Ահա եկավ սեպտեմբերի 1-ը: Այսօր երեկոյան կավարտվի նախապատրաստական եռուզեռն ու հազարավոր փոքրիկներ վաղն առաջին անգամ կբռնեն «երկար ու դժվար» դպրոցի ճամփան:

Այսօր երեկոյան երջանիկ ծնողները, հավանաբար, կամփոփեն իրենց զավակի առաջին զանգի նախապատրաստության ծախսերն ու... ամենայն հավանականությամբ կսարսափեն:

Մեր թղթակիցն էլ, նախասեպտեմբերմեկյան ողջ շաբաթն անցկացրել է մայրաքաղաքի խանութներում ու շուկաներում` փորձելով պարզել, թե «ի՞նչ արժե» առաջին դասարանցին: Ստորև ներկայացնում ենք մեր «շուկայական հետազոտությունների» արդյունքները.

  • վերնաշապիկ 5500-6500 դր.,
  • տաբատ 5500-6500 դր.,
  • կիսաշրջազգեստ 5000-5500 դր.,
  • մեկ զույգ կոշիկ 6500-7000 դր:

Այսպիսով` երեխային առաջին դասարան ուղարկելու համար երևանցի ծնողը ստիպված է ծախսել շուրջ 25 000 դրամ միայն դպրոցական հագուստ (վերնաշապիկ, տաբատ կամ կիսաշրջազգեստ, մեկ զույգ կոշիկ) ձեռք բերելու համար: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր դպրոցական կարիք ունի գոնե «երկու ձեռք» հագուստի, ապա այս թիվն ուղղակի կրկնապատկվում է:

Գրեթե բոլոր դպրոցներում պահանջում են նաև սպորտային համազգեստ, որի գինը տատանվում է 8000-9000 դրամի սահմանում:

Առաջին դասարանցիներին դասագրքերը տրվում են անվճար: Փոխարենը` անհրաժեշտ գրենական պիտույքներն արժեն.

  • տետր 140 դրամ
  • գրիչ 80 դրամ,
  • պայուսակ 3800 դրամ,
  • մատիտ 60 դրամ,
  • գրչաման 800 դրամ,
  • ռետին 90 դրամ,
  • քանոն 70 դրամ,
  • գուն.մատիտներ 350 դրամ,
  • ալբոմ 240 դրամ,
  • օրագիր 440 դրամ:

Այսպիսով, «շուկայի հետազոտության» արդյունքում կարելի է պնդել, որ հայաստանցի միջին վիճակագրական առաջին դասարանցին «արժե» ընդամենը... 55-65 հազար դրամ: Վերջնական արդյունքն ստանալու համար սրան գումարեք նաև ծաղկեփնջի արժեքը` ըստ ճաշակի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել