Կարմիր մակասիններ, սպիտակ կամ կապույտ տաբատ, կարմիր վերնաշապիկ ու բառապաշար, որը հեշտորեն կարելի է սահմանափակել հաշված բառերով ․․․ արԱ, աԽպեր, ցավՏ տանեմ, ջիԳՅար, հորՍ արև, մորսարև (կարծես մի բառ լինի): Այսպիսին է այսօրվա հայ երիտասարդի պատկերը․․․ նույնիսկ ծնողների կյանքն ու արևը նշանակություն ու գին չունեն: Ամեն երկրորդ բառից հետո երդվում են, երդվում են ամենաչնչին ու անիմաստ բաների համար․․․ երդումն այսօր դարձել է էժանագին ինչպես այս դարի շատ ու շատ բառեր, բառակապակցություններ ու նախադասություններ: Առօրյա խոսակցականի մի մաս կազմած երդումներ մենք այսօր կարող ենք լսել մեր երկրի ցանկացած մասում և ցանկացած անկյունում:
Իսկ ես հիշում եմ թե ինչպես էի 5-րդ դասարանում կարդում Գևորգ Մարզպետունին․․․ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ կարդում էի, թե նա չի կարողանա վերադառնալ իր հայրենի Գառնի, քանի որ երդվել էր․ «Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականան անունով, երդվում եմ իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐԵՎՈՎ և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնա իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից․․․» (Մուրացա, «Գևորգ Մարզպետունի», էջ 247): Սա Մարզպետունին էր, մարդ ով պատերազմել էր հայրենիքի համար, սակայն երդումը մինչև վերջ չկատարելու պատճառով չհամարձակվեց վերադառնալ հայրենիք: Ես առաջին անգամ հասկացա երդման հզորությունը, կարևորությունն ու արժեքը: Վեպից այս հատվածը այնքան մեծ ազդեցություն թողեց ինձ վրա, որ ես հիշում եմ այն մինչ օրս․․․ Ցանկալի կլիներ, որ մեր երիտասարդները նունյնպես ուշադրություն դարձնեն նման կարևոր և բեկումնային հանգամանքների վրա և դրանք ընդունեն որպես կյանքի փորձ ու խորհուրդ․․․․



