...Մարդն ապրում է միայն այն դեպքում երբ ձգտում է կատարելության, շարժվում դեպի իր Իդեալը ամեն օր, ամեն ժամ տանում է տքնաջան աշխատանք` հոգեփոխելով ու կատարելագրծելով իրեն, առաջ մղվելով: Կյանքը հոգու ընթացքն է, շարժումը, առանց որի վրա է հասնում մահը` քաոսը:Սերը դեպի իդեալդ տանող տքնաջան աշխատանքը - ահա կարևորագույնը և մայրը բոլոր տեսակ սերերի, վերջինները լոկ ածանցյալներն են առաջինի: Չկա առաջինը, ուրեմն մեռած է մարդը, ուստի չեն էլ կարող լինել մնացյալները: չկա առաջինը, նշանակում է նրա հոգին զուրկ է շարժումից, ուստի և դատապարտված մահվան, նա մեռնում է ամեն վայրկյան ինչպես ջրի կուտակումն է անշարժությունից վերածվում ճահճի, ինչպես քաղցկեղով հիվանդը, որ գամված է անկողնին: Իսկ նրա հոգու վերջնական մահից հետո, թեև գուցե դեռ կենդանի կլինի մարմինը, այնուամենայնիվ կսկսի նեխել, հոտել և որդնել նրա հոգու դիակը, ինչի գարշահոտությունը կհասնի և ըմբռնելի կլինի ՈՂՋԵՐԻՆ, նրանց ովքեր գիտակցում են որ հոգի ունեն, և ջանք չեն խնայում արագացնել իրենց հոգու շարժը դեպի կատարելություն
Այս ամենը հասկանալուց և գիտակցելուց հետո միայն կարելի է քննել ՄԱՐԴՈՒՆ և իր կյանքը: Այժմ կարող ենք հետևեցնել, որ ՄԱՐԴԸ պատասխանատու չէ ներկայում գտնվող և դեռևս փորձության ենթարկվող անձերի առաջ, ովքեր հայտնի չեն` ողջ են, թե մեռած, ապրում են, թե հետզհետե մեռնում, կանցնեն արդյոք փորձությունները և կդասվեն արդյոք ՈՂՋԵՐԻ շարքը գոնե իրենց մահվանից հետո, քանի որ մահն է այն վերջնական կնիքը, որով կնքվում է մարդուս անցկացրած կյանքը, և որոշվում նրա ով լինելը նրա կյանքի ամբողջական ընթացքը վերլուծելուց հետո:
Մինչև ծնկները խրված` ՆԱ քայլում է տիղմի միջով: Հեռվում նրան սպասում է իր Իդեալը, ով ամփոմված է մահվան մեջ: Գուցե նա շատերի պիտի փրկի իր ճանապարհին, գուցե մի երեխայի աղերսագին ճիչ է ստիպել նրան բռնել այդ անօրինակ ճանապարհը: Ներկայում գտնվողները չգիտեն` ինչի համար է նա գնում և ուր, և ինչպե՞ս կդատնեն նրանք այդ ճանապարհին ՆՐԱ հայտնվելը. գուցե և համարեն ցնորված...կարիք չկա նրանց մեղադրելու .նրանք չեն տեսնում այն փարոսը, որը տեսնում է ՆԱ: Ներկայում գտնվողները ՆՐԱ համար գոյություն չունեն, նրանք ընդամենը դեռևս չձևավորված ուրվականեր են, ուստի ՆԱ ԻՐԵՆ պատասխանատու չի համարում նրանց առաջ, ինչպես և նրանց նորմերի առաջ:
- Միթե դա հիմքը չէ սանձարձակության, անպատասխանատվության` լի իր դժոխային հետևանքներով:
- Ասվածից թող ոչ ոք չբխեցնի, որքան էլ իրենց հաճելի լինի, թե ՄԱՐԴԸ անպատասխանատու մի արարած է: Ավելի ՆԱ ունի հազարապատիկ ավելի հզոր դատավորներ , քան նրանք: Մեծ Մեռելներն են, որոնց անցած ճանապարհով ՆԱ է անցնում հիմա, ովքեր հայրական խստապահանջ հայացքով դիտում են նրան ամենուրեք, անգամ հետևում ու հսկում նրա մտքերի մաքրությունն ու վսեմությունը: ՍՐԱՆՑ է միայն հաշիվ տալիս ՄԱՐԴԸ, Սրանց առաջ է ԻՐԵՆ պատասխանատու զգում, ինչպես նաև ՆՐԱՆՑ, ովքեր պիտի դեռ ծնվեն և դասվեն ՍՐԱՆՑ և ԻՐ շարքը: ՍՐԱՆՔ են գերագույն դատավորները, քանի որ Սրանք են որոշում` արդյոք ՄԱՐԴՆ արժանի է կանգնել իրենց կողքը...