Չեմ կարծում, որ տիկին Արուսի առավոտները երբևէ ծանր են եղել, բայց երգի հեղինակ Հախվերդյանը հավանաբար ծանոթ է տանջալի առավոտներին` ալկոհոլային մարաթոնից հետո:
Պոստը նվիրվում է բոլոր նրանց, ում համար ուրբաթն ուղղակի շաբաթվա օր չէ, այլ ալկոհոլի միջոցով լիցքաթափվելու առիթ:)
Միգուցե շատերիս համար տարօրինակ հնչի, բայց առավոտը պետք չէ սկսել սրճով: Ալկոհոլը մարմինը ջրազրկում է, ինչի հետևանքով մենք առավոտյան վատ ենք զգում, գլուխը ցավում է (կամ ինչպես ասում են` թեթև բդում): Թվում է, թե հին ու բարի սև սուրճը, որն ավելի հայտնի է դառը կոֆե անունով կփրկի իրադրությունը…
Իրականում սուրճը նույնքան կջրազրկի մարմինը, հասցնելով ձեր գլխացավը նոր աստիճանի: Իհարկե, եթե դուք մոլի սրճամոլ եք (տարօրինակ անվանում ստացվեց :) ), ապա կարող եք ձեզ թույլ տալ թունդ սուրճ, բայց միայն մեկ բաժակ H2O-ից 20-30 րոպե հետո, որպեսզի օրգանիզմին շատ շոկի մեջ չգցեք (եթե իհարկե այն երեկվա խմելուց հետո դեռ չի կորցրել զարմանալու կարողությունը) :)
Մեկ այլ ծայրահեղություն, որը եկել է կինոներից` նարնջի հյութ: Իհարկե այս պոպուշ ըմպելիքը գեղեցիկ է նայվում առավոտյան նախաճաշի կողքին ու անգամ օգտակար թվում…բայց ոչ խմելու հաջորդ օրը: Սովորաբար սնուցող ու օգտակար այս ըմպելիքն այս օրերին կարող է դառնալ ձեր ստամոքսի թշնամին, այնպես որ հեռու մնացեք դրանից ու առհասարակ բոլոր ցիտրուսայիններից դրանք կգրգռեն ու կցավեցնեն զգայուն ստամոքսը:
Արժե փորձել
Ինչպես վերևում նշեցի, առավոտյան առաջին բանը, որ արժե անել դա ձեր ջրազրկված օրգանիզմը սովորական ջրով հագեցնելն է` մեկ բաժակը լրիվ բավական է: Եթե չեք սիրում ուղղակի ջուր խմել կարող եք փորձել իմբիրով կամ անանուխով թեյ, դա նույնպես օգուտ է խմելուց հետո:
Եթե թեյն էլ ձեր սրտով չէ, ապա խնձորի կամ լոռամրգի հյութերն իրենց ֆրուկտոզայով կգան օգնության` դուրս մղելով ալկոհոլի առաջացրած տոքսինները: Բնական հյութերը նաև կտան էներգիա, վիտամիններ ու կսնուցեն ձեր օրգանիզմը ջրով:
Բանան, կիվի, սպանախ
Այս փոքրիկները հարուստ են կալիով, որը մեր օրգանիզմը կլցնի էլերգիայով ու կպայքարի ալկոհոլից առաջացած ազատ ռադիկալների դեմ, որոնք պատճառով մենք առավոտյան մեզ սպառված ու չորացած ենք զգում:
Ձու
Հասարակ ձվով նախաճաշը կփրկի մեզ լյարդի ցավերից ու տարատեսակ հիվանդություններից: Իսկ դրանց մեջ առկա ցիստեինը կոչնչացնի ակատալդեհիդներին (էթանոլից առաջացող նյութ, որի պատճառով մեր գլուխը ցավում է):
Մեղրով տոստ
Պարզ ուտելիք, որում առկա ածխաջրերը կբարձրացնեն արյան շաքարը, ավելացրեք մի փոքր մեղր և այս հասարակ նախաճաշը կօգնի արագ վառել ալկոհոլի հետքերն ու օրգանիզմից դուրս մղել այն: (համեղ տոստի ռեցեպտի համար սղմիր այստեղ`Ֆրանսիական տոստ)
Վարսակ (օվսյանկա)
B Վիտամիններով, կալցիով, մագնեզիումով ու երկաթով հարուստ այս ուտելիքը միանգամից կսնուցի ձեր օրգանիզմը, կոչնչացնի արտադրված վնասակար թթուներն ու ողջ օրվա էներգիայի պաշար կտրամադրի:
Լոլիկ
Բացի կարևոր վիտամին C-ից ու ֆրուկտոզայից լոլիկն ունի լիկոպեն, որը կօգնի նվազեցնել ալկոհոլի հետևանքով օրգանիզմում առաջացած բորբոքումը, այն նաև լավ է տանջված լյարդի համար:
Գլխավոր լուսանկարը` Դամիան Հովհաննիսյանի արխիվից
P.S.
Գրված ամեն ինչ փորձել եմ սեփական կաշվիս վրա, այնպես որ առանց երկմտելու կարող եք ավելացնել այս մթերքները ձեր հետալկոհոլյան ճաշացանկում:
Սիրով`
Ալկո-Նյամիկ Էլլա Կանեգարիան