Tert.am-ը գրում է.
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին օրերին մանկապարտեզներին վերամշակված սննդամթերքի մատակարարման թեմային՝ ասաց, թե այդ առնչությամբ քաղաքապետարանի և ոստիկանության տրված պարզաբանումների մեջ ժամանակային անհամապատասխանություն կա, և իր համար առավել հավաստի է ոստիկանության կողմից տրված հաղորդագրությունը։
«Իսկ քաղաքապետարանը փորձում էր պաշտպանողական բնույթ ընդունել, թե մենք այդքան էլ մեղավոր չենք: Այնինչ, շատ լուրջ պրոբլեմ կա մրցույթի անցկացման կարգի մեջ: Երևանի քաղաքապետարանը պարտավոր է հրապարակել բոլոր ընկերությունների անունները, ովքեր ճանաչվել են մրցույթի հաղթող: Պետք է հրապարակվի նաև մատակարարվող ապրանքների գները: Եթե հաղթող ընկերությունը ներկայացնում է, թե 1100 դրամով կարող է հավ մատակարարել, ապա ներողություն, դա այդքան էլ հավաստի չէ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ ինչպես այս, այնպես էլ նախորդ դեպքերը պետք է լուրջ ահազանգ լինեն ամբողջ համակարգը վերանայելու հարցում, քանի որ չունենք որևէ երաշխիք, որ խախտումն այլևս չի կրկնվելու:
«Երբ պետությունը պաշտպանողական բնույթի հայտարարություն է տալիս, դա ինքնին ապացույց է, որ այս երկրում այս խնդիրը դեռ չի լուծվելու»,-հայտարարեց Պիպոյանը:
Սպառողների շահերի պաշտպանի հաղորդմամբ՝ պատկան մարմինները երբևէ հետամուտ չեն լինում, թե այն ընկերությունը, որը հաղթել է մրցույթում, ունի՞ արդյոք մատակարարվող սննդամթերքը պահելու համար անհրաժեշտ համապատասխան պայմաններ:
Բաբկեն Պիպոյանը մտահոգիչ համարեց նաև այն հանգամանքը, որ խնդրի հայտնաբերումից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից եղել է ընդամենը մեկ հայտարարություն, և տվյալ հաղորդագրությունը կրել է բացառապես պետական ապարատի պաշտպանության բնույթ, ոչ թե՝ սպառողի:
Առկա խնդիրները վերացնելու, ինչպես նաև հետագայում նման խնդիրներից խուսափելու նպատակով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն դիմել է վարչապետին՝ տրամադրելու պարզաբանում այն հարցերի վերաբերյալ, թե ե՞րբ են վերջին անգամ ստուգվել մանկապարտեզներին սննդամթերք մատակարարվող ընկերությունները, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, ի՞նչ պարբերականությամբ և ի՞նչ չափորոշիչներով են մանկապարտեզներում ուսումնասիրություններ իրականացվում կապված մթերքի ընդունման, պահպանման և այլ հարցերի վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



