Օգոստոսի 11-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում:
Դժվար է այս հարցում չհամաձայնել Նախագահի հետ: Իրոք, ի հայտ են եկել նոր հնարավորություններ, որոնցից պետք է լիարժեքորեն օգտվել, հատկապես եթե օգտվողի դերում հանդես է գալիս մի պետություն, որի բնակչության 20-25 տոկոսը ուղղակիորեն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստան չեն ներմուծվում հատկապես այն տեսակների գյուղմթերքները, որոնց արտադրությունը Հայաստանում խնդիր չէ և չի եղել, ու նաև այն, որ մեր գյուղմթերքների համբավը խորհրդային տարիներից ի վեր Ռուսաստանում դժվար թե մոռացված լինի, ապա պարզ է, որ հնարավորությունները մեծ են ու դրանցից պետք է օգտվել:
Սակայն, պարզվում է, մեր կառավարությունում այնքան էլ համամիտ չեն Նախագահի հետ: Հայտնի է, որ իր բոլոր առավելություններով հանդերձ, արտահանումը պարունակում է մի շարք ռիսկային գործոններ, և բնական է, որ պիտի ձեռնարկվեն միջոցներ դրանց դերի նվազեցման ուղղությամբ: Իսկ տնտեսական գործունեության ոլորտում ռիսկերի կառավարման և նվազեցման ամենաարդյունավետ միջոց է համարվում ապահովագրությունը:
Եվ այդ լույսի ներքո կառավարությունը որոշում է կայացնում «Արտահանման ապահովագրական ընկերության» լուծարման վերաբերյալ: Այլ կերպ ասած, այսուհետ արտահանման հետ կապված բոլոր ռիսկերը մնում են տնտեսվարողի ուսերին:
Հիմա ում հավատալ՝ Նախագահին, թե՞ Կառավարությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1617638295129291?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել