Ընդամենը 4 տուր է անցել Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մեկնարկից: Դեռ վաղ է եզրակացություններ անելը, սակայն մի քանի փաստ արդեն իսկ հնարավոր է արձանագրել:
Նախ՝ անխտիր բոլոր թիմերում առկա են օտարերկրյա խաղացողներ, իսկ որոշներում դրանց թիվը չափից ավելի է: Մասնավորապես, թիմերից մեկում վերջին տուրի խաղին մասնակցած 14 ֆուտբոլիստներից 10-ը օտարերկրացի են, իսկ 4-ը՝ ազգությամբ հայ ռուսաստանցիներ: Ըստ էության, ուղղակի կապ մեր երկրի հետ նրանցից և ոչ ոք չունի: Ավելին՝ բանը հասել է նրան, որ ֆուտբոլիստներ են հրավիրվում ոչ այնքան ֆուտբոլային երկիր հանդիսացող ԱՄՆ-ից:
Իսկ քանի որ Հայաստանի բարձրագույն խումբը ոչ միայն չի դասվում առաջատար լիգաների շարքին և այստեղ դժվար թե արտերկրից գան այստեղ վարպետություն կատարելագործելու, ապա մնում է, հավանաբար, միայն մեկ տարբերակ՝ յաստեղ գալիս են գումար վաստակելու, իսկ հարմար առիթի դեպքում՝ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու նպատակով:
Ու քանի որ գումար վաստակելու տեսակետից բարձրակարգ ֆուտբոլիստն այստեղ չի գա՝ նման դեպքերի համար գոյություն ունեն Քաթար և ԱՄՆ, ապա պարզ է դառնում, որ այստեղ եկողների մակարդակը բարձր լինել չի կարող:
Սակայն այստեղ կարևոր է այլ հանգամանք: Լավ, ինչ է, մենք այնքա՞ն հարուստ երկիր ենք, որ ակումբների ղեկավարները պատրաստ են վճարել, և հավանական է, որ ոչ քիչ, ոչ այնքան բարձրակարգ օտարերկրացի խաղացողներին: Ավելի հեշտ չէ այդ գումարները ներդնել մեր պատանի տաղանդների հայտնաբերման և կատարելագործման ոլորտում:
Իհարկե, դա ոչ միայն ավելի հեշտ է, այլև նպատակահարմար հայկական ֆուտբոլի հեռահար շահերի տեսակետից: Սակայն այդ ռազմավարությունը րոպեական հաջողություններ բերե չի կարող՝ այն խարսխված է հեռահար նպատակների իրականացման գաղափարի վրա:
Ու թեև կասկածելի է նաև օտարերկրյա ֆուտբոլիստների դիվիզիաներ բերելով հաջողության հասնելու մարտավարության արդյունավետությունը, սակայն փաստ է, որ այն կիրառվում է ու կիրառվում ակումբների մեծ մասի կողմից:
Սակայն այդ մարտավարությամբ ընթանալու դեպքում ոչ հեռու ապագայում մեր ազգային հավաքականի արձանագրած հաջողություններն արդեն հիշվելու են իբրև քաղցր երազ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1463406877257635?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել