Այսօր Հայաստանի հայտնի բլոգերներից` Kamo Blog-ի հիմնադիր Կամո Թովմասյանը  Facebook-ի իր էջում անդրադառնալով  Հայաստանում առաջին անգամ անցկացված «Pool Party»-ի մասին կայքերում հայտնված հրապարակմանը` գրառում է կատարել, թե  հայկական ԶԼՄ-ները, ՀՀ Կառավարության կազմում առկա որոշ «պեդոֆիլ նախարարների» թեման թողած` գրում են հայկական փարթիների և դրանց մասնակիցների մասին:

Asekose.am-ը կապվել է բլոգերի հետ` հստակեցնելու համար, թե կոնկրետ ում նկատի ունի բլոգերը` «պեդոֆիլ նախարար(ներ)» ասելով: Վերջինս մեզ պատասխանել է, որ իր ֆեյսբուքյան ստատուսներն ինքը քննարկում է միայն ընկերների հետ և հարկ չի համարում դրանք մեկնաբանել ԶԼՄ-ների համար:

Ու չնայած Կամո Թովմասյանը չի ցանկացել ԶԼՄ-ներին մեկնաբանել իր գրառումը, անմիջապես «մեկնաբանել» է մեր զանգն ու  թողել ֆեյսբուքյան հերթական  ստատուսը.

« Խնդրեմ. Հենց նոր զանգահարեցին մի կայքից և ասացին, որ մեկնաբանեմ իմ ֆեյսբուքյան ստատուսը: Ես էլ ասացի` չեմ հասկանում` իմ ընկերների հետ խոսում, քննարկում ենք, ինչու՞ եք ամեն ստատուսի մասին նյութ գրում»,-գրել է նա:

Հարկ է նկատել, որ  սոցցանցում յուրաքանչյուր ստատուս(անկախ դա գրված լինի ընկերների համար, թե անծանոթների) ակամայից դառնում է հանրության «սեփականությունը»` մանավանդ , երբ  մեղադրանք արտահայտողը  քիչ թե շատ հայտնի մարդ է  ու գրառումը  բողոք է պարունակում ԶԼՄ-ների հասցեին, որոնք , ինչպես նշում է Կամո Թովմասյանը, թողած  «պեդոֆիլ նախարարներին», գրում են    հայկական փարթիների ու դրանց մասնակիցների մասին:

Նշենք նաև, որ  Asekose.am -ը փորձել է «պեդոֆիլ նախարարների» հարցն արծարծող ստատուսի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն այստեղից մեզ պատասխանել են, որ իրենք նմանատիպ  գրառումները հարկ չեն համարում մեկնաբանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել