Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ խոշտանգումները, մահը անտարբեր չեն թողել գրեթե բոլորիս: Բնականաբար այդ մասին լրագրողական անդրադարձներն էլ շատ պիտի լինեն: Դա ողջունելի է, խնդիրը ամեն կերպ ուշադրության կենտրոնում պահել եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթղերը, հանգամանքները ուշադրության կենտրոնում պահել եւ համապատասխան պատասխանատվության կանչել Ադրբեջանին: Բայց այս ամենի մեջ մի քանի բան մենք անտեսում ենք` լուսաբանման բարոյական կողմը: Նրա մասին խոսելիս թե համացանցի լուսանկարներում, թե տեսանյութերում անընդհատ ցույց ենք տալիս նրա ստորացած, նսեմացած պատկերը: Որքանով է ճիշտ անընդհատ բոլորին ցույց տալ, որ ադրբեջանցիները նսեմացրել են եւ այդ աղերսող հայացքը միշտ մեր էկրաններին լինի: Պարզ է, որ ամբողջությամբ խուսափել այդ պատկերները ցուցադրելուց հնարավոր չէ, սակայն օրեր անց նախընտրելի է հնարավորինս չեզոք կադրեր ու լուսանկարներ ցույց տալ, հատկապես, որ դրանք եւս կան: Բացի դրանից նաեւ հրապարակված են այլ լուսանկարներ:
Երկրորդ. այդ կադրերը եւ լուսանկարները նայում ենք ոչ միայն մենք, ովքեր հարազատ չեն նրան, այլեւ նրա հարազատները: Եվ ամեն անգամ այդ շատ խեղճացած պատկերներով ավելացնել այդ մարդկանց ցավը, տառապանքը, կարծում եմ մեզնից ոչ ոք չի ուզի:
Երրորդ հանգամանքը, որը նորից ուշադրությունից դուրս է մնացել: Արդեն մեկ տարի է ադրբեջանական կողմում է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Այս պատկերները նայում են նաեւ նրա հարազատները: Եվ ամեն անգամ ներքին վախով անընդհատ հարց են տալու, թե բա ինչպես են վարվում մեր տղայի հետ: Տեղեկատվությունը տեղեկատվություն: Տեղեկացված լինելը մեր բոլորի իրավունքն է: Բայց արժե, որ այդ ամենում մենք` բոլորս, համացանցում, կամ մեկ այլ տեղ նման լուսանկարներ տարածելիս նաեւ չմոռանանք էթիկական այս կողմի մասին:



