1in.am-ը գրում է.
NASA-ի մասնագետները Մարսի վրա բավական յուրահատուկ հետքեր են հայտնաբերել՝ մոտ 500 մ երկարությամբ կետագիծ, որը նման է «~» նշանին՝ հայտնում է CNet-ը: NASA-ում պնդում են, որ այն թողել են ոչ թե այլմոլորակայինները, այլ զառիվայրից ընկած քարը:
Գիծը հայտնաբերվել է հուլիսի 3-ին՝ HiRISE բարձր կետայնությամբ տեսախցիկով, որը տեղադրված է Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանում, բայց NASA-ն դրա մասին օրերս է հայտնել:
Քարի բարձրությունը մոտ 6 մ է, լայնությունը՝ մոտ 3.5 մ: Գործակալությունում նշել են, որ հենց այդպիսի անհավասարաչափ ձևի պատճառով է այն նման հետք թողել, ոչ թե ուղիղ:
Տեղի ունեցածը հիշեցնում է, որ Մարսի վրա գործում են նույն բնական ուժերը, ինչ Երկրի վրա՝ նշում է CNet-ը:
Թե որքան է կշռել զառիվայրից ընկած քարը և ինչն է դրան ստիպել տեղաշարժվել՝ NASA-ի մասնագետները չեն նշել:
Նախկինում էլ են Կարմիր մոլորակի վրա նման դեպքեր արձանագրվել. 2013-ի հունիսին Mars Reconnaissance Orbiter-ը հայտնաբերել է նման, բայց ավելի ուղիղ, ըստ ամենայնի, քարի հետք: