Վերջերս ինձ հետաքրքիր թեմա առաջարկվեց . պատմել այն մասին, թե ինչպես եմ ես հասկանում սերը, խոսել հենց իմ անունից : Հետաքրքիր թեմայի համար ՝շնորհակալություն))))
Չնայած նրան, որ ես չեմ կարողանում խոսել իմ զգացմունքների մասին ՝ այսօր կփորձեմ անել ամեն հնարավորը, որ գրառումս հասկանալի ստացվի, մտքերս էլ ճիշտ փոխանցեմ:
Սկսենք վերնագրից. այս բառակապակցությունը ծնվեց իմ ու ընկերներիցս մեկի խոսակցության ժամանակ : Պրակտիկ սեր : Այն է, ինչ ամբողջությամբ նկարագրում է իմ վերաբերմունքը սիրո նկատմամբ:
Իսկ ո՞րն է այդ պրակտիկ սերը . փորձեմ բացատրել:
՛՛ Երբ ես տեսնում եմ նրան ՝ ամեն ինչ կանգ է առնում:Ես խենթի պես սիրում եմ նրան ու երբեք չեմ դադարի սիրել: Իմ սիրտը նրա կողքին ուժեղ է զարկում ու ուզում է դուրս թռչել կրծքավանդակիցս՛՛ : Մոռանում ենք այս ամենը : Սա ինձ համար չէ : Իհարկե, ամեն մարդ յուրովի է ընկալում ու բացատրում սերը : Նման նկարագրությունը անչափ գեղեցիկ է , բայց սյունեական բացատրություն չէ)))) Ես ունեմ իմը, սեփականը ու նա ունի իր անվանումը՝
Պրակտիկ սեր
Դուք ունեք ձեռքեր: Ո՞րն է ձեր ՛՛կարևոր՛՛ ձեռքը : Իմը, օրինակ, ձախն է, քանի որ ես ձախլիկ եմ:
Պատկերացրեք, թե ես կանգնած եմ հայելու առջև ու ասում եմ. ՛՛Օ իմ ձախ ձեռք, ես սիրոմ եմ քեզ: Շնորհակալ եմ, որ այսքան տարիների ընթացքում դու իմ կողքին ես եղել: Առանց քեզ ես կկործանվեի, դու ամեն անգամ օգնում ես ինձ...՛՛ : Ծիծաղելի է , չէ՞ : Դուք երբեք չեք կանգնի հայելու դիմաց ու չեք գովերգի ձեր աջ/ձախ ձեռքին, չեք համբուրի նրան, սիրո խոսքեր չեք շշնջա :
Ավելին ասեմ ՝ դուք չեք էլ մտածում նրա գոյության մասին: Եթե ձեր ձեռքը ձեզ պետք չգա, դուք չեք կարոտի նրան , չեք մտածի ,թե ինչպես է նա իրեն զգում: Բայց այն միշտ կա ու միշտ մեզ հետ է ՝ անկախ նրանից մտածում եք նրա մասին, թե ՝ ոչ :
Եթե ես ուզում եմ ինչ-որ բան վերցնել, արդեն ռեֆլեքսորեն մեկնում եմ ձախ ձեռքս, ափս մատներիս հետ միասին ՛՛գրկում՛՛ են իրն ու նրան ՛՛ինձ մոտ բերում՛՛ : Ու ամեն անգամ այդպիսի ինչ-որ գործողություն անելուց հետո ես չեմ համբուրում իմ ձախ ձեռքին ու չեմ հուզվում նրա ուշադրությունից:
Նա միշտ ինձ հետ է ,երբ ունեմ նրա կարիքը: Գրել, կտրատել...Ամեն ինչ անում եմ նրա օգնությամբ :
Երբ նա վնասվում է, ես զգում եմ նրա պակասը: Ու ամեն ինչ անում եմ, որպեսզի ձախ ձեռքս նորից վերադառնա հին , միշտ պատրաստ վիճակին : Ու հենց բուժեմ նրան ՝ էլի կմոռանամ գոյության մասին: Բայց , միևնույնն է, հենց ուզենամ ինչ-որ բան վերցնել ոչ թե աջ ձեռքով եմ անելու այդ ամենը, այլ հենց ձախով:
Այ սա է պրակտիկ սերը)))) Ոչ մի ավելորդ բառ ու բառակապակցություն,ոչ մի սիրո դրսևորումներ ու ապացույցներ:
Իմ սիրո մեջ չկան խորիմաստ բառեր ու սիրուց քրքրվող տողեր ես իմ սիրո օբյեկտին չեմ նվիրում : Ես առաջարկում եմ միայն մեկ բան ՝ իմ աչքերը ,որոնց մեջ կարելի է շատ ավելին տեսնել:
Ես չեմ սիրում խոսել զգացմունքներիս մասին : Ինձ պետք չի առավոտից երեկո կրկնել ,որ կարոտել եմ : Իմ կարոտը կոպիտ է , առանց ավելորդությունների : Իմ չոր ու կարճ պատասխանները միգուցե ավելին լինեն, քան թե ժամերով ասված բառակույտերը :
՛՛Ես քեզ սիրում եմ՛՛ նախադասությանը պետք չէ ընդհանրապես մոտ գալ : Այս բառակապկցությունն իր մեջ անասելի մեծ էներգիա է պարունակում : Այն չի կարելի կրկնել ամեն մի անպետք առիթի ժամանակ : Չի կարելի նրան հասարակ , ականջի համար սովորական նախադասություն դարձնել : Այս տողերը ամեն անգամ լսելիս պետք է անհանգստություն զգաս ու անհասկանալի զգացմունք ծնվի:
Ես իմ ձախ ձեռքի հետ ինձ հարմարավետ եմ զգում. աջ ձեռքով ես նույնիսկ չեմ կարողանում գրիչ բռնել, իսկ ձախով՝ հստակ ու արագ գրում եմ: Ու հենց իմ սիրո օբյեկտի հետ էլ ես պիտի ինձ հանգիստ ու հարմարավետ զգամ այնքան, որքան որ հանգիստ եմ զգում, երբ ձախ ձեռքով գրում եմ :
Ու ամենակարևորը. ես չպիտի սիրեմ իմ սիրո օբյեկտի վեհ ու վսեմ բնավորության գծերը: Ո՞վ չի սիրի դրանք: Եթե իմ միակը շատ բարի է ու նուրբ ճաշակ ունի ՝ դա կնկատեն բոլորը : Սիրել ինձ համար չի նշանակում հիանալ բնավորության բոլոր լավ գծերով : Սիրել ինձ համար նշանակում է սիրել բոլոր բնավորության վատ գծերը, համակերպվել անտանելի սովորությունների հետ :
Սիրել ինձ համար նշանակում է անընդհատ գնալ առաջ ՝ սիրելիիդ հետ միասին: Երբեք կանգ չառնել թե հարաբերություններում, թե կյանքում : Ինքնակատարելագործվել, անընդհատ նորություններ ու փոփոխություններ: Ապրել այն ամենով, ինչ նրա համար կարևոր է : Միգուցե և չհասկանալ այդ ամենը , բայց ընդունել դրանք : Սիրել նաև նշանակում է փոխհամաձայնություն : Սիրո մեջ ոչ մի օր չպետք է նման լինի հաջորդին (և չի էլ լինի . չէ՞ որ սերը ինքնին իր մեջ հրաշք է պարունակում, իսկ հրաշքները միանման չեն լինում) : Անընդհատ փորձել այն ամենը, ինչ չես փորձել : Եթե սեր , ուրեմն ՝ ռիսկ ու ադրենալին:
Հասկանալ ,որ հենարան ունես , զգալ քեզ միշտ պաշտպանված : Չմոռանալ ,որ դու նույնպես հենարան ես հանդիսանում :
Պատմել, կիսվել ու չմոռանալ նաև լսելու մասին:
Ոչ մի բացատրություն , ոչ մի արդարացում . դու միշտ գիտես, որ քո ցանկացած խոսքն ու արարքը ճիշտ է հասկացվում :
Այս ամենը պետք է դառնա այնքան սովորական ու հասարակ, ինչքան որ իմ ձախ ձեռքով գրելը : Իմ ձախ ձեռքը պրակտիկ է. այն ամենաշատն եմ օգտագործում : Սերն էլ է պետք օգտագործել : Փոփոխել, նորություններ մտցնել, ինչու ոչ նաև չհամաձայնվել, վիճել ու դեմ գնալ : Իսկ ո՞վ է ասել, որ կռվելով ու չհամաձայնելով չեն սիրում))))
Իմ սերը ՝ ձախ ձեռքի նման հասարակ ու պարզ: Սակայն ես երբեք նրան չեմ փոխի ոչ մի այլ բանի հետ : Այն իմ մարմնի մի մասն է, առանց որի ես ինձ ուղղակի չեմ պատկերացնում:
Սերն էլ ինձ համար իմ մեջ սերտաճած մի բան է ՝ իր բոլոր հրաշքներով, սխալներով, նուրբ զգացմունքներով ու թերություններով հանդերձ:
Սիրել իմ ոճում. անհասկանալի , շատ սխալներով ու թերություններով, իմ կամակորություններով ու անտանելի բնավորությամբ...Բայց սիրել անմնացորդ, կոպիտ ու նուրբ միաժամանակ: Ճանկերս սիրո օբյեկտի մեջ ոռնալու աստիճանի չափ ցավոտ մտցնելով ու հետո ափերով շոյելով այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել :
Սա է իմ սերը : Սա եմ ես ))))
Սիրում եմ սիրել...
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/02/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել