Փորձագետները նախազգուշացրել են, որ մսի ավելի քիչ օգտագործումը կարող է նպաստել, որպեսզի սննդամթերքի հետագա պահանջը բավարարվի և հնարավոր լինի խուսափել կլիմայական փոփոխություններից: Քեմբրիջի և Աբերդինի առաջատար գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ միայն սննդի արտադրության ոլորտից արտազատվող ջերմոցային գազերը կարող են 2050 թ.-ին գերազանցել ջերմոցային գազերի արտազատումների թույլատրելի մակարդակը:

Ըստ գիտնականների՝ բնակչության աճը և անցումը մսով ծանրաբեռնված արևմտյան սննդակարգերին թույլ չեն տա, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքը 30 տարի անց բավարարի աշխարհի 9.6 միլիարդ բնակչության սնդային պահանջները: Հավանական է, որ անտառահատումները, պարարտանյութերի կիրառումը և մեթանի արտազատումները 80 տոկոսով կավելացնեն ջերմոցային գազերի արտազատումը սննդի արտադրության ոլորտից:
Կարո՞ղ է մսի և կաթնամթերքի ավելի քիչ օգտագործումը մեղմացնել կլիմայական փոփոխությունները: Այս տարի հրապարակված մի հեղինակավոր զեկույց ևս նմանատիպ եզրակացություններ է պարունակում: Այդ զեկույցում նշվում է, որ գյուղատնտեսական արտազատումները կշարունակեն ավելանալ մսի և կաթնամթերքի գլոբալ օգտագործման աճին զուգահեռ: Եթե գյուղատնտեսական արտազատումների հարցը չլուծվի, 2070 թ.-ին դաշտերի ծիծաղեցնող գազը և անասուններից արտազատվող մեթանը կկրկնապատկվի:

Շվեդիայի գիտնականներն ասել են.
- Մենք ցույց ենք տվել, որ մսի և կաթնամթերքի օգտագործման նվազեցումը անհրաժեշտ է գյուղատնտեսական արտազատումներից առաջացած կլիմայական աղտոտումը այնքան նվազեցնելու համար, որ այն չգերազանցի անվտանգ համարվող շեմը: Սննդակարգի շեշտակի փոփոխության համար երկար ժամանակ է պահանջվում:
Դրա համար էլ արդեն հիմիկվանից պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք այնպիսի սնունդ օգտագործել, որը բացասաբար չի անդրադառնա կլիմայի վրա: Գիտնականները նշում են, որ ոչ թե պետք է իսպառ հրաժարվել մսի օգտագործումից, այլ պարզապես չափավորել դրա օգտագործումը:



