GetFile.aspx1in.am-ը գրում է.

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հայտարարությամբ՝ ինքն անհանգստացած է այն փաստով, որ Վրաստանի կառավարությունը Ուկրաինայում իրադարձությունների կապակցությամբ ավելի խիստ դիրքորոշումով հանդես չի գալիս Ռուսաստանի նկատմամբ: Մաքքեյնը սա ասել է «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում:

«Ինձ անհանգստացնում է այն, որ Վրաստանը կմտերմանա Ռուսաստանի հետ: Կառավարությունը չի դատապարտել Պուտինի գործողություններն Արևելյան Ուկրաինայում: Դա աներևակայելի է, դա անընդունելի է ինձ համար»,- նշել է Մաքքեյնը:

Սենատորը խոսել է նաև Վրաստանում իրավական գործընթացների մասին: «Ես շատ հիասթափված եմ: Նոր կառավարությունն ինձ համոզեց, որ անցյալը հետևում կթողնի: Վրաստանը շատ երկար ճանապարհ է անցել տնտեսապես, ժողովրդավարապես, ազատ և արդար ընտրություններ անցկացրեց, և հիմա այդ գործողությունները հիասթափեցնում են: Դրանք կազդեն Ամերիկայի և Վրաստանի հարաբերությունների վրա»,- հայտարարել է Մաքքեյնը:

Գործընթացներն Ուկրաինայում սենատորը կապում է Ամերիկայի արտաքին քաղաքականության պարտության հետ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինային խանգարի հաջողության հասնել:

«Մենք պետք է իրական պատժամիջոցներ սահմանենք, ծրագիր մշակենք, որը երկու տարի անց կապահովի ամերիկյան էներգառեսուրսների արտահանումն Ուկրաինա ու Եվրոպա և կկրճատի Եվրոպայի կախվածությունը Ռուսական էներգիայից: Մենք պետք է նաև վերագնահատենք Վլադիմիր Պուտինին և նրան ընդունենք այնպիսին, ինչպիսին նա կա իրականում՝ Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, որը ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը: Այդ ճանապարհով մենք Պուտինն կհասկացնենք, որ իր գործողությունները գին ունեն»,- ասել է Մաքքեյնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել