Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ամենաանբացատրելի կողմերից մեկը թերևս հայ- թուրքական հարաբերություններն են: Թվում էր, թե փակուղի մտած արձանագրություններով (որոնց շահավետությունը հայկական կողմի համար մեղմ ասած վիճելի էր) պետք է, որ ավարտվեր հայ–թուրքական հարաբերությունների վերսկսման 1- ին փուլը՝ գոնե ի դեպս նախագահ Ս. Սարգսյանի կամ նախարար Է. Նալբանդյանի: Ինչու՞: Որովհետև մեծ հաշվով որևէ բեկումնային իրադարձություն տեղի չի ունեցել, որը կստիպեր նույն խաղացողներին խաղալ մի խաղ, որի արդյունքը մեկ անգամ տեսել ենք:
Բայց արի ու տես, որ արտաքին գործոց նախարար Նալբանդյանը մեկնելու է Անկարա Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու: Կա՞ մեկը, որ կարող է բացատրել տվյալ այցի նպատակը: Էրդողանի ձեռքին էր Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության ղեկը և անկասկած իր թեթև ձեռքով է, որ վերոգրյալ արձանագրությունները տապալվեցին (ի դեպ շնորհակալ ենք դրա համար): Երկրորդ՝ Էրդողանը մշտապես( և մանավանդ իր նախագահական ընտրապայքարի ընթացքում) հանդես է եկել հակահայկական հայտարարություններով: 
Տվյալ այցի աննպատակահարմարությունը (մեղմ ասած) ունի ևս մեկ հիմնավորում: Հայաստանի Հանրապետությունը կարծեք թե ամենաբարձր մակարդակով պատրաստվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թե որքանով է 2015- ը տարբերվելու 2014-ից կամ 2004-ից կամ առհասարակ ինչ ենք ուզում այդ 2015- ից ու զուտ միջազգային ճանաչումից դա հարցի մյուս կողմն է, բայց փաստն այն է, որ 2015- ին մեծ կարևորություն է տրվում, միջոցառումներ են կազմակերպվում և կան ինչ- որ ակնկալիքներ միջազգային հանրություն կոչվածից: Սակայն դրան զուգահեռ սպասվում է Նալբանդյանի այցը Անկարա, որը հավանաբար կխորհրդանշի կամ կդիտվի, որպես երկկողմ հարաբերությունների նոր փուլ, որը ուղղակի ջուրը կլցնի այն բոլոր քարոզչական միջոցառումները, որ պետք է իրականացվեն գալիք տարի: Նոր թափով կներդրվի հանդուրժողականության ու MOVE ON-ի տարբերակը:

 Հ.Գ. Վաղուց ժամանակն է, որ հասկանանք ինչի ենք ուզում հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման կամ առհասարակ մոռացության հարցում և ինչու ենք դա ուզում: Ինչպես նաև ինչ ենք ուզում հայ- թուրքական հարաբերություններից: Հակառակ դեպքում այս գաղափարական վակումը երկար դատարկ չի մնա, իսկ տատիկ- պապիկների պատմածներով move- on- ի դեմ չես պայքարի:

 Հ.Հ.Գ. Գիտեմ, որ այս ուղղությունը միակ խնդիրը չէ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել