Ankakh.com-ը գրում է.
Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը: Ուստի լողավազանն օգնում է մարդկանց հոգեֆիզիկական վիճակն ամրապնդելուն: Բացի այդ, լողը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը: Սիրտը` սրտամկանի առողջությունը, շատ բանով կախված է նրանից, թե որքան է այն մարզվում ու հագենում թթվածնով: Ու գերբեռնվածությունից խուսափելու համար պետք է սիրտը տոնուսի մեջ պահել: Դա ոչ միայն ամրապնդում է սիրտը, այլև նվազեցնում ինֆարկտի վտանգը: Լողը բարելավում է դեպի սիրտ արյան հոսքն ու ելքը, ինչը խիստ թեթևացնում է նրա աշխատանքը: Նույնիսկ սրտի վիրահատությունից հետո է խորհուրդ տրվում լողով զբաղվել, որպես վերականգնողական միջոց: Սրտաբանները կարծում են, որ լողը սրտամկանի համար չափավոր բեռնվածություն է ապահովում: Կանոնավոր լողով զբաղվելու դեպքում շնչառական համակարգի աշխատանքը նույնպես կբարելավվի: Ջրում ճիշտ շնչառության դեպքում թթվածինը հասնում է թոքերի բոլոր հատվածները: Դրա շնորհիվ թոքերում կանխվում են ամեն տեսակի կանգերը: Շնչառական համակարգը լողի ժամանակ առավելագույնս է գործադրվում, ու կրկնապատկվում է կենսատարողությունը, ընդ որում, վերականգնվում են շնչառական խաթարված ֆունկցիաները: Լողի ժամանակ հիպերօդափոխություն է կատարվում թոքերում, մկանունքը դառնում է առավել առաձգական, իսկ տարբեր կպումները ներծծվում են: Բացի այդ, թոքերի շարժունակությունը կանխում է թոքերի պատերին մանրէների նստեցումը:
Նյարդային համակարգ
Ջրում պարապմունքներն օգնում են հաղթահարելու դեպրեսիան: Բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը: Հանդարտեցնում ու բարերար էմոցիոնալ ֆոն է ստեղծում, հավասարակշռում է գրգռման ու արգելակման պրոցեսները, ինչը նշանակում է, որ նյարդային ու գրգռված մարդուն լողը հանգստացնում է, իսկ թույլին աշխուժացնում: Լողով պարապմունքն ապահովում է գլխուղեղի արյան լավ շրջանառություն, օգնում է պայքարելու անքնության , մրսածության հիվանդությունների դեմ: Սովորաբար այդ հիվանդությունների առկայության պարագայում մասնագետներն առաջարկում են կոփվել, ինչը ենթադրում է օրգանիզմը սովորեցնել հարմարվելու տարբեր ջերմաստիճանային պայմաններին: Այդ խնդիրը լուծելուն հրաշալի կօգնեն լողավազանային մարզումները: Հանվելիս, ցնցուղի տակ լվացվելիս, ջուրը մտնելիս ու դուրս գալիս և կրկին ցնցուղի տակ մտնելիս օրգանիզմը ենթարկվում է տարբեր ջերմաստիճանային պայմանների:
Հենաշարժողական ապարատ
Հենաշարժողական ապարատի խնդիր ունեցող մարդիկ նույնպես կարող են ջրային պրոցեդուրաներով թեթևացնել և բուժել վիճակը: Բայց պետք է հիշել, որ ծանր դեպքերում լողը հակացուցված է: Երբեմն լողավազանն օգնում է նույնիսկ այն մարդկանց, որոնք ինքնուրույն չեն կարողանում քայլել, սակայն ջուրը մտնելով` այնպես են լողում, որ թվում է, թե ջրից դուրս մեկ ուրիշն էր: Ջուրը փաստացի թուլացնում է բոլոր մկանները, ազատում ցավից, մոռացնել տալիս տանջանքն ու ցավը: Ու եթե մյուս ֆիզիկական շարժումներն ու ծանրաբեռնվածությունը ցավ են պատճառում ու կարող են վնասել, ապա լողը հակառակը` զգուշությամբ ու մեղմորեն ձգում է մկաններն ու բացում կարծրացած հոդերը: Սակայն, լողավազան հաճախելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել:
Լողավազան հաճախելու ճիշտ ձևը
Ինչպե՞ս կարելի է ձիգ ու աշխույժ լինել: Ինչպե՞ս կարելի է հաճույք ստանալ կոփվելուց: Պպատասխանը շատ պարզ է` լողավազան հաճախելով: Լողավազան հաճախող մարդիկ հազվադեպ են հիվանդանում մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով: Անկասկած, լողավազանային մարզումներն ամրապնդում են իմունիտետը: Իսկ քլորը վտանգավոր չէ՞ Լողավազանի ջուրն ընդունված է վարակազերծել քլորացմամբ, օզոնացմամբ ու ֆտորացմամբ, երբեմն կիրառվում են ուլտրաձայնային և ուլտրամանուշակագույն մշակման եղանակները` պղնձի ու արծաթի իոնների կիրառմամբ: Զանազան քիմիական խառնուրդներ կան, որոնք ախտահանող ազդեցություն են ունենում, սակայն դրանք չափազանց թանկ են, ուստի ստացվում է, որ քլորացումից բացի, մյուս բոլոր միջոցներն այնքան էլ հարմար չեն: Քլորը, ջրի մեջ հայտնվելով, թթուներ է գոյացնում, որոնք բարերար չեն ազդում մաշկի ու լորձաթաղանթի վրա: Բոլոր նյութերը, որոնք գոյանում են ջուրը մշակելու ընթացքում, գրգռում են մաշկն ընդհանուր առմամբ, ու կարող են ալերգեն լինել: Եվ այնուամենայնիվ քլորը մինչ օրս ամենատարածված ախտահանող միջոցն է: Ուրեմն ինչպե՞ս կարելի է պաշտպանվել քլորացված ջրի ազդեցությունից: Լողից առաջ կանանց խորհուրդ է տրվում կոսմետիկ միջոցները լվանալ, հեռացնել: Քանի որ քլորն ու դրա արտադրյալներն ինքնին ալերգածին են, իսկ դիմահարդարման միջոցների հետ այդ հատկություններն էլ ավելի կուժգնանան: Կարելի է լողավազան մտնելուց առաջ հատուկ պաշտպանական քսուքներ կիրառել, որոնք թաղանթի նման կպաշտպանեն վնասակար նյութերի ազդեցությունից: Հատուկ ակնոցը սուզալողի ժամանակ պաշտպանում է աչքերը քլորի ազդեցությունից: Քլորացված ջուրն ալերգիկ կոնյուկտիվիտի` աչքի արտաքին թափանցիկ լորձաթաղանթի բորբոքման պատճառ կարող է դառնալ, որն ուղեկցվում է բնորոշ քորով, այրոցքի զգացումով, արցունքոտությամբ, կոպերի այտուցով ու այլ տհաճ զգացումներով: Ու, բնականաբար, նման դեպքերում աշխատունակությունը խիստ նվազում է: Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժման անհրաժեշտ պայման է ալերգածին նյութի լրիվ բացառումը: Այս դեպքում ` լողավազան հաճախելը դադարեցնելը: Լողավազան հաճախելու դեպքում ցանկալի է հատուկ լողագլխարկ դնել: Ի դեպ, պրոֆեսիոնալ լողորդները բացառապես սիլիկոնե գլխարկ են դնում: Որակյալ աքսեսուարները էժան չեն, սակայն այնքան կիպ են նստում, որ բացառում են ջրի շփումը մազերի հետ: Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մազերի խնամքի պարագաներ կիրառել, դրանց կառուցվածքը վերականգնելու համար: Խորհուրդ է տրվում մինչև լողավազան մտնելն ու դուրս գալուց հետո ինտիմ կոսմետիկա գելեր ու ցողաշիթեր կիրառել` անհրաժեշտ հակասեպտիկ պաշտպանություն ու լորձաթաղանթների խոնավություն ապահովելու նպատակով: Անմիջապես լողավազանում սեռավարակներով վարակվելը գործնականում բացառվում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում: Ավելին, քլորացված ջրում ոչնչանում են բոլոր մանրէները: Մասնագետներն ասում են, որ վարակման համար լորձաթաղանթի տրորման «էֆեկտ» պետք է լինի, ընդ որում ախտածին մանրէի խտությունը պետք է մեծ լինի, ինչը նույնպես քլորացված ջրում գրեթե բացառվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ