Ոստիկանը ի պաշտոնե պետք է պաշտպանի քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը: Բայց եկեք համաձայնենք, որ ոստիկանը այսօր ՀՀ քաղաքացիների մոտ չի վայելում երբեմնի հարգանը: Մեր քաղաքացիներից շատերը վստահելու փոխարեն ցավոք` վախենում են ոստիկանից: Այդ համակարգում աշխատում են մեր հայրերը, մեր եղբայրները, բայց նրանք աշխատանքի վայրում դադարում են մերը լինելուց, քանի որ ենթարկվում են իրենց վերադասների հրամաններին և շատ դեպքերում ստիպված են լինում մահակներով դուրս գալ բնակչության դեմ.որոնց մեջ կարող են լինել և իրենց հարազատները , ընկերն ու հարևանը: Ինչու՞ են ոստիկանները ուժ կիրառում Կառավարության շենքի դիմաց ցույց անող զոհված զինվորների մայրերի ու հարազատների նկատմամբ, միթե՞ օրինական է վայրենի ձևով վարվել, հրել ու վիրավորել ՀՀ քաղաքացուն և որդեկորույս մայրերին, նրանց ձեռքերից խլել ու ճմրթել որդիների նկարները: Ով՞ է նրանց տվել այդպիսի իրավունք և հրաման, ինչու՞ նրանց վերադասները տեսնելով այդ ամենը` չեն պատժում իրենց ենթականերին: Ով՞ է նրանց իրավունք տվել պաշտպանելու օլիգարխին պատկանող սեփականությունը: Ինչու ՞ է մեր երկրում Ոստիկանությունը ծառայում միայն հատուկ մարդկանց, ինչու՞ են նրանք առանց գրագետ բացատրություն տալու բաժին <ուղեկցում> քաղաքացուն և մի քանի ժամ պահում այնտեղ , ինչու՞ են դրսում հացադուլ անող քաղաքացուց խլում արևից ու քամուց պաշտպանվելու համար օրենքով նախատեսված վրանն ու անձրևանոցը: Այսքանից հետո ով՞ կվստահի ոստիկանին, ով՞ նրան կդիմի օգնության խնդրանքով: Ինչու՞ էին 80 օր շարունակ Մաշտոցի պուրակում օրենքի պաշտպանները <պաշտպանում> ապօրինի շինարարությունը և ահաբեկում ու խոշտանգումների ենթարկում ակտիվիստ-քաղաքացիներին: Սա է՞ օրինապաշտ ոստիկանի այսօրվա կերպարը, երբ նրա աչքի առաջ պատգամավորը խուլիգանական արարք է թույլ տալիս քաղաքացու նկատմամբ , իսկ թիկնապահը նրան գետնին է տապալում, բայց <օրենքի և քաղաքացու պաշտպանը> չի միջամտում այս ամենին: Դե հասկանալի է , որ վախենում էր աշխատանքից զրկվի ու ստիպված չտեսնելու էր տալիս տեսածը: Ինչու՞ են նախկին <500 դրամանոց> պետավտոտեսուչները ակտավորում իր բանջարանոցի բերքը վաճառելու տանող խեղճ գյուղացուն` խախտում կատարելիս, իսկ շքեղ ավտոմեքենաների երթևեկության կամայականությունները ոչ իրենք են նկատում, ոչ էլ իրենց <ամենազգայուն> սարքավորումները: Եթե հասարակ քաղաքացու մեքենայի դիմապակուն փակցված չի լինում ԱՊՊԱ-յի կամ տեղնիկական զննման կտրոնները ` միանգամից նկատում են և տուգանում, իսկ պաշտոնյաների և <գոլդ> համարանիշով ավտոմեքենաների համապատասխան կտրոնների բացակաըւթյունը չգիտես ինչու չեն նկատումկամ (գուցե վախենում են) : Երբ՞ է Ոստիկանությունը դառնալու մերը, երբ՞ է այն ծառայելու քաղաքացիների շահերի պաշտպանությանը: Այդ համակարգում կան գիտակ ու փորձառու, մարդկային հատկանիշներով օժտված աշխատակիցներ, ովքեր պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում իրենց աշխատանքին և հնարավորինս ծառայում են քաղաքացիների անվտանգության ապահովման գործին , բայց նրանք այնքան քիչ են, որ անօրինական հրամաններ կատարողների շարքերում չեն երևում: Գուցե այս հոդվածը իմ վրա <թանկ նստի>, բայց չէի կարող անտարբեր մնալ բոլոր այն տեսանյութերի նկատմամբ, որոնք հաճախ տարածվում են համացանցում , որտեղ ոստիկանները ակնհայտ ապօրինի գործողություներ են իրականացնում իրենց <պաշտպանյալների> նկատմամբ: Բայց հարգելի ոստիկաններ, մի մոռացեք, որ դուք աշխատավարձ եք ստանում հենց այն քաղաքացու վճարած հարկերից, որին ահաբեկում ու հրում եք փողոցում: Իսկ վերջին օրենքը ուղղակի մարդու իրավունքների սահմանփակում կարելի է համարել, ըստ որի ` քաաքացին իրավունք չունի վիրավորական արտահայտություն հնչեցնել ոստիկանի հասցեին: Ինչպես՞ կարող է մարդկային հատկանիշներով ու գիտակցությամբ օժտված բանական էակը անտարբեր մնալ ու չվիրավորել այն ոստիկանին, ով անասնական բնազդով գետնին է տապալում երիտասարդ աղջկան ու հարվածում ռետինե մահակով, ով ցուցարար մոր ձեռքից խլում է անչափահաս երեխային ու տանում անհայտ ուղղությամբ: Երբ ՞ են ոստիկանները կատարելու իրենց օրենքով նախատեսված լիազորությունները, որ մենք էլ մեր երկրում մեզ ապահով ու պաշտպանված զգանք:



