելու շրջանը՝ եկել եմ առանց պայմանագրի ու վճարման կտրոնի. դե, տեղում կվճարեմ, հայավարի, էլի:

 

 - Կռասավչիկ վերջին անգամ  10 տարի առաջ եմ եղել, Լենա Միխայլովնա, - ասացի՝ տեղավորվելով թախտին, - իր բարեկամն էլ չեմ, երեկ եմ ծանոթացել: Իսկ Դուք շատ չե՞ք ցավեցնի, հուսով եմ:

 - Հա, իսկ ես մտածեցի… Ամեն դեպքում՝ չեմ ցավեցնի, չնայած բարեկամ չես, հի-հի-հի՜, - բազմանշանակ ժպիտով պատասխանեց նա՝ սոնոգրաֆիայի տվիչը խորհրդավոր թափահարելով աչքիս առաջ, - Тааак, սա ի՞նչ է մեզ մոտ… Հի-հի… Հանգու՞յց: Լավ է, լավ է, հի-հի…

 

Տեսնես ի՞նչ է խմել էս տիկինն առավոտ գիշերով, տեր Աստված…

 

 - Ձեր այս հանգույցները պունցկիա չե՞ն արել

 - Չէ, Երևանում պետք է անեին, բայց կամ չկարողացան, կամ չուզեցին, չգիտեմ: Ես էլ եկա այստեղ: Մեկ է՝ գալու էի:

 - Լավ ես արել, լավ ես արել, миленький мой, որ եկել ես, ես մե՜ծ սիրով հիմա մի քանի հատ կծակեմ, հի-հի՜…

 

Չէ, հաստատ մի բան խմել է, կամ ծխել: Բայց լավ աղջիկ է երևում:

 

 - Վա՜խ… Ցավացնում եք…

 

Չէի էլ նկատել, որ արդեն ասեղը վերցրել էր…

 

 - Ոչինչ, սպասիր… Մի՛ փախիր, վայ… Սպասի՛ր, մի՛ շարժվիր, ճիշտ տեղն ընկնեմ… Էս ինչ վտվտիկ ես, տղա՛, տեղդ հանգիստ չես պառկում, հի-հի-հի… Մեկ է՝ ինձնից հեռու չես փախչի… Մի րոպե, էլի… Ըհը, սա էլ եղավ: Ասում ես՝ Հայաստանից ես? Լավ է, չէ՞, որ հարավում ես ապրում: Ես մե՜ծ հաճույքով տաք երկրում կապրեի. ո՛չ մուշտակի պրոբլեմ, ո՛չ ձմեռային անվադողերի, թե չէ՝ մեզ մոտ… Սպասիր, миленький,  մի՛ խլվլա, վա՜յ…. Թող գործ անենք:  Ցավե՞ց: Կներես… Ոչինչ, մինչև պսակվելդ կանցնի:  Հա, ի՞նչ էի ասում… Ուրեմն հիմա գլուխդ թեքիր դեպի պատը ու վեր, աջ կողմի լիմֆահանգույցից էլ վերցնեմ, տեսել ես՝ ինչ մեծ է?  Չշարժվես: Ոչինչ, մի 10 վայրկյան է, էլի…  Ցավում է? Կներես, էլ չեմ անի, հի-հի…  Վերջ, ստացվեց, ուր պիտի փախչեր որ? Սա էլ՝ էսպես: Հա, ինչ էի ասում. տաք երկրներում լավ է, էլի…

 

Ու այսպես՝ մենախոսելով, խինդ-ուրախությամբ վեց պունկցիա արեց՝ 2-3 րոպեում: Տնաշենները մեզ մոտ՝  Երևանում երկու վիրաբույժով մի քսան րոպե չարչարվեցին ու չկարողացան վերցնել, իսկ վերջում ասացին, որ հանգույցները համ խորն են, համ փոքր են, չի լինի վերցնել, կարող եմ մի երկու ամսից գալ….

 

 - Ну, все, дорогой, հիմա այս պակետը վազքով տանում ես 8-րդ կորպուս, նկուղ, այնտեղ կտեսնես, գրված է ցիտոլոգիա,  կտաս Վիկային, անուն-ազգանունդ կասես, կգրի, հետո կասի՝ երբ գաս վերցնես: Ի դեպ, անունդ ի՞նչ է:

 

… Աչքիս էս հմայիչ վիրաբույժը խոսելու առիթ տանը քիչ է ունենում, տեղը հանում է գործի ժամանակ:

 

 - Սարգիս: Իսկ Ձե՞րը: Հա, վայ, Ձերը՝ Լենա: Հի-հի…

 

 - Սառկիիի՞ս, - կարծես ուրիշ ձայնով ծոր տվեց նա, - Սառկի՜սսս: Դե, ինչ՝ գնացեք ցիտոլոգիա, պատասխանը կլինի, կբերեք ինձ մոտ, Սառկիս ջան:

Ծխախոտ կպցրեց: Մի ուրիշ, անհասկալի հայացքով  է նայում ինձ, կարծես՝ անունս Նաբուգոդոնոսոր էր… Տրամադրությունն էլ փոխվեց հանկարծակի: Ջա՞ն: Ասաց՝ ջա՞ն: Ոչ թե “джан”, այլ հենց ջան, կարծես՝ հայերեն:

 - Կներեք, ինչ –որ բան այն չէ՞:

 - Ամեն ինչ նորմալ է, Սառկիս, - ծխից հազալով մի կերպ պատասխանեց նա, - ամեն ինչ նորմալ է: Ամուսնուս անունն էլ էր Սառկիս: Նա արդեն վաղուց չկա:

Լավ բան չստացվեց…

 - Կներեք, Լենա Միխայլովնա… Ցավում եմ, որ տխուր հուշեր արթնացրի՝ ինձնից անկախ:

 - Չէ, չէ, բան չկա, Սառկիս, հանգիստ եղեք: Գնացեք, դե, ինչ եք կանգնել, տարեք դա Վիկային:

 

Տուն գնալու ճանապարհին դաժան անձրևի տակ ընկա: Հատուկ մի կանգառ շուտ իջա, որ անձրևի տակ քայլեմ. կարոտել էի մոսկովյան ամառային անձրևները: Վաղուց այդպես չէի թրջվել:  

Բնապատկերներ չեմ սիրում նկարագրել, թե չէ մանրամասն կծավալվեի անձրևի մասին                 (երևի բավականաչափ ռոմանտիկ չեմ): Իսկ այդ անձրևը գեղարվեստականացնելու և այս պուճուր պատմությունում որպես տեղային ֆոն  (որի վրա, տեսեք-տեսեք, ծավալվում է իմ ներքին մենախոսությունն, օրինակ` ծնվում են անձրևածոր մտքեր և այլն) օգտագործելու համար ես համապատասխան հավես չունեմ ու չեմ սիրում նման հնարքներ: Կներեք:

 

*** ***

 

Ո՞վ է գժվել այնքան, որ առավոտ ժամը 9:30-ին ինձ զանգի, այն էլ՝ երբ ես քնել եմ մոտ 4-ին… Երևի Անին է: Օրը վեց անգամ, խիստ կայուն ժամագրաֆիկով, զանգում-հարցնում է՝ ինչ եղավ, ինչպես եղավ՚: Չէ, Անին չէ, անծանոթ համար է:

 

- Ալո, լսում եմ:

 - Սաքո, վռազ արի կլինիկա, ցիտոլոգիայի պատասխանն եղել է, Լենա Միխայլոնվան ինքն է գնացել վերցրել: Եկավ ինձ ասաց, որ քեզ շուտ կանչեմ, կրկին պետք է վերցնեն, ինչ-որ բան այն չէ:

 

(Քավորն է: Մեր հեռու բարեկամն է, և բոլոր նրան քավոր են ասում՝ ինձ անհայտ պատճառներով: Նա է ծանոթացրել վերոհիշյալ Վադիմ Իլյիչի հետ, ինքն էլ է այդտեղ աշխատում): 

 

Դե, մալադե՛ց Լենա Միխայլովնա. երեկ կեսօրին ծակծկեց, էսօր առավոտ չթողեց քնեմ… Տեսնես՝ վաղը երեկոյան ինչ կարող է անել?

 

 - Լավ, Սուր ջան, գալիս եմ:

 

Ո՜նց չեմ սիրում մոսկովյան տաքսիները: Հատկապես, երբ տաքսիստը մոլի շատախոս ուզբեկ է, ում անդադար խոսելուց դու շատ քիչ բան ես հասկանում, դեռ ճանապարհին էլ մի քանի անգամ սխալ կողմ է թեքվում…

 

 - Կներեք, ես Լենա Միխայլովնային էի ուզում տեսնել, - հարցնում եմ բժիշկների սենյակում, քանզի իր կաբինետը փակ է, վրան էլ գրված է “меня нет”:

 - Իսկ նրան մի 2 ժամ չեք տեսնի, երիտասարդ, նա վիրահատության է:

 

Լավ է, էլի: Ինձ առավոտ գիշերով կանչում է, երբ ինքը վիրահատության է…. Կարող էր, չէ՞, այլ ժամի կանչել: Ինչևէ, իջնեմ կարդիոլոգիա, քավորի մոտ, երեկ մի շատ սիրուն ու բարեհամբույր բուժքույր եմ տեսել իրենց բաժնում:

 

Որպեսզի շատ չցանցառանա այս պատմությունը և միաժամանակ խնայեմ ընթերցողի ժամանակը, այստեղ կխուսափեմ իմ ու վերոհիշյալ բուժքրոջ միջև “բարձր մատերիայի” մասին ծավալված ցանցառ զրույցը և հաջորդ հանդիպումը նկարագրելուց, առավել ևս, որ դա որևէ շարունակություն չունեցավ՝ հակառակ իմ սպասումների:

 

 Կարճ ասած՝ ինչ-որ ֆոլիկուլյար էպիթել էին գտել պունկտատի մեջ, որն այդտեղ նորմալ դեպքերում չպետք է լիներ, և ցիտոլոգը պահանջել էր կրկին վերցնել: Լենա Միխայլովնան, այս անգամ արդեն մեկ ուրիշ բժշկի հետ միասին,  պարանոցս տարբեր տեղերից էլի մի քանի հատ ծակծկեց, իհարկե՛՝ քնքշաբար և անշուշտ ՝ զուգահեռաբար շատախոսելով ու կչկչալով: Ուրախ են ապրում Մոսկվայի բժիշկները….

 

Երկորդ արդյունքն ավելի լավը չէր՝ ինչպես պարզվեց այդ նույն օրը երեկոյան: Այս անգամ ինքս գնացի արդեն ձեզ ծանոթ Վիկայի մոտ  ու խնդրեցի հենց իր՝ գեղեցիկ նկարներով ձևավորված մանրադիտակի ներկայությամբ բացատրել՝ ինչն ինչոց է: Նա էլ անվրդով պատասխանեց, թե շատ նման է նորագոյացության, կարող է օնկոլոգիա լինել, բայց բջջաբանական զննումը լիարժեք արդյունք տալ այդ հարցում չի կարող, և պետք է վիրահատական բիոպսիա անել՝ արդեն հյուսվածքաբանական քննության համար: Ապա մաղթեց առողջություն և թաթիկով անելով՝ ճանապարհեց Լենա Միխայլովնայի մոտ: Ու ինչքան պնդեցի, փող չվերցրեց, թե՝ դու Լենայի ընկերն ես, ես ո՞նց կարող եմ փող վերցնել…. Ուզում էիր վճարովի անել՝ կոմերցիոն բաժին գնայիր, պայմանագիր կնքեիր…

 

Այսպես, ահա, պարզվեց, որ ես Լենա Միխայլովնայի ընկերն եմ և այդ նշանակալից փաստից բացարձակապես տեղյակ չեմ…. Հետ եմ ըկնում, փաստորեն, դեպքերի զարգացումներից, անհուսալիորեն հետ եմ ընկնում:

 

 - Դե, Ձեր գործն այստեղ ավարտվեց, չէ՞, Լենա Միխայլովնա: Շատ շնորհակալ եմ: Հիմա արդեն վազվելու եմ օնկոլոգների կաբինետներով:

Նա կարծես դրան էր սպասում. միանգամից նեղացած, չարացած վրա տվեց, թե՝ այդ ու՞ր առանց ինձ, ես քեզ ինքս կուղեգրեմ, չէ, ավելի լավ է ՝ կտանեմ կրծքային վիրաբուժության բաժին, այնտեղ գլխավորը տորակալ օնկոլոգը հայ է, ձերոնցից, թող մի հատ նայի, հետո կմտածենք,  մեկ է՝ դու ի՛մ պացինետն ես, եթե պետք լինի այդ հանգույցները հեռացնել, ե՛ս եմ անելու, ինձնից լավ այստեղ դա ոչ ոք չի անում… Իսկ հիմա քեզ խելոք պահիր,  արագ առաջ ընկիր, քեզ տանում եմ Ագասի Գամլետիչի մոտ…

 

Ու տարավ:

 

Ճամփին էլ կարգին աղմկեց իններորդից վեցերորդ հարկ իջնելու ընթացքում, այնպես, որ քավորի՝ վերը հիշատակված գեղեցիկ ու գրգռիչ բուժքույրը, լսելով Լենա Միխայլովնայի՝ որևէ բանի հետ անշփոթելի բաբմ ձայնը, 7-րդ հարկից միացավ մեզ:

 

 - Բարի օր, պրոֆեսոր, կարելի է, - Լենա Միխայլովնան գլուխը ներս խցկեց կիսաբաց դռան արանքից, - ձերոնցից՝ Հայաստանից պացիենտ ունեմ:

 

Ագասի Գամլետիչը պատկառելի արտաքինով, խիստ խելացի աչքերով ու մարմնեղ մի մարդ էր, ով, ինչպես պարզվեց, բնավ հավես չուներ հայաստանցի ու հայ պացինետների հետ հաղորդակցվելու… Գուցե մտածեց, թե անվճար կոնսուլտացիա կամ իր ստատուսին անհարիր, ինչ-որ բան ենք ուզում, չհասկացա, բայց շատ անտարբեր ու կոպիտ “ցրեց”, թե՝ Լենա, ես ձեր ժամանակը չունեմ, երիտասարդ՝ Դուք ավելի լավ է՝ գնացեք սկզբից էս-էս հետազոտություններն անցեք, հետո в случае чего, կգաք,  բայց մի 4-5 օրից ոչ շուտ, որովհետև ես, կներեք, բայց խիստ զբաղված եմ,  և ի դեպ՝ ինչու Երևանում չեք ուզեցել այդ ամենն անել, որ վեր կացել-եկել եք այստեղ…. Եվ այլն….

 

Սպիտված եղա Ագասի Գամլետիչին համոզիչ կերպով ցույց տալ, որ ինքն ուղղակի ցրում է՝ մեկնաբանելով իր նշած էս-էս հետազոտությունները, որոնց մեծ մասը ո՛չ մի կապ չուներ իմ խնդրի հետ, և հեզաբար հուշելով, թե նման դեպքերում տորակալ վիրաբույժը սովորաբար ի՛նչ է անում, ու՛ր է ուղարկում և ինչու….

Նա, իհարկե, չէր սպասում, որ ես մի քիչ գլուխ եմ հանում բժշկությունից, և վատ զգաց իմ “մունաթից”,  սկսեց արդարանալ… Բայց ես, բավականին վրդովված լինելով, կոնսուլտացիայի փողը ուղղակի նետեցի սեղանին ու դուրս եկա:

 

Լենա Միխայլովնան սկսեց ինձ համոզել, որ ոչինչ, բան չկա, “դրանք բոլորն են խոզ”  այդ բաժնում, անձնավորված չընդունեմ, և այլն: Բայց ես տենսում էի, որ նա ինքն էլ չէր հավատում իր ասածներին:

Զանգեց ինչ-որ Բասանովի (ով հայտնի օնկոլոգ-լիմֆոլոգ էր՝ ինչպես հետո պարզվեց), կոնսուլտացիա պայմանավորվեց “իր մի կռասավչիկ պացինետի” համար, ու հրավիրեց առաջին հարկ՝ սրճարանում մի-մի հատ ծխելու:

 

Սուրճ խմելու ընթացքում ես, ինձ ոչ բնորոշ անտակտությամբ, սկսեցի հարցուփորձ անել իր հանգուցյալ ամուսնու, ինչպես նաև առհասարակ իր կյանքի ու երջանիկ երիտասարդության մասին:

Սկզբում չուզենալով, կարծես՝ դանդաղորեն հաղթահարելով ներքին մի աննկուն դիմադրություն, խեղդվելով սեփական բառերի ծանրության տակ և ընթացքում ոչնչացնելով մի 5-6 էժանագին ու տհաճ հոտով սիգարետ, Լենա Միխայլովնան ինձ մտովին տարավ հետ՝ դեպի 1993 թվական, Հայաստան….

Պիրոգովի անվան բժշկական հալասարանի երկրոդ կուրսի ուսանողուհի Լենոչկան, իր սիրած տղայի՝ երրորդ կուրսի ուսանող Սարգիսի հետ, փախել էր Հայաստան… Բոլորից թաքուն: Փախել էր, որովհետև իր ծնողները՝ որոշակի բարձր դիրք զբաղեցնելով այն ժամանակների մոսկովյան հարուստ շրջանակներում, կտրուկ դեմ էին իր և մի անհայտ-անփող հայ տղայի սիրուն և միությանը: Փախել էր Սարգիսի հետ Հայաստան, որպեսզի, իր ձևակերպմամբ, մի ամիս մնային, ընթացքում կզգասավորվեին, ու բոլորին կկանգնեցնեին արդեն կատարված փաստի առաջ:

Հայաստանում իրեն շատ լավ էին ընդունել տղայի հարազատներն ու ընկերները, միանգամից շատ էին սիրել, գլխներին դրած ման տվել: Երևանում հայտնվելուց 3 օր հետո դիմել էին Մյասնիկյանի շրջանի ԶԱԳՍ-ի բաժին ու մաղարիչով-ծանոթով խնդրել-համոզել՝ իրենց հնարավորինս շուտ, արտահերթ պսակել, քանի որ՝ այսպես-այսպես, պապան կարող է գալ ու խառնել բոլոր խաղաքարտերը: Ընդառաջել էին երիտասարդ զույգին, դիմելուց 4 օր հետո նշանակելով ամուսնության գրանցման արարողությունը:

Բայց դիմելուց 3 օր հետո իր Սարգիսին բռնել էին Ռոսիա կինոթատրոնի մոտ, խցկել զինվորական ավտոբուսն ու տարել Ղարաբաղ…. Կռիվ էր: Շունն էլ տիրոջը լավ չէր ճանաչում: Կհիշեք այդ անակնկալ հավաքները…

Մի որոշ ժամանակ անց Սարգիսը զոհվել էր Խրամորթի մոտակայքում, հակառակորդի անսպասելի հակագրոհի ժամանակ…

Հուղակավորությունից հետո Լենային էին սկսել մեղարդել Սարգիսի բոլոր հարազատները. նա որ չլիներ՝ Սարգիսը ետ եկողը չէր, ու չէր զոհվի պատերազմում… Մարտիրոսված զինվորի եղբայրը ծեծել էր Լենային փողոցում, իսկ մորաքույրը եկել էր իրենց վարձած բնակարան ու կռիվ սարքել՝ խայտառակ անելով “ռուս փչացած, պոռնիկ ուսանողուհուն”, որը “տիզի պես կպել էր իրենց ոսկի տղուն, գլուխը մտցրել Հայաստան գալ”, ու որի պատճառով էլ զոհվեց Սարգիսը…

Հուղակավորությունից մի քանի  օր անց Լենան գնացել էր մոտակա զինկոմիսարիատ ու գրանցվել կամավոր՝ որպես բուժքույր ճակատ մեկնելու համար:

Զինկոմը, երկար – բարակ հարցուփորձ էր արել, ու որոշել, որ մեղք է աղջիկն, ինչ ճակատ? Ուզում է բուժքույր լինել՝ թող թիկունքում լինի: Մյուս առավոտ կամավորական տղերքի հետ, “Երազով”, իրեն ուղարկել էին Ղարաբաղ՝ հոսպիտալում որպես բուժքույր ծառայելու համար:  

Կարգին ծառայել այդպես էլ չէր ստացվել. հայրը եկել էր ուղիղ երկու շաբաթից ու կռվով-դավով, համոզելով ու սպառնալով՝ իրեն ետ բերել Երևան, մյուս օրն էլ՝ արդեն Մոսկվա….

2005 թվականին Լենան արտաամուսնական երեխա էր ունեցել, տղա, և անունը դրել Սերգեյ, իսկ տանը Սարգիս է ասում… Այդպես էլ ապրում է՝ իր երեխայի հետ, աշխատում, դասախոսում, գլուխը պահում:

 - Ահա, այսպիսի հետաքրքիր կյանք եմ ունեցել, բարեկամս: Լավ, դա հեչ, Սառկիս, հենց ազատվես այս ամեն ինչից, ես քեզ կհրավիրեմ մեր տուն, տղայիս հետ կծանոթացնեմ: Հայերեն էլ մի քանի բառ գիտե, հայ հարևաններս են սովորեցրել: Միայն թե՝ ականջի հետև չգցես, ինչ Բասանովը կասի, կանես: Հետո, եթե պետք լինի վահանագեղձի հանգույցներն ու լիմֆատիկները վիրահատել, մեկ է՝ ե՛ս եմ անելու, հասկացա՞ր: Ես դա շատ լավ եմ անում, չմտածես, ու փող էլ չեմ վերցնի, միայն հիվանդանոցի ծախսը կտաս, - ոչ թե շուրթերով, այլ մգացած, խոնավացած աչքերով էր կարծես խոսում Լենա Միխայլովնան…

Բասանովն իր բարձրության վրա չեղավ: Առաջին զննությունից հետո չուզեցի նրան էլ տեսնել՝ հասկանալով, որ 12 հատ անկապ օնկոմարկերի անալիզ, 3 տոմոգրաֆիա ու էլի եսիմ ինչեր նշանակած բժիշկն ուղղակի ուզում է հնարավորինս շատ փող աշխատել իր մասնավոր կլինիկայի համար:

Ու որոշեցի գնալ Բլոխինի անվ. ինստիտուտ: Լենան զանգեց, թե՝ ինչ եղավ, ինչպես եղավ?

“Այպես-այսպես, Լենա Միխայլովնա, ինձ կթու կովի տեղ են դրել, ինչ կասեք՝ նմա՞ն եմ”:

“Վայ, ես դրա մերը, Սառկիս, արի գնա Բլոխին, թող այնտեղ նայեն: Ուզու՞մ ես՝ հետդ գամ”:

“Չէ, չէ, Լենա Միխայլովնա, ես ինքս, уж как нибудь գլուխ կհանեմ”:  

Երկու օրից՝ SMS առավոտյան 8:15-ին. “Կռասավիչկ, ինչ եղավ, ինչ ասացին Բլոխինում? Արի նայենք, մեր ամենալավ օնկոհեմատոլոգն արձակուրդից վերադարձել է, ասել եմ, որ պացինետ ունի արտահերթ”:  

 

“Չէ, Լենա ջան, շնորհակալություն, ինձ համար արդեն պարզ է. Բլոխինում ասացին, որ ոչ մի լուրջ բան չկա, պետք է դինամիկ հսկողություն, Երևանում մեկ-երկու ամսից կրկին կհետազոտվեմ”:

“Սառկիս, բա չե՞ս գա՝ տղայիս հետ ծանոթացնեմ? Մի՛ մտածիր, անհարմար առաջարկներ չեմ անի :-)  ”:

 “Սառկիս, ո՞նց ես՚: Սուրենն ասաց, որ վաղը գնում ես: Կգրես ինձ, չկորես: Առողջություն քեզ”

“Սառկիս, եթե, Աստված մի արասցե, պետք լինի վիրահատություն, անպայման կգաս, ես կանեմ”:

“Սառկիս, բարի թռիչք: Երանի քեզ, որ Երևան ես գնում… Գրկում եմ” :

**** ****

Ինտերնետից փորձեցի ինֆորմացիա գտնել Լենա Միխայլովնայի մասին: Պարզվեց, որ իրոք շատ լավ և հայտնի էնդոկրին վիրաբույժ է, շատ մենագրություններ ունի այդ թեմաներով, ինչ-որ պետական մրցանակների դափնեկիր է, անգամ վահանագեղձի վրա վիրաբուժական միջամտությունների ինչ-որ երկու նոր մեթոդի հեղինակային պատենտ ունի…

Իսկ ֆորումներում ոմանք գրում են՝ “врач от Бога”, ոմանք էլ ասում են, որ չնայած ոսկե ձեռքեր ունի ու անհավանական բաներ է անում վիրահատական նշտարով, շատ չար ու կաշառակեր կին է, և մինչև մի 30 հազար առձեռն չես տալիս, անգամ պետպատվերով վիրահատությունները չի անում…. Չեմ կարողանում հավատալ դրան: Եվ չեմ էլ ուզում:

 

 © Միքայէլ Սարգիս, 30.08.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել