«Գեղեցկությունը զոհեր է պահանջում», այս կարծիքին է կանանց մեծ մասը: Դեռ հին ժամանակներում կանայք ձգտել են կատարելության՝ այլևայլ փորձությունների ենթարկելով իրենց մարմինը: Իսկ գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակներում տարբեր են եղել, և կարելի է ասել, որ մարդկության պատմության ընթացքում կնոջ՝ նորաձևության քմայքներին տուրք տալը երբեմն մազոխիստական դրսևորումներ է ունեցել՝ սկսած կորսետներից մինչև էպիլյացիաներն և սիլիկոնները: Կատարյալ կազմվածք ունենալու գինը երբեմն բավական բարձր է. հաճախ «գեղեցկություն» ասվածի դիմաց վճարում ենք առողջությամբ, երբեմն էլ՝ սեփական կյանքով:
***

XIX դար

Նորաձևության որոնումները վերադարձրին հունական գեղեցկությունը: Ողջունելի դարձավ այն, ինչը բնական էր. անցյալում մնացին խոր բացվածքները, փարթամ կեղծամները, զարդերն ու կոսմետիկան: Սկսեցին գնահատվել սփրթնած, վտիտ տեսքով, նիհար կազմվածքով և թախծոտ դեմքով աղջիկները: Իսկ նման հյուծված տեսք ունենալու համար առողջ կանայք և աղջիկները քացախ էին խմում և հրաժարվում սննդից: Հենց այդ ժամանակաշրջանում էլ հայտնվում են առաջին դիետաներն ու դրանց վերաբերյալ տեղեկագրերը:

XIX դարում գեղեցկության չափանիշները բազմիցս փոփոխության ենթարկվեցին: Տղամարդկանց մերթ դուր էին գալիս ռոմանտիկ աղջիկները՝ ձգած կորսետներով և նիհարությամբ տառապող, մերթ բալգակյան տարիքի հոգնատանջ արտաքինով կանայք, մերթ ցայտուն արտանիքով և սանձարձակ վարքով բարձրաշխարհիկ կանայք, ովքեր, որպես կանոն, սպիտակամաշկ էին, բոցավառ աչքերով, շիկակարմիր վարսերով, եռանդով լեցուն և անկաշկանդ պահվածքով: Այսպես կոչված «բարձրաշխարհիկ առյուծուհիները» հաճույքով մասնակցում էին տղամարդկանց «խաղերին», ծխում էին, խմում, որսի գնում, ձի հեծնում, անգամ տղամարդու հագուստ կրում: Ի դեպ, տաբատ հագնելու հանդգնություն ունեցող առաջին կանանցից էր գրող ժորժ Սանդը:

XX դար

Չնայած նախորդ դարերի բազմազանությանը՝ գեղեցկության համարձակ պահանջներն իրենց գագաթնակետին հասան XX դարում: Կինոարվեստի, մոդելային բիզնեսի, գովազդային հոլովակների և գլամուրային ամսագրերի հաղթարշավը կանանց մեջ թերարժեքության զգացում է առաջացնում: Նրանք պատրաստ էին գեղեցկության համար իրենց մաշկի վրա դժոխային տանջանքներ զգալ (նաև բառիս բուն իմաստով) և հաշվել ծախսվող գումարի զրոների քանակը: Նպատակը մեկն էր՝ նմանվել հեռուստաէկրաններից և ամսագրերի շապիկներից ժպտացող «կատարյալ» կանանց, որոնց համար տղամարդիկ խենթանում էին:
Նոր-նոր էր 1910-ական թվականների նորաձևության «դիրիժոր» Պոլ Պուրեն կանանց ազատել չարաբաստիկ կորսետներից, երբ փոխարինելու եկան կրծկալները: Առաջին աշխարհամարտի տարիներին կանայք ձգտում էին նմանվել տղամարդկանց. ցանկալի էին նեղ կոնքերը, աննկատ կուրծքն ու գոտկատեղը, մազերի կարճ սանրվածքը: Այս ուղղության ջատագովն էր Կոկո Շանելը, որ կանանց տղամարդու հագուստ էր հագցնում՝ խիստ ձևվածքի պիջակներ, վերնաշապիկներ, նույնիսկ փողկապներ:

«Կանացիություն» ասվածը կրկին ասպարեզ եկավ 50-ականներին, իսկ նորաձևության օրենսդիրներից մեկը դարձավ Քրիստիան Դիորը: Կրկին կոնքերը, կուրծքը և նեղ գոտկատեղը կնոջ հպարտությունը դարձան, իսկ որպես չափանիշ՝ մատնացույց էին արվում Ջինա Լոլոբրիջիտան և Սոֆի Լորենը:

60-ականներին սկիզբ է առնում «սիլիկոն» անունով հիվանդությունը: Բարբի տիկնիկի անթերի կազմվածքը և Մերիլին Մոնրոյի կանացիությունը ողջ աշխարհի կանանց ամենահամարձակ քայլերի էին դրդում: Ստինքները մեծացնելու վիրահատությունը դառնում է սովորական երևույթ: Մեկ այլ տարածված վիրահատություն՝ սեղանատամների հեռացումը, չորսական ատամ յուրաքանչյուր կողմից: Այդպես փորձում էին ավելի նեղ դիմագծեր ունենալ, ինչպես Մառլեն Դիտրիխը:

Տասը տարի անց չափանիշ են դառնում «կմախք» մոդելները: Բայց եթե 70-ականներին կարևոր էր նաև առողջ արտաքինը, ապա 80-ականներին նիհարությունն արդեն ինքնանպատակ էր: Զանգվածային են դառնում տարբեր պլաստիկ վիրահատությունները, լիպոսակցիան (ավելորդ ճարպերի հեռացում) և կրծքերի մեծացումը:
90-ականներին վերջակետ է դրվում. գեղեցկության չափանիշները՝ բարձր հասակ, երկար ոտքեր և 90-60-90 չափսեր, այլևս քննարկման ենթակա չեն: Այս թվերին համապատասխանելու համար կանայք նույնիսկ հեռացնում էին վերջին երկու կողոսկրերը: հ դեպ՝ նման վիրահատություն է արել նաև հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան):

Ներկա

Նորաձևության և գեղեցկության պահանջներն ու չափանիշները XXI դարում գրեթե չեն փոխվել: Իրենց և ուրիշներին դուր գալու համար կանայք և աղջիկները շարունակում են դիետաներ պահել՝ երբեմն իրենց հասցնելով մինչև բուլիմիայի (ուտելու նկատմամբ անզսպություն) և անորեքսիայի (ախորժակի լրիվ բացակայություն): Առավել տարածված են դարձել վիրահատական ճանապարհով երիտասարդանալու, դիմագծերն ու մարմնի կազմվածքը շտկելու փորձերը:

Մերօրյա տարօրինակությունները

Բոռնեո կղզում (Մալայզիա) մանուկ հասակից աղջիկների ականջներից բրոնզե կշռաքարեր են կախում, ըստ նրանց՝ գեղեցիկ լինելու համար ականջի բլթակները պետք է ձգվեն մինչև ուսերը:

Մյանմայում պադաունգ ցեղի կանայք պարանոցը երկարացնելու համար վզին օղակներ են կրում, նրանց վզի երկարությունը միջին հաշվով հասնում է 30-35 սանտիմետրի:
Աֆրիկյան ֆուլանի ցեղում ընդունված է սափրել հոնքերն ու թարթիչները, որպեսզի ճակատն ավելի մեծ երևա:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել