1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին ԱՄՆ Պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունյակագիր Փոլ Գոբլը:
-Պարոն Գոբլ, անմիջապես հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածությունից մի քանի օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հարկի տակ ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որոնք վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով շարունակելու իրենց պատրաստակամության մասին: Ըստ Ձեզ` 1994թ. հրադադարից հետո առաջին նման աննախադեպ բախումն ի՞նչ է ցույց տալիս, ինչո՞ւ հենց այս փուլում սրվեց իրավիճակը այս հակամարտության գոտում:
-Ես կարծում եմ, որ հսկայածավալ հիասթափություն կա: Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմը, միջազգային հանրությունը ներգրավվել են Մինսկի խմբի աշխատանքներում սկսած 1992 թվականից և ավելի ակտիվորեն՝ 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմից հետո: Թեև պետք է փաստել, որ այս ամբողջ ընթացքում չի արձանագրվել որևէ հիմնարար առաջընթաց բանակցային գործընթացում, այսինքն՝ երկու կողմերը չեն հանգել հակամարտության կարգավորման իրական ճանապարհային քարտեզ ընդունելուն:
Այս իրավիճակում երկու մայրաքաղաքներում էլ եղել են մարդիկ, ովքեր բռնության ուղիով ընթանալը հաջողակ ծրագիր են համարել, իսկ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հարմար իրավիճակ է ապահովել նման տրամադրությունների համար, քանի որ մարդիկ տեսնում են այլ երկրներին ուժ կիրառելիս իրենց խնդիրները լուծելու համար: Ես կարծում եմ, որ կա հիասթափություն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, կա անորոշություն՝ ինչպես առաջ մղել բանակցոթյուններն այսուհետ:
Այն, ինչ արեց պարոն Պուտինը, դա հետևյալն էր. ոչ այնքան ինչ-որ նոր բան ստեղծելն էր կամ շրջանառության մեջ դնելը, այլ Ռուսաստանը բանակցությունների հիմնական կենտրոնը դարձնելը: Մի կողմից՝ Ռուսաստանը մշտապես եղել է այն կարծիքին, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը մտել են մի գոտի, որը Մոսկվայում շատերը համարում են Ռուսաստանի տիրապետության գոտի, մյուս կողմից՝ Արևմուտքի և Մոսկվայի միջև Ղրիմի բռնակցման և ուկրաինական խնդրի շուրջ աճող լարվածության ֆոնին պարոն Պուտինը, կարծում եմ, ջանք գործադրեց, որպեսզի բարձրացնի, վերականգնի Ռուսաստանի դերը այս բանավեճի հարցում:
Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը հակամարտության կարգավորմանն է ծառայելու, բայց ես հավատում եմ, որ սա սխալներ է բարձրացնում Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, և հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ընդունում այն, ինչ տեղի ունեցավ Սոչիում: Նրանք սա դիտարկում են որպես հերթական հանդիպո՞ւմ, կամ դիտարկում են որպես հիմնարա՞ր ինչ-որ գործողություն, որի վրա կշարունակեն աշխատանքը:
Ես լիահույս չեմ, որ առաջիկայում հնարավոր է բեկում: Ես լիահույս եմ, որ բռնությունը կդադարեցվի, քանի որ այդ բռնությունը վտանգավոր է բոլոր կողմերի համար: Ես հույս ունեմ, որ հակամարտության կարգավորումը պետք է միավորի հարգանք երկու սկզբունքների նկատմամբ, որ Երևանի և Բաքվի իշխանությունները հանձն են առել:
-Ընդհանուր առմամբ, Սոչիի հանդիպումը փոխեց ինչ-որ բան. հակամարտությունում կամ բանակցությունների հետագա զարգացման վրա ինչպե՞ս կանդրադառնա այն:
-Ես կարծում եմ, որ ամենակարևոր բանը, որ տեղի ունեցավ Սոչիում, այն էր, որ հանդիպումը կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, որը կարողացավ նախագահների հետ անձնական կապերի միջոցով ցույց տալ ռուսական աշխարհի իր գաղափարը, իսկ այդ աշխարհը ներառում է ամբողջ հետխորհրդային տարածքը: Եվ այն, ինչ մենք տեսանք, ապահովեց Ռուսաստանի հարաբերական ազդեցությունը բանակցային գործընթացում մյուս համանախագահների հաշվին:
Ռուսաստանը ձգտում է թուլացնել Մինսկի խմբի ձևաչափը: Դա չի նշանակում, որ ՄԽ-ն կդադարի գոյություն ունենալ, դա նշանակում է պարզապես, որ եթե բանակցային գործընթացում առաջընթաց լինի, ապա դա չի լինի ՄԽ շրջանակում, այլ ձևաչափում՝ բոլորը միասին: Սա, իհարկե, խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար, բայց կարճաժամկետ ապագայում Ռուսաստանը առավելություն է ստանում Արևմուտքի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի հետ կապված դիմադրության հարցում:
-Այսինքն` նաև դո՞ւք եք համաձայն հայաստանյան փորձագիտական հանրության շրջանում տարածված այն տեսակետին, որ Մոսկվան նման աննախադեպ լարվածություն հրահրեց հակամարտող կողմերի միջև՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար տարածաշրջանում իր բացարձակ ազդեցությունը, ուժը, պատերազմ հրահրելու և խաղաղություն հաստատելու իր կարողությունը:
-Իհարկե, հնարավոր է, որ Մոսկվան է գնացել դրան: Սա իհարկե շատ վտանգավոր ռազմավարություն է, բայց սա այն դեպքն է, որ ՌԴ ղեկավարությունը կարող էր դա անել այն ամենի համար, ինչի մասին արդեն խոսեցի, այսինքն՝ բարձրացնել Մոսկվայի դերը հակամարտության կարգավորման հարցում: Դու ստեղծում ես հակամարտությունը, հետո ասում, որ դու այն միակն ես, որը կարող է լուծել դա:
-Նման ռիսկերի պարագայում ԼՂ հակամարտությունը կվերաճի՞ լայնածավալ ռազմական գործողությունների:
-Ես մեծ հույսեր ունեմ, որ՝ ոչ: Կարծում եմ՝ ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները դա չեն ցանկանում, քանի որ առաջին հերթին իրենց համար պարզ չէ, թե ով կհաղթի նման գործողությունների պարագայում: Պատերազմական գործողությունների վերսկսումն այլ վտանգներով ևս լի է: Սա մի հակամարտություն է, որը նման զարգացման դեպքում կներքաշի Ռուսաստանին և Իրանին, Ադրբեջանում էթնիկական խմբերի հետ խնդիրներ կառաջանան: Այնքան խմբեր կան, որոնք կտուժեն, և ես կարծում եմ՝ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը հետ կկանգնեն նման մտքից: Ես այդպիսի զարգացումներ չեմ սպասում: Կողմերն իրենք դրան չեն գնա պարզապես:
-Ի՞նչ պետք է սպասեն Ադրբեջանն ու Հայաստանը Մոսկվայի քաղաքականությունից ԼՂ հակամարտության հարցում: Ինչի՞ց պետք է զգուշանալ, և արդյոք հնարավո՞ր է զգուշանալ ու չտրվել սադրանքների:
-Ռուսաստանի ուղիղ շահն է՝ ազդեցություն ընդլայնել Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում: Մի խելացի մարդ ասել էր, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է հետևյալ կերպ. Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը՝ գործիքը, իսկ Ադրբեջանը՝ նվերը: Մոսկվան օգտագործել է Հայաստանին, թեև Հայաստանը գուցե չի ունեցել մեծ ընտրության հնարավորություն, բայց Մոսկվան օգտագործել է Հայաստանին: Եթե Ադրբեջանում հանկարծ իշխանությունները բեկում իրականացնեն կամ փոփոխության դեպքում ռուսամետ դիրքորոշում ունենան, ապա ես կասկած չունեմ, որ ՌԴ ղեկավարությունը Երևանը կլքի միանգամից:
Եթե Մոսկվան կառուցողական կերպով ստանձնում է ԼՂ հակամարտության սեփականաշնորհումը, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է Մոսկվան լուծել դա, քանի որ մենք խոսում ենք երկու սկզբունքների բախման մասին: Եթե Մոսկվան չլուծի հակամարտությունը և առկա խնդիրը, ապա Երևանում և Բաքվում Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նկատմամբ առկա զայրույթը կուղղվի հենց Մոսկվայի դեմ, որը մի շարք խնդիրներ կառաջացնի: Ուստի Մոսկվան պետք է երկարաժամկետ ապագայի մասին մտածի և հասկանա, որ առկա զայրույթը կարող է շրջվել առաջինը իր դեմ:
-Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու որոշումը ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները պատճառաբանում էին անվտանգության սպառնալիքով՝ պնդելով, թե միանալով այդ նախագծերին՝ Հայաստանն ամրապնդում է անվտանգության այն երաշխիքները, որոնք Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: Այս ամենի առաջին փորձությունը, ըստ էության, 1994-ից հետո առաջին աննախադեպ լարվածությունն էր հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, որը հաջողությամբ հաղթահարեցին հայաստանյան ուժային կառույցները՝ առանց որևէ ռազմական աջակցության Ռուսաստանի կողմից: Ակնհայտ է, որ Հայաստանն ունի Ռուսաստանից կախվածությունը տարբեր ոլորտներում գլխավորապես անվտանգության ոլորտում նվազեցնելու անհրաժեշտություն: Ինչպե՞ս է հնարավոր դա անել: Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում Հայաստանի համար:
-Ես տեսնում եմ, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ: ՀՀ կախվածությունը Ռուսաստանից անվտանգության և տնտեսական ոլորտներում ԼՂ հակամարտության չկարգավորվածության պատճառով է: Հետևաբար, եթե Հայաստանը քաջություն ունենա կարգավորելու հակամարտությունը մի եղանակով, որը կարժանանա հայության մեծամասնության հավանությանը, ապա Հայաստանը կշահի մեծապես՝ ստանալով գործելու մեծ ազատություն. կմեծացնի տնտեսության հնարավորությունները, կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից միայնակ: Տարածաշրջանում տարբեր ուժեր հստակ են դարձրել մեկ բան, որ եթե լինի կարգավորում, ապա հայերը կարող են իրենց արտադրանքն ուղարկել Թուրքիա, Իրան, Ադրբեջան և այլուր: Սա կլինի Հայաստանի լավ ապագայի հիմքը, բայց դա կպահանջի հսկայական քաղաքական քաջություն և համարձակություն: Բայց և՛ Երևանում, և՛ Մոսկվայում կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ այդպիսի բան պատահի, քանի որ եթե Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի, ապա Ռուսաստանի ազդեցությունը կընկնի միանգամից: Ուստի ես կարծում եմ, որ Հարավային Կովկասում իրավիճակը շարունակելու է մնալ այնքան վտանգավոր, որքան որ կա, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն ունենա օգտագործել իր այսպես կոչված ազդեցությունը այդ հակամարտությունը լուծելու հարցում, բայց իրական լուծումը Ռուսաստանի հետաքրքրությունը չէ:
-Պարոն Գոբլ, եթե կա քաղաքական կամք, բայց ոչ բավարար հնարավորություն այդ կախվածությունը, որը նաև, Ձեր պնդմամբ, գուցե բնական է, նվազեցնելու համար, ինչպե՞ս կարող է Արևմուտքը աջակցել Հայաստանին այս ճանապարհին:
-Ես կարծում եմ, որ Արևմուտքը հստակորեն ցույց է տվել, թե ինչն է անհրաժեշտ համարում: Դրանք այն երեք սկզբունքներն են, որոնք թույլ կտան Հայաստանին բացել սահմանը Թուրքիայի հետ: Թուրքիայի հետ սահմանը բաց կլինի, Իրանի հետ սահմանը բաց կլինի: Ադրբեջանի հետ ևս նոր հնարավորություններ կբացվեն: Անկեղծ ասեմ. ես չեմ տեսնում, որ Արևմուտքը մոտ ապագայում կանի ավելի շատ քայլեր, քանի դեռ Մադրիդյան սկզբունքները իրագործված չեն:
-Ակնհայտ է մեկ բան. Մինսկի խմբի գոյությունը կասկածի տակ են դնում Ադրբեջանն ու Ռուսաստանը, այնինչ Հայաստանը հնարավոր բոլոր առիթների ժամանակ կրկնում է, որ այդ ձևաչափը պետք է պահպանվի, և Հայաստանը կողմ է բանակցություններն այդ սեղանի շուրջ շարունակելու գաղափարին ու, ըստ էության, նաև Հայաստանի ջանքերով է այսօր ՄԽ-ն շարունակում իր աշխատանքը: Արևմուտքը չի՞ գնահատի Հայաստանի այս ջանքերը:
-Ես կարծում եմ, որ Արևմուտքը հասկանում է, որ Ռուսաստանը ձգտում է թուլացնել այդ ձևաչափը: Եթե այս գիտակցումն ուժեղանա, ապա կմեծանա նաև գնահատումն այն կողմերի, որոնք աջակցում են Մինսկի խմբի գոյությանը: Դա հաստատ կգնահատվի:



