1in.am-ը գրում է.
Microsoft ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին ներկայացնել Windows 9 օպերացիոն համակարգի Threshold կոդային անունով նախնական տարբերակը: Այս մասին հայտնում է ZDNet պարբերականը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Threshold-ը Windows-ի հաջորդ խոշոր նորացումն է, որը ինչպես սպասվում է, 2015թ. գարնանը կթողարկվի Windows 9 անունով: Փորձագետների կանխատեսմամբ՝ հարթակը մի շարք նոր գործառույթներ կունենա, որոնք կբարելավեն Windows-ի աշխատանքը միաժամանակ սենսորային էկրանով սարքերի և տվյալների ներմուծման համար ստեղնաշար ու մկնիկ պահանջող համակարգիչների համար:
ZDNet-ը գրում է, որ այդպիսի գործառույթների թվում կարող է լինել սկզբնական մենյուի մինի տարբերակը, «շերտաձև» դիզայնով հավելվածներ՝ ունակ աշխատելու սովորական աշխատասեղանի ռեժիմով, նաև ինտեգրացիա Cortana ձայնային օգնականի հետ: Microsoft-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկությունը:
Աղբյուրների տվյալներով՝ Threshold-ը հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար: Նախնական տարբերակը հաստատած օգտատերերը պարտավոր են համաձայնել հավելվածի ամենամսյա ավտոմատ նորացումներին:



