8 եվրոպական գաղութարար երկրներից ժամանակի ընթացքում որոշները դադարեցին լինել այդպիսին ապագաղութացման ժամանակաշրջանից ավելի վաղ: Գերմանիայի համար գաղութարարության վերջն էր առաջին համաշխարհային պատերազմը, Իտալիայի (նաև Ճապոնիայի) համար՝ երկրորդը:
Սակայն մյուս գաղութարար երկրների համար, իհարկե, առաջնային խնդիր եղել և մնում է դիրքերը պահպանելը: Այստեղ կանդրադառնանք ֆրանկոֆոն գաղութարար երկրների (Ֆրանսիայի և Բելգիայի) կողմից կիրառվող մեթոդիկային:
Ֆրանսիան 19-րդ դարի վերջից մինչև առաջին համաշխարհային պատերազմի վերջը իրականացնում էր գաղութացման գործընթաց չորս մայրցամաքներում: Մասնավորապես, Առաջավոր Ասիայում Ֆրանսիայի գաղութ էին Սիրիան և Լիբանանը: Առաջ անցնելով պիտի նշել, որ այստեղ դիրքերը պահպանել չհաջողվեց: Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փոլում կրած խայտառակ պարտությունից հետո երկրի հնարավորությունները նկատելիորեն նվազել էին, իսկ պատերազմի ավարտից հետո դիրքերն այդ հատվածում վերականգնելը չստացվեց՝ իրենց շահերն ունեին ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ հզորացած Խորհրդային Միությունը: Արդյունքում 1946թ. ապրիլին վերջին ֆրանսիացի զինվորը լքեց Սիրիան և Լիբանանը: Սակայն դա անհետևանք չմնաց և դրսևորվեց հետագա բոլոր արաբա-իսրայելական պատերազմներում և նույնիսկ հիմա ընդդեմ Սիրիայի մղվող պայքարում Իսրայելին ցուցաբերվող ինչպես քողարկված, այնպես էլ բացահայտ ռազմական աջակցությամբ:
Հարավ-Արևելյան Ասիայում ֆրանսիացիների գործերը նույնպես վատ ընթացան: Ճապոնական նվաճողների ջախջախումից հետո Ֆրանսիան ցանկացավ վերականգնել կորցրած դիրքերը, սակայն Վիետնամի, Լաոսի և Կամբոջայի ժողովուրդները այդ մասին լսել այլևս չէին ցանկանում: Բանը հասավ պատերազմի, որն ավարտվեց ֆրանսիացիների լիակատար պարտությամբ: Դրանից հետո, թեև Ֆրանսիան ստիպված եղավ ճանաչել այդ երեք պետությունների անկախությունը, սակայն առիթը բաց չէր թողնում կիրառելու իր ավանդական գործելաոճը՝ տեղական տարբեր ուժերի իրար դեմ հանելը: Դա հանգեցրեց նրան, որ այդ երկրներում քաղաքացիական պատերազմները շարունակվում էին մինչև 1970-ական թվականների սկզբները:
Փոխարենը գաղութարարի դիրքերի պահպանման գործը առավել քան հաջող է ընթացել և ընթանում Աֆրիկայում: Այսօրվա աֆրիկյան պետություններից ավելի քան 15-ը եղել են ֆրանսիական գաղութ, և 1960թ. սկսյալ ստիպված լինելով ճանաչել դրանց անկախությունը (թեև դա կանխելու համար ինչ քայլի ասես դիմեցին՝ ընդհուպ մինչև Ալժիրի անապատում միջուկային զենքի փորձարկումները), ֆրանսիական իշխանությունները չէին մոռանում ստեղծել անհրաժեշտ նախադրյալները իրենց դիրքերը և տեղի բնական ռեսուրսներից օգտվելու հնարավորությունները պահպանելու համար: Այստեղ պիտի հաշվի առնել, որ չնչին բացառություններով, բոլոր աֆրիկյան պետությունները բազմազգ են, ինչը գաղութարարներին հնարավորություն է ընձեռում իրենց «աջակցությունը» ցուցաբերել մերթ այս, մերթ այն ցեղախմբին, հրահրել դրանց իրար դեմ: Տուժում են, իհարկե, տվյալ երկիրն ու ժողովուրդը, բայց գաղութարարին հենց դա էլ պետք է:
Եթե այդ հրահրումը ստացվում է, վերջում որպես հաշտարար, հետևաբար նաև հետագա խաղի իր կանոնները թելադրող, հանդես է գալիս հենց նույն Ֆրանսիան:
Իսկ եթե «խնամարկյալ» երկրների ղեկավարներից որևէ մեկը դուրս է գալիս «ենթակայությունից» և դառնում «անբարեհույս տարր», ապա գործին միջամտում են արդեն Ֆրանսիայի զինված ուժերը և իրականցնում «խաղաղության հաստատման» օպերացիաներ:
Երբ Ժան-Բեդել Բոկասսան իրականացրեց ռազմական հեղաշրջում և յուրացրեց իշխանությունը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, նա վայելում էր Ֆրանսիայի աջակցությունը: Նա շարունակում էր օգտվել դրանից, և դրան չէր խանգարում նույնիսկ մարդկային մեղքերից մեծագույնին՝ մարդակերությանը տրվելը: Սակայն երբ նա բարելավեց հարաբերությունները մյուս հարևան երկրների և հատկապես Լիբիայի հետ, ինչի արդյունքում նվազեց նրա կախվածությունը Ֆրանսիայից, նա, բնական է, զրկվեց այդ աջակցությունից: Իր արտահայտությունը՝ «Փարիզը չէ, որ պիտի որոշի իմ ապագան» դարաձավ նրա՝ տվյալ պահին աշխարհում առկա երկրորդ կայսեր գահակալման կարապի երգը:
Օգտվելով այն հանգամանքից, որ կայսրը այցով գտնվում էր Լիբիայում, Գաբոնից (ուր արդեն ընթանում էր մի նմանատիպ «խաղաղարար» օպերացիա) և Մալիից ֆրանսիացի դեսանտայինները ներխուժեցին ԿԱՀ և հաշված ժամերի ընթացքում հսկողության տակ վերցրին երկրի բոլոր ռազմավարական օբյեկտները: Իսկ երկիրը ցայսօր «վայելում է» ճգնաժամերի և ռազմական հեղաշրջումների «հաճույքը»:
Նման պատմություններից անպակաս է նաև Փղոսկրի Ափը, կամ, ինչպես իրենք են այն անվանում, Կոտ դ՛Իվուարը, Կոնգոն, Գաբոնը, Մալին… Մասնավորապես, Մալիում պարբերաբար իրար դեմ են հանվում իսլամիստներն ու չափավոր մահմեդականները, Գաբոնում՝ իբո և ֆանգ ժողովուրդները…. Կոնգոյում երկու Նախագահների դիմակայությունը տևում է արդեն գրեթե քառորդ դար: Իսկ Կոտ դ՛Իվուարը 2009-2012թթ. ընկղմվել էր քաղաքացիական պատերազմի հորձանուտ, որի ընթացքում Ֆրանսիան փոխեց իր համակրանքը և սկսեց աջակցել Ալասան Ուատտարային, իսկ արդեն նախկին Նախագահ Լորան Գբագբոն խոստովանեց, որ ինքը պայքարում էր «խռովարարների, բայց ոչ Ֆրանսիայի դեմ: Սակայն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը սկսեցին պատերազմել մեր դեմ»: Նշենք, որ դրանից երեք տարի առաջ, երբ Գբագբոն դեռ Ֆրանսիայի շահերի առաջամարտիկն էր տարածաշրջանում, Ֆրանսիան պայքարում էր Գբագբոյի դեմ պայքարող ընդդիմադիրների դեմ:
Ամերիկյան մայրցամաքում Ֆրանսիան թեև ստիպված եղավ հեռանալ Հայիթիից, ուր ցայսօր սով է ու կոտորած, բայց ատամներով պահում է Գվիանան, քանզի այնտեղ է Ֆրանսիայի և ԵՄ կողմից օգտագործվող տիեզերակայանը, ինչպես նաև մի շարք կղզիներ: Ցայսօր նաև չի իրականացվել Ռեյունիոն կղզու վերադարձի հարցը Մավրիկիոսին և Օվկիանիայում Պոլինեզիայի անկախության ճանաչման խնդիրը:
Այս հարցում Ֆրանսիայից շատ չի տարբերվում նրա հարևան Բելգիան՝ թերևս միայն մասշտաբներով: Բելգիայի գաղութն էին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (Զաիր), Ռուանդան և Բուրունդին: Շատերը դեռ հիշում են ինչպես Կոնգոյի երկարամյա քաղաքացիական պատերազմը, այնպես էլ Ռուանդայում իրականացված թութսի ցեղախմբի ցեղասպանությունը, երբ Բելգիան լռում էր, սակայն հետո միջամտեց, երբ կրկին ծագեց անցանկալի իշխանություններից ազատվելու և բնական ռեսուրսներից օգտվելու հնարավորությունները կորցնեու խնդիր:
Ամփոփենք՝ Ֆրանսիայի և Բելգիայի կողմից կիրառվող ժամանակակից գաղութացման մեթոդը հիմնված է ներազգային տարաձայնությունների և բախումների հրահրման, քաղաքացիական պատերամների բռնկման և իրենց հաճո դրածոներին իշխանության բերելու հայեցակարգի վրա: Մեկ բառով ասած՝ արյան վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1460651310867475&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել