Ամերիկացիների 76 տոկոսը վստահ չէ, որ իրենց երեխաները իրենցից լավ են ապրելու: Սա ամենաբարձր ցուցանիշն է ԱՄՆ պատմության ողջ ընթացքում: Ընդ որում, ընդամենը 2 տարի առաջ անվստահների թիվը 13 տոկոսով պակաս էր:
Ավելին, առաջին անգամ հարցվածների կեսից ավելին է հակվել այն մտքին, որ հարուստների և շարքային քաղաքացիների միջև առկա անդունդը տարեցտարի աճում է՝ խաթարելով իր համար ավելի արժանապատիվ կյանք կերտելու յուրաքանչյուրի հնարավորությունը ու ԱՄՆ-ն այլևս այն երկիրը չէ, ուր ամեն ոք կարող է քրտնաջան աշխատանքով հասնել հաջողությունների:
Դե ինչ, այլևս աներկբա է, որ հանրային կյանքի կազմակերպման և կարգավորման նախկին կարգն այլևս սպառել է իրեն: Սպառողական հասարակության գաղափարախոսությունն այլևս ի չիք է դարձել, քանզի դրա արդյունքում ամերիկյան տնտեսությունը ներկայումս հիմնված է ոչ թե իրական արդյունաբերության և արտադրության, այլ բորսայական առևտրի վրա:
Պիտի նկատել, որ, ըստ էության, «մարդիկ զոհվում են մետաղի համար» մեթոդի ճգնաժամը վաղուց էր հասունացել: Ի հեճուկս քարոզչական մեքենայի, մարդիկ սկսեցին գիտակցել, որ իրականում ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան շարքային ամերիկացին կդառնա Ռոքֆելլեր:
Նաև պիտի հաշվի առնել, որ ամերիկյան ապրելակերպը հիմնված է պարտքով ապրելու գաղափարի վրա: Ու դա վերաբերում է ինչպես քաղաքացուն, այնպես էլ պետությանը: Առաջին դեպքում դա իր կենսակերպն անընդհատ «բարելավելու», այն է կենցաղային և այլ տեխնիկայի միջոցներ, ավտոմեքենա, բնակարան ձեռք բերելու համար ապառիկ վարկեր վերցնելն է: Ավելին՝ վերջին 40-50 տարիներին արդեն նույնիսկ կրթությունն են ստանում վարկով և մինչև թոշակի տարիքը մարում այն: Նմանատիպ ապրելակերպը մարդուն վերածում է բանող ռոբոտի, և վերջինս այլևս դադարում է հոգևոր և հասարակական էակ լինելուց:
Իսկ պետության պարագայում դա տարեցտարի մեծացող և արդեն ավելի քան 15 տրիլիոն դոլարը գերազանցած և, որ ամենակարևորն է, ոչնչով չապահովված արտաքին պարտքն է: Ու հենց սրանով է ապացուցվում այն փաստը, որ ԱՄՆ տնտեսությունը հիմնված չէ արտադրության և բարիքների ստեղծման, այլ դրանց այլոց հարստահարման և այդ բարիքների սպառման վրա:
Սակայն այդպես հավերժ լինել չի կարող, ու դա պարբերաբար առաջացնում է տնտեսական ճգնաժամեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=347291058769142&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել