Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ միասին մեկնեց ԼՂՀ, որտեղ նրանց նախ ընդունեց նախագահ Բակո Սահակյանը, այնուհետև նրանք մեկնեցին դիրքեր, հանդիպումներ ունեցան պաշտպանության բանակի զինծառայողների ու նրանց ծնողների հետ:

Այցն ի սկզբանե խորհրդանշական էր. երկրի իշխանությունները բանակին ուզում էին ցույց տալ, որ նրանց թիկունքն ամուր է ու անկախ քաղաքական տարաձայնություններից երկրի վերնախավը միասնաբար կանգնած է զինված ոժերի կողքին: Սահմանին տիրող լարվածության օրերին բանակին ոգեշնչելն ու հասարակական-քաղաքական տարբեր օղակներում միասնականություն դրսևորելը հայերիս ազգային հատկանիշներից կարեի է համարել, քանի որ այն ժամանակի ընթացքում իր դրսևորումներն է ունեցել և պարբերաբար ապացուցվել:

Այս ամենում անհասկանալի ու որոշակիորեն ոչ նույնական վարք դրսևորեց ՀԱԿ-ը, որ, թեև խմբակցությունը Հրանտ Բագրատյանի միջոցով ներկայացված էր ԼՂ մեկնող պատվիրակության կազմում, բայց կուսակցությունը, որպես քաղաքական ուժ հրաժարվեց մասնակցել այս այցին, այն համարելով վարչապետի PR ակցիա:

Այս մոտեցումն առնվազն մտորումների տեղիք է տալիս, քանի որ ԱԺ ներկայացուցիչները վարչապետի հետ են եղել միայն Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ: Այնուհետև ամեն մեկը, ինչպես ասում են, գնացել է իր ճանապարհով: Ու, բնականաբար, այցի ընթացակարգի մասին նախօրոք գիտեին բոլոր մասնակիցները: Այսինքն, տեղում՝ ԼՂ-ում, ՀԱԿ-ը կարող էր իր անհատական ծրագրով շարժվել: Այս քայլով նա միգուցե փորձում էր հիշեցնել ընդդիմադիր դաշտում իր գոյության մասին, սակայն այս պարագայում նպատակը չէր արդարացնում միջոցները: Տեղի ունեցածում ինչ որ անընկալելի տարր կա:

Պարզ է դառնում, որ ՀԱԿ-ը, անկախ այն բանից, թե ինչ նպատակով ու ինչ քայլեր է իրականացնում իշխանությունը, սկզբունքորեն դեմ է աշխատելու այդ ծրագրին: Երևույթի բացասական կողմերից է այն, որ ի դեմս այս կուսակցության, մենք ունենք իր գործողությունների մեջ ոչ այնքան ռացիոնալ քաղաքական ուժ: Մի բան, որն ուղղված էր արտաքին թշնամուն և որում ողջ հասարակությունը միայն դրականն էր տեսնում ու հիացմունքով արտահայտվում բոլոր մասնակիցների մասին, ՀԱԿ-ը դա քաղաքականացրեց այն վերածելով իշխանություն-ընդդիմություն ներքաղաքական մրցակցության:

Իսկ վատթարագույնն այն է, որ այդ քայլը Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրը շահարկելու, նեղ շահերի ծառայեցնելու նախադեպ է դառնում:

Այսքանը, ուրիշ ոչինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել