Գագիկ Ստեփանյան (մականունը՝ Հեթանոս Գագո) - 13 փետրվար, 1965 - 16 մարտի, 1994՝ Արցախյան ազատամարտի հերոս։
Ծնվել է Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը (ընդհանուր թվով 27 ընտանիք), տեղափոխվում է Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը։ Իսկ նրա մյուս պապը, մասնակցելով Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։
Խիզախությունը և արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվել է բռնցքամարտով Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Դինամո մարզական ընկերություն, ստացել էր սպորտի վարպետի կոչում, և բազմաթիվ անգամներ դարձել էր տարբեր մրցույթների հաղթող։ 1984թ. մեկնել է ծառայության խորհրդային բանակ։
Խորհրդային բանակում ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում է եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան (Ղարաբաղյան) շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացավ Սովետաշենում, իսկ Բագրատը հայկական ֆիդայական խմբերի համար զենք էր հայթայթում։
1990թ. ապրիլին Արայիկը իր ընկերների հետ միասին տիրեցին Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն սկսեցին և շրջափակեցին Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվել էին Խուստուփի ծերպերում։ Գագիկը, շտապ օգնության մեքենայով ներխուժելով շրջան, շրջափակումից ազատեց եղբորը, ընկերներին և զենքը։
Հայ-ադրբեջանական ճակատում ընթանում էր պարտիզանական պատերազմ, որին անմիջական մասնակցություն ունեցան Գագիկն ու իր եղբայրները։
1992թ. Գագիկը ընդգրկվեց «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում։ Մասնակցություն ունեցավ Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը։ Մասնակցել է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհի, Ղուբաթլի և Ֆիզուլիի մոտ (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մղված մարտերին։ Գագիկը հասավ նաև մինչև Քելբաջար (ներկայիս՝Քարվաճառ)։
Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստացավ «Հեթանոս» մականունը։
1994թ. փետրվարի 13-ին, իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի վրա դիրքերից մեկը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։
1994թ. մարտի 13-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ։ Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ, մարտի 14-ի առավոտյան ադրբեջանցիները հետ քաշվեցին։
Մարտի 14-ին օրն անցավ երկու կողմերի միջև կրակահերթերի փոխանակումով։
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը, վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով, թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը։ Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։ Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։
1995թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։
1999թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել