Ազատ, Անկախ Արցախը մեր պատմության շարունակականությունն է: Շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության տոնի առիթով: Իմ պատկերացմամբ՝ անկախությունը ուղիղ համեմատական է Արցախի հետ, որովհետև դա անկախության կերտման դասական օրինակ է՝ թե ազատատենչ պայքարի, թե հերոսապատված պատերազմի, թե ժողովրդավարական սկզբունքների և թե միջազգային իրավունքի նորմերի գրագետ կիրառման տեսանկյունից: Մեր ժողովուրդը կարողացավ սրբագրել մեր պատմության վերջին փայլուն էջերից մեկը, որը ժամանակի անարդարությամբ աղճատվել էր, ու պատմությունը մոտ էր անարդարության հերթական խմբագրման, սակայն մեր հերոսներն իրենց համառությամբ ու հերոսական ոգով կարողացան պատմության անիվը շրջել արդարության հունով: Այսօր Արցախն իր արժեքային և ինստիտուցիոնալ կառուցվածքով անհամեմատելիորեն գերազանցում է այն երկրին, որը հավակնում է այդ տարածքին, սակայն անհնար է ժողովրդավարական կառուցվածքով և քաղաքակրթապես զարգացած երկիրը դարձնել վիճելի տարածք բռնապետական, առանց պատմական հիմքի, արհեստականորեն հորինված, այլոց քաղաքակրթության ծվենները դեֆեկտիվ յուրացրած պետության կազմում: Այս պարագայում չի աշխատելու տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես, ոչ էլ իրավական առումով: Ադրբեջանը ԱԽՍՀ իրավահաջորդ չէ, այն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը չէր տիրապետում Արցախին, մյուս կողմից էլ՝ 1921թ. որոշումն ապօրինի էր միջազգային իրավունքի տեսանկյունից (մեկ անձի որոշում, որը վերաբերում է այլ երկրների տարածքներին), իսկ տարածքային ամբողջականությունը կարող է առաջանալ միայն Արցախի ազատագրված տարածքների առնչությամբ, այդ դեպքում Արցախը ավտոմատ դառնում է անկախ պետություն, այլապես գործում է միայն ինքնորոշման իրավունքի սկզբունքը, քանի որ Արցախը ճանաչված պետություն չէ, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է ճանաչված պետությունների միջև տարածքային վեճի պարագայում: Հեռու չէ այն օրը, երբ Արցախը կդառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ճանաչված պետության կարգավիճակով: Կեցցե Անկախ Արցախը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/754229984615499?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել