Չեմ կարողանում կողմնորոշվել, թե այսօր տարվա ինչ եղանակ է:
Չգիտեմ ինչ հագնել:
Օրացույցով աշուն է, բայց օրը` արևոտ ու արևոտ:
Այնքան արևոտ օր է, որ անկախ քեզնից ցանկանում ես դուրս գալ ու…թռչել:
Մեր տան հայելին ֆիզիկայի բոլոր օրենքներից դուրս է:
Ամեն օր տանից դուրս գալուց առաջ նայում եմ, հայելին էլ ինձ է նայում:
Այսօր էլ նույնը:
- Խո´զ, ինչու՞ ես աչքերդ չռել, մերկ ծնկներ չե՞ս տեսել, ի՞նչ է:
- Հիմա´ր,- ասաց հայելին, մնացածը չլսվեց:
Հագնում եմ աշնանային կիսաչոր տերևի գույնի` Նրա նվիրած աշնանային թեթև վերակուս:
Զգում եմ, որ հայելին ինձ նայում է սոված հայացքով:
Ինձ դուր են գալիս տղամարդկանց սոված հայացքները:
Նայում են երկար, թուքը կուլ տալիս, հետո գլուխները կախում:
Տղամարդկանց հայացքները սոված լինում եմ երկու դեպքում. առաջինը խաշի սեղանին` օղու բաժակից հետո` կարմիր բողկերին նայելիս, երկրորդը` կարճ շրջազգեստ հագած աղջիկներին նայելիս:
Հիմար բաներ են անցնում մտքովս, միգուցե հայելին ճիշտ է:
Նոր պետը կանչել էր իր սենյակ: Դե առաջին օրն էր, պետք է իրեն ցուց տար:
Հստակ հասկացրեց իմ` քարտուղարուհուս տեղը օֆիսում:
Մի հինգ րոպե խոսում էր, բացատրում, ես չէի լսում, մեկ-մեկ գլխով համաձայնության նշաններ էի անում:
Հետո զգացի, որ ձեռքը ծնկիս է դրել:
Նայեցի արդեն ուրիշ աչքերով ու չհասկացա` ինչո՞ւ ծիծաղեցի երկա~ր, երկա~ր:
Ձեռքը մնաց ծնկիս վրա, սոված հայացքով, աչքերը` ուղղված շուրթերիս:
Վեր կացա աթոռից:
Նայեցի ու ինձ թվաց, թե մի անօգնական մարդ` նստած դիմացս ողորմություն է խնդրում:
Հայացքս որպես ողորմություն գցեցի նրա ափի մեջ ու դուրս եկա սենյակից` համոզված լինելով, որ ետևիցս կրքոտ նայելու է:
Թո´ղ նայի:
Երևի անկողնային հիվանդ կամ էլ ֆրիգիդ կին ունի է, ի՞նչ իմանամ:
Երկու օր առաջ էր` աշնանային մի օր:
Երբ դուրս եկա հիմնարկից, անձրև էր` ամռանը հրաժեշտ տվող խառնակիչ անձրև, որն ինձ համոզեց իմ աշխատանքը կորցնելու փաստը:
Ես ցանկացա խմել անձրևը, առանց շտապելու, կում կում մեջս լցնել ինձ այդքան պակասող կաթիլների կաթկթոցը ու բերանս բաց, գլուխս ետ գցաց վազեցի, վազեցի…
Առավոտից արդեն լավ եմ:
Տաքություն չկա:
Օրը` հիանալի:
Իմ մասին ոչ ոք չի մտածում, թերևս միայն Փիլիպոս կաթողիկոսը, որ 1635թ. կառուցել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին` դեղատան վարչության հարևանությամբ:
Ես սովորություն ունեմ հաճախակի եկեղեցի գնալու:
Մեկ շաբաթ է` չեմ եղել:
* * *
- Ինձ հինգ մոմ տվեք,- դրամը պարզեցի, ու պատուհանի հետևում նստած կնոջ չզարմանալը սովորական էր:
Տատիկս է սովորեցրել. <Միշտ կառնես կենտ քանակի մոմ, այդպես է ընդունված>:
- Բայց մենք չորս հոգի ենք, տա´տ, ես, դու, մաման ու պապան:
- Ոչի´նչ, հինգերորդը բոլորիս հաջողության համար է:
Պատուհանին մոտեցավ մի տղա:
- Չորս հատ:
Վերցրեց մոմերը` առանց ինձ ուշադրություն դարձնելու:
- Կե´նտ է հարկավոր առնել:
Ինչո՞ւ ասացի, չգիտեմ:
Նույնիսկ վերարկուիս տակից ճչացող կարճ շրջազգեստս ուշադրության չարժանացավ:
Տղան մտավ եկեղեցի:
- Մոտակա հիվանդանոցից է,- ասաց մոմ վաճառող կինը,- այն, որ Մաշտոցի պողոտայում է:
Արդեն երեք օր է` փախչում է հիվանդանոցից, գալիս է մոմ վառում ու վերադառնում:
Ինքն է պատմել: Վաղն առավոտյան վիրահատելու են: Ծանր օր է լինելու, խե~ղճ տղա…
Մտա եկեղեցի, աչքերով փնտրեցի նրան: Աջ պատի մոտ գտա:
Վառում էր իր մոմերը:Մոտեցա կանգնեցի կողքին ու ես էլ վառեցի:
Հայացքն ուշադիր մոմերին էր հառել, ինչ- որ բան էր մրմնջում:
Աշնան եղանակին գարնան կորած ու մոլորված, մի թեթև քամի հանգցրեց իմ բոլոր մոմերը:
Ես նայեցի տղայի մոմերին ու տեսա, որ մեկը չէր հանգել, իսկ մնացած երեքը ծխում էին իմ բոլոր մոմերի նման:
Մոմամանում չհանգած մոմեր կային, մտածում էի` որի՞ց վառեմ, երբ տղան առանց խոսքի` ձեռքը երկարեց ու իմ հանգած մոմերից վերցրեց մեկը, վառեց իր մոմից, մեկնեց ինձ:
Նույն մոմից վառեց իր մնացած մոմերն ու անխոս հեռացավ:
Հեռացավ այնպիսի քայլվածքով, ինչպիսի քայլվածքով, որ հեռացավ Նա մեկ շաբաթ առաջ` գլուխը կախ, անվստահ, կիսաօրօր, ստիպողաբար հրաժեշտի քայլվածքով:
Ի՞նչ էի արել որ…ուղղակի հարցրեցի, թե ինչպե՞ս են կարողանում տղամարդիկ հանգիստ քայլել, երբ ոտքերի արանքում խանգարող բան կա:
<Ի՞նչ : Եվ դու դա հարցնում ես ի՞նձ>,-զարմացավ նա:
<Բա ու՞մ հարցնեմ` պատի ետևում գիշերները խռմփացնող հարևանի՞ս, համ էլ ես սիրում եմ քեզ>:
<Մեր սերն ավարտվեց, մի´ նեղացիր, բայց ես էլ չեմ կարող, ես հոգնել եմ քեզնից:
Քեզ բուժվել է հարկավոր, դու նորմալ չես, գլխումդ քամիներ են, ինչ- որ սավառնել, ինչ-որ սլանալ, քեզ ինչպես եմ ներկայացնելու ծնողներիս, չե՞ն ասի` այս գիժն ո՞վ է: Ա´յ, ընկերուհիդ` Հասմիկը, ուրիշ է…>
Ապտակեցի: Ինչո՞ւ, ինքս էլ չհասկացա:
Սիրում էի, սիրեցի ավելի շատ:
Երևի հայելիս ճիշտ է` հիմար եմ:
* * *
Ոտքերս հասցրեցին Մաշտոցի պողոտայում գտնվող հիվանդանոց:
Տեղեկատու <վանդակում> նստած երիտասարդ կինն ուշադիր նայեց:
- Վերարկուն որտեղի՞ց եք գնել:
- Չեմ գնել, նվեր է: Ընկերս է բերել Ֆրանսիայից, որ կարճ շրջազգեստս չերևա, բայց երբեք չեմ կոճկում:
- Լավն է, երանի~ Ձեզ, հա´մ աշնանային վերարկու, հա´մ այդպիսի ընկեր: Է~խ, ի՞նչ է հարկավոր:
- Քիչ առաջ այստեղ մտած տղային ի՞նչ է եղել:
- Բարեկա՞մ չեք: Չե՞ք ճանաչում: Ոչինչ չեմ կարող ասել, բժշկական էթիկայի հարց է:
Անխոս հանեցի վերակուս ու գցեցի բացված փոքրիկ պատուհանի գոգին:
Կինը կարմրեց, սկսեց թերթել ինչ-որ քրքրված մի մատյան:
- Սարգսյան Ռոբերտ: Վաղը երիկամն են հանելու: Մահամերձ հոր համար է:
Ավելին չեմ կարող ասել, կներեք: Վերարկուն չմոռանա´ք, նվերը չեն նվիրում:
* * *
- Ո՞ւր ես, մեռա քեզ սպասելով,- ծաղրեց հայելիս:
Հայելու չորս անկյուններում վառված մոմեր էին:
Կենտ է հարկավոր. մտածեցի որ տանը մոմ չկա ու փորձեցի փչելով հանգցնել մոմերը:
- Ես Հանգստությա´ն մոմն եմ, շնորհակալությո´ւն, - ասաց առաջին մոմն ու հանգավ:
- Ես Սիրո´ մոմն եմ, քեզ այլևս հարկավոր չեմ,- մխաց, ինչպես առաջին մոմը:
- Ես Հավատքի´ մոմն եմ, մարդիկ ինձ կորցրել են վաղուց: Ես համարյա վերջացած եմ, հանգցրո´ւ:
Չորորդը տեղի չէր տալիս:
Հայելին ծիծաղեց:
-Դու չես կարող նրան հանգցնել,- ասաց հայելիս,- Դա Հույսի մոմն է, որից հետագայում պետք է վառել մնացած երեքը: Նա միշտ պետք է վառվի:
Ես փարվեցի հայելուս:
<Սիրու~մ եմ, սիրու~մ եմ, սիրու~մ եմ>,- շշնջում էի նրան:
Հայելիս էլ իր ձեռքերով ինձ գրկեց, ամուր սեղմեց իրեն ու ասաց.
<Քո համբույրներն այնքա~ն արևոտ են,այնքա~ն ջերմ, այնքա~ն էներգիա են հաղորդում, որ ցանկանում եմ թռչել, փախչել քեզնից հեռո~ւ– հեռո~ւ` հետո տիեզերական արագությամբ վերադառնալ ու նորից արև~, արև~, թռիչք, սլա~ցք…Կյանքն է այդպիսին` բումերանգի նման, քեզ վերադառնում է այն, ինչ ասում, ինչ անում ես…>
Հեռախոսը զանգեց:
- Լսում եմ,- արցունքներից ձայնս փոխվել էր:
- Ու՞ր ես, մեռա քեզ սպասելով, մոռացե՞լ ես, այսօր պետք է հանդիպեինք, ծնողներս սպասում են, մեկ ժամ է հիմարի նման կանգնած եմ ՄԵՐ տեղում:
- Ես ուզում եմ, որ սկզբից գնանք հիվանդանոց, այն որ Մաշտոցի պողոտայում է:
- Լավ, եթե ուզում ես…միայն արագացրո´ւ….
Արագ վերցրեցի պայուսակս ու դուրս գալուց առաջ նայեցի հայելուն:
- Հիմա´ր,- սոված հայացքով ասաց հայելին,-մնացածը չլսվեց:
Դրսում` աշնան եղանակին ավարտին էր մոտենում գարնան մի օր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել